Եվ
որպես կանոն, իրենց ետեւից թողնում «վառ հիշողություններ» Գյումրիի փողոցներում
«Լինսի» հիմնադրամը սկսել է իր աշխատանքից հետո մնացած թերությունները վերացնել:
Այժմ հիմնադրամի միջոցներով ասֆալտապատված փողոցների փոսերը «կարկատում» են, լցնում
մազաճաքերը: Սակայն մեծ արագությամբ ջրմուղն ու էլցանցը սկսել են նույն փողոցները
քանդել կամ, ինչպես կասեին գյումրեցիները՝ «քանդակել»: Պատճառը հասկանալի է. մինչ
օրս Գյումրիում ոչ ջրմուղը, ոչ էլցանցը ներդրումներ չեն կատարել ու փտած ջրագծերը
կամ էլ, ասենք, մի կերպ կցմցված, «Նոյի թվի» մալուխները փոխելու ուղղությամբ մատը
մատին չեն խփել: Չնայած երբեմն թե՛ մեկի, թե՛ մյուսի տնօրեններն իրենց թույլ են տալիս
մեղքը բարդել բնակիչների վրա՝ լրագրողներին որպես պարզաբանում տալով ձանձրալի ու
շաբլոն հետեւյալ պատասխանը. «Երկրաշարժից հետո ով որտեղ ասես՝ տնակ է տեղադրել՝ հաշվի
չառնելով այդտեղից անցնող կաբելները» կամ էլ «Ով որտեղից ասես՝ ջուր է բերել»: Սա
է մարդկանց ջրազուրկ լինելու կամ էլ տարին տասներկու ամիս լույսի անջատումների տհաճ
«անակնկալների» արդարացումը: Բայց, այնուամենայնիվ, ըստ գյումրեցիների, եթե
հիշյալ կառույցները «սխալվում» ու իրենց բողոքներին արձագանքում են, գալիս են վթարները
վերացնելու, ապա պարտադիր մի «վառ հիշողություն» թողնում են որպես իրենց կատարած
գործի փաստացի ապացույց: Ավելի կոնկրետ՝ «վերականգնողական աշխատանքի» «գլուխգործոցների»
կարելի է հանդիպել Գորկու, Մանուշյան, Ջիվանու փողոցներում (5-րդ երաժշտական դպրոցի
հարեւանությամբ, կամ էլ Կոշտոյան 5 ա շենքի բակում): Ասֆալտ «քջջելու» ու ցիրուցան
թողնելու մի փորձ էլ անկասկած նախապատրաստվում է քաղաքի ամենակենտրոնական մասում՝
«Հայէկոնոմբանկի» դեմ- դիմաց, որտեղ դեռ ջրմուղը չի հասցրել իր փորած փոսը ծածկել,
վթարի հետեւանքով հոսող ջրերն էլ քաղաքի ծայրամաս են հասել: Իհարկե, գյումրեցիները,
վթարների վերացումը համարելով մեծ լավություն, կսահմանափակվեին վերոհիշյալ կառույցներին
շնորհակալություն հայտնելով ու «ծպտուն չէին հանի», եթե այլ տիպի նյութական վնասներ
չկրեին, ասենք, օրումեջ չվազեին կոշկակարի կրպակ: Գյումրեցիներին, այնուամենայնիվ,
հետաքրքրում է՝ ո՞վ է պատասխանատու հիշյալ կառույցների «փնթի» գործելակերպի համար:
Օրինակ, Մանուշյան փողոցի որոշ բնակիչներ վկայում են, որ իրենց թաղում փոսերը երբեք
չեն ծածկվում, թեեւ, ըստ նրանց, «ծածկեն էլ, մեկ է՝ երկրորդ օրը էլի պիտի փորեն,
մի հատ անձրեւ եկավ, էլի կաբելները կկտրվեն»: Մինչդեռ հիշյալ թաղի բնակիչները ժամանակից
շուտ էին ուրախացել՝ թե «Լինսին իրենց դռներով էլ անցավ»: Նկատի ունենալով
այն հանգամանքը, որ ջրմուղն ու էլցանցը ասֆալտապատող կառույցներ չեն, փորձեցինք քաղաքապետարանից
ճշտել բնակիչներին անհանգստացնող խնդիրը: Միգուցե սա քաղաքապետարանի՞ սուրբ պարտքն
է: Այստեղից պատասխանեցին. «Իրանք փորեն՝ մենք մեր փողերով սարքե՞նք»: Ըստ քաղաքապետարանի,
եթե քաղաքին վնաս են տվել, ուրեմն պիտի փոխհատուցեն: Նախորդ տարիներին թե ջրմուղը,
թե էլցանցը իրենց բյուջեից գումարներ են տրամադրել քաղաքապետարանին, որն էլ փորձել
է թերությունները վերացնել: Սակայն ներկա պահին գումարները դեռեւս փոխանցված չեն:
Ավելին, ճշտվում է, թե որ գլուխգործոցը որի հեղինակային գործն է: Իսկ եթե հիշյալ
կառույցները պատահաբար իրենց կատարածից հրաժարվե՞ն: Մեր այս դիտարկմանը քաղաքապետարանում
պատասխանեցին. «Միեւնույն է՝ մենք մեր բյուջեից ուրիշների փչացրածի համար գումար
չենք նախատեսել եւ չենք նախատեսելու»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱյս
խնդիրն արդիական է նրանով, որ այն առկա է նաեւ Երեւանում: Եվ ակնհայտ է, որ եթե ներդրումներ
կատարված լինեին, ցանցերը նորացված լինեին, փողոցներն այդքան հաճախակի «փորելու»
կարիք չէր առաջանա: Գուցե ջրմուղն ու էլցանցը ինչ-որ փաստաթղթերով հիմնավորեն, թե
ցանցերը նորացնելու նպատակով ներդրումներ են կատարել: Սակայն արդյունքը, դատելով
այս երկու կարեւոր ոլորտների սպասարկման որակից, ծառայությունների մակարդակից, կամ
հենց փողոցներից, մասնավորապես գյումրեցիների համար զրոյական է: Ուստի Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովը, որը վերջերս է այդ տարածաշրջանում ջրի գինը բարձրացնելու
համաձայնություն տվել, պետք է վերահսկողության առումով ավելի ուշադիր եւ պահանջկոտ
լինի: