Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց գործը ուրիշի վրա են գցում»

Ապրիլ 22,2005 00:00

«Իրենց գործը ուրիշի վրա են գցում» Երեկ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը որքան էլ ջանաց՝ չկարողացավ համակարգի մասնագետներին համախմբել իր վերջին «գաղափարների» շուրջ՝ կապված նոր բժշկական պալատ կամ խորհուրդ ստեղծելու հետ: Ըստ նրա, այդ մարմինը պետք է հիմնականում պաշտպանի բուժաշխատողների իրավունքները, քննարկի էթիկայի նորմերի խախտումներն ու հիվանդների բողոքները, կատարի բժիշկների լիցենզավորում, հաշվառում եւ այլն: Մեծ հաշվով՝ այդ պալատը պետք է բարելավի բուժօգնության որակը, բայց թե ինչ մեխանիզմներով՝ պարոն փոխնախարարն ինքն էլ չէր պատկերացնում. «Ես լուծումներ չեմ տալիս, ես միայն առաջարկում եմ գաղափարներ, խնդրեմ, քննարկենք, բոլորով որոշենք, թե այդ աշխատանքներն ինչպես պետք է կարգավորվեն»: Իր առաջարկները հիմնավորելու համար պարոն Հակոբյանը նույնիսկ մեջբերեց Լեհաստանի, Հունգարիայի եւ Չեխիայի փորձը. «Օրինակ, Չեխիայում այդ պալատի գործառույթները չափազանց մեծ են. մասնակցում են բժշկական ստանդարտների եւ նորմերի մշակմանը, դեղերի գների կարգավորմանը: Ավստրալիայում նույնիսկ մասնակցում են ուսումնական հաստատությունների հավատարմագրմանը»: Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի նոր մարմնի ստեղծումը, եթե դրա գործառույթները նախարարությունը պետք է աներ, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Խոսքը մասնագիտական գործունեության մասին է, դա ոչ նախարարության վրա է, ոչ՝ տակը, ոչ էլ որեւէ այլ տեղ»: Հաշվի առնելով քննարկման մասնակիցների արտահայտած զարմանքն ու հարցերը՝ ստեղծվելիք պալատի մասին, կարելի էր ենթադրել, որ շատերն անգամ չէին էլ հասկացել, թե ինչի մասին է խոսքը ու առհասարակ ինչո՞վ է զբաղվելու պալատը: Այդ մասին է վկայում եւ այն, որ մի շարք ՀԿ-ների եւ ասոցիացիաների անդամներ չկարողացան քննարկման թեմայի վերաբերյալ որեւէ կարծիք արտահայտել՝ պատճառաբանելով, թե «դեռ գլխի չեն ընկնում՝ ինչի մասին են խոսում»: Ասոցիացիայի նախագահները միայն անհանգստացած էին, որ իրենք հնարավոր է մտնեն մի օտար մարմնի ենթակայության տակ, ինչին փոխնախարարը պատասխանեց. «Մի՛ անհանգստացեք, դրանք կարող են գործել պալատում՝ առանձին կոմիտեներով ու մասնագիտական խմբերով: Բացի այդ, ասոցիացիաները մեծ դերակատարում կունենան որոշումների կայացման գործում»: Բժշկական տեխնոլոգիաների եւ փորձաքննության կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը թեեւ կողմ էր բժշկական պալատի ստեղծմանը, բայց նշեց, որ շատ դեպքերում մտավոր ռեսուրսներ ու միլիարդներ են ծախսվում, միայն սուբյեկտիվ գործոնների պայմաններում ինչ-որ որոշումներ են կայացվում, մի քանի տարի հետո գլխի են ընկնում, որ սխալ էր, անցնում են մեկ այլ որոշման. «արդյունքում՝ ստեղծվում է համընդհանուր դիսպանսերացում: Վաղը կարող է մեզ էլ քննադատեն կատարված օպտիմիզացիայի առումով, որ թմբուկները խփեցինք, հետո ամեն ինչ սխալ դուրս եկավ»: Գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանի կարծիքով, բոլորովին իմաստ չունի նախարարության գործունեությունը կրկնել մեկ այլ հարթության վրա. «Ավելի լավ չէ՞, որ նախարարությունը կարգավորեն, թե չէ այն նույն գործառույթները, որոնք տարիներով դրել-վերցրել են ու չեն կատարել, հիմա մեկ այլ մարմնի վրա են գցում»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել