Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ՝

Ապրիլ 22,2005 00:00

ՈՉ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ Անկախ այն բանից, թե ով է բռնությունների հեղինակը Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում շարունակվեց նախորդ օրը սկսված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» համաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ եւ ջերմ ընդունելության արժանացավ Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան: Նրա խոսքերով՝ «Եթե որեւէ մեկը մոռանա ցեղասպանությունը, մարդկանց տառապանքը, ապա Աստված կմոռանա բոլորին»։ Պարոն Վալենսան գտնում էր, որ «հայ ժողովրդի պահանջը՝ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու համար նախապայման դնել Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, արդար է»: ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանն իր ելույթում նշեց. «Ովքեր տեղյակ են մեր պատմությանը, չեն հարցնի, թե ինչու այդքան շատ հայ է ապրում իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս։ Պատմությունն այդ հարցին պատասխանել է 90 եւ ավելի տարի առաջ։ Սակայն պետությունը, որ իրագործել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ներկայումս բարձրագոչ հայտարարում է եվրոպական ու համամարդկային արժեքներին իր նվիրվածության մասին եւ մինչ օրս չի ապաշխարել այդ հանցագործության համար։ Ավելին, նա հիմա լկտի փորձեր է ձեռնարկում՝ միջազգային հանրությանը համոզելու օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Իսկ մի՞թե դրանով չէ թելադրված Ադրբեջանի ձգտումը՝ Թուրքիային հատուկ դեր տրամադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում։ Ի՞նչ, եթե ոչ՝ պերմանենտ ցեղասպանության քաղաքականություն պետք է համարել Ադրբեջանի կազմավորման պահից ի վեր նրա ղեկավարության վերաբերմունքն այդ հանրապետության հայ բնակչության նկատմամբ»: ԱՄՆ Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրությունների ղեկավար, պրոֆեսոր Վահագն Դադրյանն իր զեկույցում հիմնականում անդրադառնում էր անպատժելիությանը՝ որպես ցեղասպանության գործոնի: Սակայն նա նաեւ մանրամասն եւ օրինակներով խոսեց տարբեր ժամանակներում՝ սկսած 1918-ից, թուրք պատմաբանների, գիտնականների եւ անգամ որոշ քաղաքական գործիչների, սենատորների՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու փաստերի մասին: Վ. Դադրյանը վստահ էր, որ ցեղասպանությունն ընդունելու կամ ժխտելու մեջ դերակատարում ունի նաեւ ցեղասպանությանը հաջորդած իրավիճակը. «Օրինակ, եթե նացիստները հաղթեին, վստահաբար նրանք կասեին՝ ի՜նչ Հոլոքոստ, ինչ բան, սուտ եք ասում, նման բան չի եղել: Նույնը Թուրքիան է անում: Եվ եթե հիմա նա կանչում է Հայաստանին երկխոսության, նա պիտի ստիպի մեզ փոխզիջումների գնալ եւ ճշմարտությունը զիջել ուժին: Ես շատ հոռետես եմ այս հարցում, քանի որ չգիտեմ պատմության մեջ որեւէ հանցավոր խումբ, որը, ուժեղ մնալով ու չպարտվելով, ընդունի իր մեղքը»: Հաջորդ բանախոսը՝ բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Թորփին նկատեց, որ կան ժխտման տարբեր ձեւեր: Եվ բոլոր այն պետությունները, որ արել են այդ հրեշագործությունը, միշտ փորձել են ժխտել՝ Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան: Իսկ ժխտումը տարբեր դեմքեր ունի. «Շատ հաճախ չեն էլ ասում՝ նման բան չի եղել, այլ ասում են՝ ստիպված էինք, կամ հակակշռում են՝ մենք էլ ենք զոհ տվել, կամ նույնիսկ՝ այո, շատ մարդիկ են մահացել, բայց դա ցեղասպանություն չէր: Սակայն, անկախ ձեւերից, այդ բոլորը ժխտման եւ հրաժարման տեսակներ են»: Իսկ ահա Կլեմոնտի համալսարանի պրոֆեսոր Էլազար Բարքանը իրավացիորեն նշեց, որ «ցանկացած պարագայում, նույնիսկ, եթե չկա որեւէ քաղաքական դրդապատճառ, դժվար է սեփական մեղքը ճանաչել: Սակայն միայն հաղթահարելով այդ բարդույթը կարելի է ազատվել անցյալի ծանր լծից»: Բեռլինի Ֆրեյ համալսարանի դոկտոր Թեսսա Հոֆմանը երկու լուր ուներ՝ լավ եւ վատ: Լավն այն էր, որ Թուրքիան արդեն կորցրել է հսկողությունը, եւ շատ թուրք պատմաբաններ, չնայած հետապնդումներին, բարձրացնում են իրենց ձայնը՝ հանուն ճշմարտության: Իսկ վատ լուրն այն էր, որ Գերմանիայում նացիոնալ-քեմալիստական ուժերը լայն գործունեություն են սկսել ծավալել, եւ Գերմանիան շարունակում է նախկինի պես լռելյայն համաձայնել թուրքական իշխանությունների պահանջներին: «Ինչո՞ւ է Գերմանիան այդ դիրքը բռնել, ինչո՞ւ են մեր գիտնականները ինքնագրաքննությամբ զբաղվում եւ խուսափում ցեղասպանություն բառից»՝ հարցրեց Թեսսա Հոֆմանը եւ պատասխանեց՝ «Կարծում եմ այն պատճառով, որ Գերմանիան ուներ իր մասնակցությունն այդ ամենին՝ ե՛ւ հայերի ցեղասպանությանը, ե՛ւ Նամիբիայի, ե՛ւ հերերոների, ե՛ւ հրեաների…»: Եվ վերջում անդրադառնանք երեկվա թերեւս ամենակարեւոր ելույթներից մեկին: Կարճ զեկույցով երեկ հանդես եկավ նաեւ շվեյցարահայ լրագրող Վիգեն Չիթերյանը, որը Հայաստանում հիմնադրել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը: Վիգենը նախ նկատեց, որ ոչ թե ցեղասպանության մասնագետ է, այլ՝ լրագրող, եւ հիմնականում գրում է հակամարտությունների մասին: Ըստ Վիգենի, ցեղասպանությունն էլ պատերազմ է, բայց անհավասար կողմերի միջեւ. «Մի կողմից հզոր, զինված պետությունն է, մյուս կողմից՝ անզեն, անօգնական ազգությունը, էթնիկ խումբը: Այնպես որ, կարծում եմ՝ ցեղասպանության դեմ պայքարի լավագույն միջոցը պատերազմների, զինված հակամարտությունների դեմ պայքարն է»: Պետք է նշել, որ Վիգենի ելույթը տարբերվում էր մնացածներից, քանի որ նա խոսեց ոչ միայն Ռուանդայի, Հարավսլավիայի, հրեաների եւ մյուս հայտնի ցեղասպանությունների մասին, այլեւ նշելով, որ իշխանության գալով՝ միշտ չէ, որ զոհերը ճիշտ են իրենց պահում, հիշեցրեց Իսրայելում արաբների ջարդերի մասին, մի քանի անգամ անդրադարձավ Չեչնիայի, Աբխազիայի իրադարձություններին՝ հարուցելով ներկա ռուսաստանցիների, հրեաների զարմանքը: Եվ, թերեւս, ամենահամարձակը նրա այն միտքն էր, թե՝ «Մենք էլ պետք է մեր կողմից քննարկենք Ղարաբաղից եւ մյուս շրջաններից՝ Լաչինից, Աղդամից, Քելբաջարից եւ այլ տեղերից տեղահանված ադրբեջանցիների հետ՝ ինչ եղավ այդ տարածքներից քշվածների հետ…»: Թերեւս ավելորդ է նշելը, որ Վիգենի ելույթից հետո ծափահարությունները ամենաժլատն էին երեկ հնչածների մեջ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել