Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՈՒՈՒԱՄ-ը գրոհում է

Ապրիլ 23,2005 00:00

ՎՈՒՈՒԱՄ-ը
գրոհում է «Մենք հաղթել ենք մեր հակառակորդներին Վրաստանում,
Ուկրաինայում եւ Ղրղըզստանում: Սակայն մեր ցուցակում կա եւս մի երկիր, որի անունն
այժմ ես չեմ տա: Այդ մասին կխոսեմ միայն ՎՈւՈւԱՄ-ի՝ Քիշնեւում կայանալիք գագաթաժողովին»,-
օրեր առաջ հայտարարել էր Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին: ՎՈւՈւԱՄ-ի գագաթաժողովը,
որին մասնակցում են Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի նախագահները (բացակայում է
միայն Ուզբեկստանի նախագահը), երեկ մեկնարկել է: Տակավին հայտնի չէ, թե իր խոստման
համաձայն հատկապես որ երկրի անունն է հնչեցրել Սահակաշվիլին, թեեւ շատերի կարծիքով
դա Բելառուսն է, բայց մի բան ակնհայտ է. ՎՈւՈւԱՄ-ի ընթացիկ գագաթաժողովը թե կազմակերպական,
թե ներկայացուցչական, թե քննարկվելիք հարցերի ընդգրկման առումով աննախադեպ է եւ ունի
ընդգծված հակառուսական ուղղվածություն: Ըստ որոշ կարծիքների, հավանաբար հենց այդ
հանգամանքն էլ Քարիմովին ետ է պահել մասնակցությունից: ՎՈւՈւԱՄ մնացյալ անդամները,
որոնք արդեն, պատկերավոր ասած, այրել են դեպի ռուսական ազդեցություն տանող բոլոր
կամուրջները, առավել վստահ են իրենց գործողություններում: Անգամ կարծիքներ կան, որ
Քիշնեւում ընթացող այս միջոցառումը շրջադարձային դեր կունենա ԱՊՀ կազմալուծման եւ
հետխորհրդային տարածքում նոր քաղաքական «աշխարհագրության» ձեւավորման հարցում: Հարկ
է նկատել, որ Քիշնեւում սպասվող բարձրաստիճան հյուրերի ցանկը բավական տպավորիչ է:
Դրանում նշված են Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Հունգարիայի եւ Լեհաստանի նախագահների
անունները: Պատվիրակներ են սպասվում նաեւ ԵՄ-ից եւ ԱՄՆ Պետդեպից: Ակնհայտ է, որ հյուրերի
վերը բերված կազմի ընտրությունն իսկ Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չի խոստանում:
Մինչդեռ, ընդհանուր գծերով հայտնի է նաեւ հարցերի բավականաչափ պերճախոս շրջանակը,
որը դառնալու է ՎՈւՈւԱՄ գագաթաժողովի քննարկման առարկա: Թերեւս արձանագրենք միայն,
որ ի թիվս աշխարհաքաղաքական համագործակցությանն առնչվող հիմնախնդիրների՝ մասնակիցները
մտադիր են քննության առնել նաեւ ԱՊՀ տարածքում առկա, այդ թվում՝ Մերձդնեստրի, աբխազական,
հարավօսական եւ ԼՂ հակամարտությունները: Նկատենք, որ սրանք հենց այն հարցերն են,
որոնց լուծման հնարավորությունը, ոչ առանց հիմքի, ավանդաբար կապվում է Կրեմլի քաղաքական
կամքի հետ: Ու եթե այդ հակամարտությունները քննարկվում են բոլորովին նոր ֆորմատով,
այսինքն՝ Ռուսաստանի բացակայությամբ, դա, փաստորեն, Մոսկվային հասցեագրված շատ թափանցիկ
ակնարկ է՝ վերջինիս անցանկալի դերակատարության մասին: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել