Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌՆ ԱՄԵՆՔԻՆՆ Է ՀԱՎԱՍԱՐ

Ապրիլ 22,2005 00:00

ԾԱՌՆ ԱՄԵՆՔԻՆՆ Է ՀԱՎԱՍԱՐ Եթե նույնիսկ այն գտնվում է սեփական տարածքում Այն մասին, որ նույնիսկ սեփականության իրավունքով ձեռք բերված հողակտորում առկա ծառերը սեփականատերը կտրելու իրավունք չունի, քանի դեռ չի ստացել քաղաքային իշխանությունների դենդրոլոգ մասնագետների թույլտվությունը, սեփականատերերը հիմնականում տեղյակ չեն: Հողի սեփականության կամ այլ փաստաթղթերում, քաղաքապետի որոշումից սկսած, դրա մասին ոչինչ չի գրված: Աճուրդային փաստաթղթերը ձեւակերպելիս մրցույթի մասնակիցները բանկային հաշվեհամարին փոխանցում են որոշակի գումար եւ դրանով տարածքն օգտագործելու մասին նրանց «բնապահպանական» պատկերացումներն ամբողջանում են: Տրամաբանական է, որ սեփականատերը, իր քմահաճույքով տարածքն օգտագործելիս, կարող է եւ կտրել բազմամյա, բայց իր նպատակներին խանգարող ծառը: Համենայնդեպս, այդպիսին է սեփականատիրոջ հոգեբանությունը՝ «իմ տարածքն է, ինչ ուզեմ՝ կանեմ»: Զուր է սպասել, որ որեւէ մեկը կմտածի այն մասին, թե քաղաքը գնալով զրկվում է թթվածնից, թե համատարած շինարարության պայմաններում որքան է ծանրացել հատկապես Երեւանի էկոլոգիայի խնդիրը եւ յուրաքանչյուր չափահաս ծառից զրկվելը ինչքան թանկ է արժենում մեր՝ բնակիչներիս առողջությանը: Յուրաքանչյուր սեփականատեր առաջին հերթին մտածում է սեփականության իրավունքի ոտնահարման մասին, որովհետեւ ստացվում է, որ թույլ չեն տալիս ազատ տնօրինել իր տարածքը: Եթե նույնիսկ հասարակության շահի մասին մտածելու ընդունակ էլ լինեն՝ կանաչ գոտու պահպանության կարեւորության մասին ժամանակին բացատրող ու զգուշացնող չկա: Ասել է թե՝ ծառահատումների դեմ պայքարը թույլ է, եւ մեղավորները միայն ծառ կտրողները չեն: Նման դեպքերը շատ են եւ, որպես կանոն, արդեն կտրելուց հետո միայն հայտնվում են թաղապետարանների կամ քաղաքապետարանի դենդրոլոգները, ակտ կազմում եւ հանձնում իրավապահներին: Մեզ հայտնի դեպքերում գործն ավարտվել է վարչական տույժերով ու «մաղարիչներով»: Ընդ որում, երկուսն էլ բավականին «թանկ արժեն»: Բայց խնդիրը դրանով չի լուծվում, որովհետեւ հողերի մասնավորեցումը շարունակվում է, գնորդներն էլ վերավաճառում են, եւ տրամաբանական է, որ յուրաքանչյուր նոր սեփականատեր տարածքն օգտագործելու իր պատկերացումներին համապատասխան պետք է վերաձեւի հողակտորը՝ կրկին կանգնելով նույն խնդրի առջեւ. կամ ճյուղ առ ճյուղ կտրելով աննկատ «ազատվել» խանգարող ծառերից, կամ էլ՝ ենթարկվել վարչական տույժի, ու դեռ հետագայում նույն քանակով ծառ տնկել: Երկու դեպքում էլ քաղաքը զրկվում է թթվածնից: Մեզ հայտնի խոշոր ծառահատման վերջին դեպքը անցյալ շաբաթ էր՝ Նորքի Ա. Արմենակյան փողոցի բնակիչ Ա. Հակոբյանը աճուրդով գնած իր տարածքում կտրել էր 25 տարեկան 13 հասուն դեկորատիվ ծառ: Հատումը կատարվել է գիշերը, հավանաբար՝ ավելորդ աչք-ականջից ու սպասվող գլխացավանքից խուսափելու համար: Բայց՝ չի հաջողվել. հաջորդ օրն արդեն, Նորքի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Հայկազ Հակոբյանի ահազանգով, Կենտրոնի ոստիկանությունից ժամանել եւ պատասխանատվության են կանչել Ա. Հակոբյանին: Գործն այժմ իրավապահների վարույթում է: Ծառահատողին սպառնում է միլիոնների (դրամով) հասնող տուգանք եւ նույնիսկ ազատազրկում՝ մինչեւ 3 տարով: Սակայն արդեն պարզ է, որ, ինչպես եւ նախորդ նմանատիպ դեպքերում, վարչական տույժը կմեղմացնեն՝ որոշակի գումարի մեջ սահմանափակվելով: Իսկ ծառահատողը նաեւ կարդարանա, թե՝ «ես ի՞նչ իմանայի, որ իմ տարածքում ինձ խանգարող ծառը չեմ կարող կտրել»: Սա ոչ թե գուշակություն է, այլ, ինչպես արդեն ասացինք, այդպես եղել է մինչ օրս ու դեռ այդպես էլ կշարունակվի, քանի դեռ ծառապատ հողամասը ձեռք բերելիս սեփականատիրոջը պատշաճ չեն տեղեկացրել, ինչո՞ւ չէ, նաեւ՝ պարտավորեցրել, որ «ծառն ամենքինն է հավասար» ու հասուն ծառ կտրել չի կարելի, ինչպիսի «գունավոր» նպատակի էլ այն խանգարի: Ի դեպ, մեր բարձրացրած հարցին համաձայն էր նաեւ Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը: Համաձայն էր նաեւ, որ «այս ուղղությամբ պետք է մտածվի»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել