ԿԱՆՉԵՑԻՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Արամ Կարապետյանին հրավիրել են Երեւան քաղաքի դատախազություն՝ «ՀՀ օրենսդրության
պահանջները խախտելու կապակցությամբ»՝ ձեւակերպված է քաղաքի դատախազի ավագ օգնական
Վ. Մուրադյանի կողմից ստորագրված ծանուցագրում: Առավոտյան ժամը 11-14-ը պարոն Կարապետյանը
գտնվել է դատախազությունում: Ավելի ուշ Արամ Կարապետյանի հետ զրույցից պարզ
դարձավ, որ նրան հրավիրել էին նախազգուշացնելու, որ «եթե շարունակեք հեղափոխության
մասին հակասահմանադրական կոչերը՝ կկիրառվեն դատախազական ավելի խիստ միջոցներ»: Թալինի
եւ Սեւանի դեպքերի մասին խոսք անգամ չի եղել: «Իսկապե՞ս չեք վախենում նստելուց»,-
նաեւ այսպիսի հարց է ուղղվել ՆԺ ղեկավարին: Ի դեպ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ
ԱԱԾ աշխատակից: «Ես որեւէ բանից չեմ վախենում, ես թավշյա հեղափոխությունների կողմնակից
եմ, դեմ եմ ղրղզական տարբերակին եւ տեր եմ իմ բոլոր ասածներին»,- այսպիսի ամփոփ պատասխաններ
է ներկայացրել Արամ Կարապետյանը իրեն ուղղված հարցերին, որոնք միտված են եղել ճշտելու,
թե ի՞նչ է հասկանում Արամ Կարապետյանը՝ ասելով հեղափոխություն, բարիկադ եւ այլն:
«Քրեական գործ հարուցված չէ, բայց գործի քննություն է գնում»,- «Առավոտին» ասաց ՆԺ
ղեկավարը: Իսկ այս ամենին պարոն Կարապետյանի վերաբերմունքը հետեւյալն է. «Փորձ է
արվում ցույց տալ, որ իշխանությունը վճռական է տրամադրված մեր հանդեպ. իմացանք պաշտոնապես՝
հետո՞»: Մի հարց էլ Ա. Կարապետյանն է ունեցել քննիչին. «Մինչ օրս մեր կուսակցությունը
չարտոնված որեւէ քայլ արե՞լ է»: «Անդուր վիճակի մեջ ընկան»,- այսպես նկարագրեց իր
հարցից հետո առաջացած իրավիճակը ՆԺ ղեկավարը: Ի դեպ, երեկ ՆԺ կուսակցությունը
մի գրություն է ստացել Սեւանի ոստիկանությունից, որում հարցում է կատարվում, թե «Սեւանի
մշակույթի պալատին հարող տարածքում ապրիլի 20-ին տեղի ունեցած արտոնված հավաքի ժամանակ
Ձեր կուսակցության քանի՞ անդամներ են ժամանել Երեւանից»: Հիշեցնենք նաեւ,
որ նախորդ օրը հանրապետական ոստիկանությունը այդ հանդիպումը չարտոնված էր որակել:
Ն. Գ.