Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԼԱԾՎՈՂԸ»՝

Ապրիլ 22,2005 00:00

«ՀԱԼԱԾՎՈՂԸ»՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՍՑԵՆԱՐՈՎ «Ազգային միաբանությունը» թերեւս միակ կուսակցությունն է, որ հրապարակավ վերապահումներ է արտահայտում «Նոր ժամանակների» հանդիպումների առջեւ հարուցված խոչընդոտների իրական բնույթի վերաբերյալ: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն անդրադառնալով այն իրողությանը, որ նախ Թալինում էին փորձել տապալել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հանդիպումը, ասաց. «Ես կպատասխանեմ՝ կրկնելով ՆԺ նախագահի մեկնաբանությունները մամուլում: Նա ասուլիսում պատմել էր, որ մինչեւ հանդիպումն էին Թալինում տեղեկություններ տարածել, թե Արամ Կարապետյանը համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ, եւ այդ լուրերն էլ առիթ էին հանդիսացել, որ դահլիճը վրդովված դիմավորեր իրեն: Նաեւ հայտարարել էր, թե «հանդիպումը տապալելու փորձ անողները եղել են ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀԿ կուսակցությունների Թալինի կազմակերպության ներկայացուցիչները»: Ստացվում է, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն առավել թշնամաբա՞ր են տրամադրված իրենց գործընկերոջ՝ պաշտպանության նախարարի մտերիմների հանդեպ. չէ՞ որ պարոն Կարապետյանի պատմելով՝ հենց այդ լուրերն են եղել սադրանքների պատճառը: Կնշանակի, որ կոալիցիայի կուսակցություններն այդ աստիճան խանդո՞վ են վերաբերվում պաշտպանության նախարարի ցանկացած «հովանավորյալի» նկատմամբ, կամ էլ ականատեսն ենք իր հանդեպ քողարկված ատելության բացահայտմա՞նը: Իսկ եթե խնդիր էր դրված ապացուցել ինչ-որ մեկին, թե իշխանությունները խոչընդոտում են «հեղափոխության» կազմակերպողներին, ապա Թալինի միջադեպը, ավա՜ղ, չծառայեց այդ նպատակին»: Դառնանք «Նոր ժամանակների» Սեւանում անցկացրած հանդիպմանը, որի ժամանակ սկիզբ առած ծեծկռտուքն ավարտվեց կրակոցներով: Այս միջադեպը դատապարտող հայտարարությամբ երեկ հանդես է եկել անգամ իշխանությանը մաս կազմող ՀՅԴ-ն՝ նշելով. «Սա մարտահրավեր է հանրապետության քաղաքական ուժերին եւ նպատակ ունի խափանել երկրում ժողովրդավարական արժեքներին եւ սկզբունքներին հավատարիմ քաղաքակիրթ պայքարի արմատավորումը։ Անթույլատրելի է, որ ստվերային եւ ոչ քաղաքական ուժերը, առաջնորդվելով իրենց հատվածական, կլանային շահերով՝ նման մեթոդներով փորձեն մեծացնել իրենց դերակատարումը եւ արգելակեն երկրի բնականոն ու անշեղ ընթացքը դեպի ժողովրդավարություն (այդ ընթացքի անշեղության մասին արժեր առնվազն լռել.- Ա. Ի.): ՀՅ Դաշնակցությունը միջադեպը համարում է իրեն, ժողովրդավարության հաստատմամբ շահագրգիռ քաղաքական բոլոր ուժերին, պետությանը եւ հասարակությանը հասցված հարված։ Մենք անզիջում պայքար ենք մղելու նմանօրինակ դրսեւորումների դեմ եւ, որպես իշխանության մաս կազմող կուսակցություն, գործադրելու ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու համար երկրի ազգային, ժողովրդավարական ուղեգծի անշրջելիությունը եւ շարունակականությունը։ Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ գործուն միջոցներ ձեռնարկել միջադեպի կազմակերպիչներին եւ մեղավորներին արագ բացահայտելու եւ պատժելու, ինչպես նաեւ հետագայում նման սադրանքները կանխելու համար»։ Մինչդեռ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը բազմաթիվ հարցականներ առաջադրեց Սեւանի միջադեպի առնչությամբ. «Այստեղ կան մի քանի ուշագրավ զուգադիպություններ: Մամուլում շուրջ 3 ամիս առաջ հրապարակվեց տեղեկություն, ըստ որի՝ Ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանը ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ համատեղ՝ իբր ծրագրել էր Արամ Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանում իրականացնել հեղափոխություն: Ինչո՞ւ հիշատակեցի՝ այս, այդպես էլ անարձագանք մնացած լրատվությունը: Պատճառը մեկն է՝ ակնհայտ է, որ Սեւան քաղաքում Կառլոս Պետրոսյանն ունի բազմաթիվ հարազատներ եւ ընկերներ. ապացույցն իր եղբոր որդու ԱԺ պատգամավոր ընտրվելն է հենց այս տարածաշրջանից: Այս փաստերի զուգադրումից ծագում են մի քանի հարցադրումներ: Առաջին. հնարավո՞ր է արդյոք, որ Սեւանի սադրանքը կազմակերպված է եղել Կառլոս Պետրոսյանի համակիրների կողմից, որ փորձեն ապացուցել, թե առնչություն չունեն Արամ Կարապետյանի հետ: Երկրորդ. գուցե տեղի իշխանիկնե՞րն են խանգարելով հանրահավաքը՝ ցանկացել Կառլոս Պետրոսյանին ապացուցել, թե այսօր իրե՛նք են Սեւանում եղանակ ստեղծողները, եւ ո՛չ իր մերձավորները: Երրորդ. գուցե սադրանքը կազմակերպված է եղել իշխանությունների՞ կողմից՝ այն գիտակցումով, թե հայ մարդը շատ գթասիրտ է «հալածվողների» նկատմամբ: Մինչդեռ «հալածվողը» գործում է ճիշտ այդ նույն իշխանությունների հետ համատեղ կազմված սցենարի շրջանակում: Ահա այս հարցերն են, որոնք ի հայտ են գալիս, երբ վերլուծում ես սույն «հեղափոխական» գործընթացները: Իհարկե, կարելի էր ընդհանրապե՛ս չանդրադառնալ այս ամենին, եթե չլիներ վտանգը, որ հիասթափեցնելու են մեր ժողովրդին ի սկզբանե ձախողման դատապարտված եւ ուղղորդվող «հեղափոխությամբ»: Ինչեւէ, ինչպես ասում են՝ «հեղափոխությունը» շարունակվում է… Ուզում եմ վերջացնել մեծ Վոլտերի խոսքերով՝ «Այն, ինչ դառնում է ծիծաղելի, վտանգավոր լինել չի՛ կարող»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել