Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանաձեւը չի ստացվել

Ապրիլ 23,2005 00:00

Մենք արդեն գրել ենք, որ Ադրբեջանում բավականին աղմկոտ է անցել ԵՄ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպումը:

Այստեղ պատրաստվում էր համապատասխան բան
աձեւ, որը ապրիլի 13-14-ին Հայաստանի մասով կազմվեց Ստրասբուրգում, եւ, որի մասին խոսելով, մեր պատգամավորները հայտարարեցին, որ բանաձեւը Հայաստանի մասով շատ շահեկան է: Բաքվում ԵՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ քննարկվում էր բանաձեւը, ադրբեջանցի պատգամավոր Սիրուզ Թեբրիզլին զգացմունքային ելույթից հետո դուրս է եկել դահլիճից՝ ըստ էության խանգարելով բանաձեւի վերջնական տեսքի ձեւավորմանը: 24 կետից բաղկացած բանաձեւում պատգամավորը փորձել է ընդգրկել նաեւ մի կետ, որը մոտավորապես ձեւակերպված էր այսպես՝ Հայաստանը պետք է ճանաչել ագրեսոր եւ պետք է հրահանգել հայկական կողմին իր զորքերը դուրս բերել «գրավյալ», իսկ իրականում՝ ազատագրված տարածքներից: ԵՄ խորհրդարանի ներկայացուցիչ, ֆրանսուհի Անն-Մարի Բեգինը կտրուկ իր անհամաձայնությունն է հայտնել վերոհիշյալի կապակցությամբ, որից հետո տիկին Թեբրիզլին լքել է դահլիճը: Ըստ էության, առայժմ բանաձեւը Ադրբեջանի մասով ամբողջությամբ պատրաստ չէ: Ընդհանրապես, ԵՄ ներկայացուցիչները բավականին կոշտ են արտահայտվել ադրբեջանական կողմի որոշ պնդումների նկատմամբ: Թուրքիայի մասով հայտարարվել է. «Նույնիսկ մեկ րոպեով անհնարին է պատկերացնել, որ Եվրամիության սահմանները կփակվեն որեւէ հարեւան երկրի կողմից, կամ՝ ԵՄ անդամ կարող է դառնալ մի երկիր, որը չի պահպանում ժողովրդավարական արժեքները»:

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանին հարցրինք այս ամենի հնարավոր հետեւանքների մասին: Մեկնաբանելով կատարվածը՝ պրն Ռուստամյանն ասաց. «Կարծում եմ, ադրբեջանցիները չէին սպասում, որ մեր հանդիպումները Ստրասբուրգում մեզ համար կլինեն այսքան շահեկան, որովհետեւ դրանք անցել են բուռն քննարկումներով, եւ մենք մանրամասն եւ սպառիչ պատասխանել ենք ԵՄ ներկայացուցիչներին եւ կարողացել նրանց համոզիչ փաստեր ներկայացնել: Մեր մասով նիստը Ստրասբուրգում հիմնական ուշադրություն դարձրեց Ղարաբաղի խնդրին, քանի որ գրեթե բոլոր պատգամավորներն ավելի շատ հետաքրքրված էին դրանով: Այդ առումով մեր մոտեցումները եւս նրանց հետաքրքրեցին, եւ մենք կարողացանք դրանք համոզիչ ներկայացնել»: Արմեն Ռուստամյանի կարծիքով, ԵՄ կողմից կան հիմնական պահանջներ, որոնք համահունչ են մեր դիրքորոշմանը. «Մենք ներկայացրինք, որ այսօր որոշ բանաձեւերում տեղ են գտնում ձեւակերպումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, հանդիսանում են ադրբեջանական քարոզչության արդյունք եւ միանգամից օգտագործվում են Ադրբեջանում, որտեղ էլ սկսվում է հերթական ռազմական հիստերիան: Եվ իրենք սա հասկանալով, պետք է շատ զգույշ լինեն նման հայտարարություններում, որովհետեւ ադրբեջանական կողմն անմիջապես դա օգտագործում է»: Ադրբեջանում կատարվածը, ըստ Արմեն Ռուստամյանի, ապացուցում է, որ հայ պատգամավորներն այս մասով շատ ավելի լավ են աշխատել, եւ մեր փաստարկներն ավելի համոզիչ էին:

ՄԱԿ խմբակցության քարտուղար, ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի անդամ Գրիգոր Ղոնջեյանը առայժմ կտրուկ գնահատականներ չտվեց՝ ասելով, որ կսպասի ադրբեջանական կողմի մասով բանաձեւին, սակայն միանշանակ ողջունելի համարեց տիկին Բեգինի սթափ դիրքորոշումը. «Մենք ողջունում ենք, որ համանախագահողը սթափ եւ հավասարակշռված դիրքորոշում ունի»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել