Նոր եկեղեցի՝ ԱՄՆ-ում Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում բացվել է հայկական նոր եկեղեցի: 2,5 մլն բնակչություն ունեցող Շարլոտը, Նյու Յորքից հետո, երկրորդ խոշոր բանկային կենտրոնն է ԱՄՆ-ում: Այստեղ ապրում է մոտ 360 հայ ընտանիք: «Դեռեւս մեկ տարի առաջ համայնքը սաղմնային վիճակում էր,- պատմում է Հյուսիսային Կարոլինայի Հիկորի քաղաքի կաթոլիկ եկեղեցու երաժշտական ծրագրերի ղեկավար Արմեն Հարեյանը:- Մի քանի նախանձախնդիր հայերի շնորհիվ այն կամաց-կամաց զարգանում է: Պիտք է նշել բեյրութահայ Լենա Նոյի անունը, որը մի քանի նվիրյալների հետ հեռախոսագրքի միջոցով գտել է Շարլոտում ցրված հայերին եւ հիմք դրել գործուն, զորացող համայնքի, որն իր հանգանակած գումարով գնել է հողատարածք՝ հայկական եկեղեցի կառուցելու համար»: Մինչ այդ, ամիսը մեկ անգամ Շարլոտ այցելող քահանան պատարագ էր մատուցում վարձակալված անգլիկյան մի փոքրիկ եկեղեցում: Հայ համայնքը միավորող եկեղեցու կառուցումը կարեւորելով, առաջնորդարանը ֆիլադելֆիացի բարերարի՝ ի հիշատակ մոր նվիրաբերած $1,7 միլիոնը հատկացնում է Շարլոտին: Եկեղեցին արդեն կառուցված է, հունիսին կավարտվի եկեղեցու ամբողջական կահավորումը: «Ես՝ որպես կիսասարկավագ, ծառայում եմ եկեղեցու խորանում,- պատմում է Ա. Հարեյանը,- եւ ինձ համարում այդ համայնքի անդամ, քանի որ Հիկորիում, ուր ապրում եմ իմ ընտանիքի հետ, մենք միակ հայերն ենք: Շարլոտ հասնելու համար պետք է անցնել 90 կմ: Գնում ենք, որովհետեւ մեր հայրենակիցների հետ շփման պահանջ կա: Չնայած իմ աշխատանքը Հիկորիում շատ ժամանակ է խլում: Ղեկավարում եմ եկեղեցում գործող յոթ երգչախումբ՝ յուրաքանչյուրում 20 մարդ: Երգիչների 95 տոկոսը նոտա չգիտի, պարզապես նրանք կամավոր, անվճար մասնակցում են պատարագներին, մեկ օրում՝ 5 պատարագ, նվիրաբերելով իրենց ժամանակը՝ քրիստոնյային վայել սիրով ու անմնացորդ»: Համայնքում 2000 քրիստոնյա ընտանիք կա: Բոլորը ներկա են լինում պատարագին: Եկեղեցու երգչախումբը հաճախ է ելույթներ ունենում տարբեր երկրներում: «Երկու շաբաթ առաջ Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի ունեցած երգչախմբային երաժշտության փառատոնում հոգեւոր երաժշտության կարգում գրավեցինք 3-րդ տեղը: Մարդիկ իմացան, որ երգչախմբի ղեկավարը հայ է եւ ես ուրախ եմ դրա համար»,- ասաց Արմեն Հարեյանը: Երգչախումբը Հռոմի Պապի մահվան կիրակի օրը պատարագ է մատուցել Ֆլորենցիայի մայր տաճարում, որը հայտնի է իր զարմանալի ակուստիկայով: Այնտեղ ձայնը տատանվում է մինչեւ 8 վրկ: Այդ հրաշալի տաճարը կառուցվել է 15-րդ դարում՝ հիմք դնելով Վերածննդի դարաշրջանին: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ