Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր եկեղեցի՝ ԱՄՆ-ում

Ապրիլ 22,2005 00:00

Հյուսիսային
Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում բացվել է հայկական նոր եկեղեցի: 2,5 մլն բնակչություն
ունեցող Շարլոտը, Նյու Յորքից հետո, երկրորդ խոշոր բանկային կենտրոնն է ԱՄՆ-ում:
Այստեղ ապրում է մոտ 360 հայ ընտանիք: «Դեռեւս մեկ տարի առաջ համայնքը սաղմնային
վիճակում էր,- պատմում է Հյուսիսային Կարոլինայի Հիկորի քաղաքի կաթոլիկ եկեղեցու
երաժշտական ծրագրերի ղեկավար Արմեն Հարեյանը:- Մի քանի նախանձախնդիր հայերի շնորհիվ
այն կամաց-կամաց զարգանում է: Պիտք է նշել բեյրութահայ Լենա Նոյի անունը, որը մի
քանի նվիրյալների հետ հեռախոսագրքի միջոցով գտել է Շարլոտում ցրված հայերին եւ հիմք
դրել գործուն, զորացող համայնքի, որն իր հանգանակած գումարով գնել է հողատարածք՝
հայկական եկեղեցի կառուցելու համար»: Մինչ այդ, ամիսը մեկ անգամ Շարլոտ այցելող քահանան
պատարագ էր մատուցում վարձակալված անգլիկյան մի փոքրիկ եկեղեցում: Հայ համայնքը միավորող
եկեղեցու կառուցումը կարեւորելով, առաջնորդարանը ֆիլադելֆիացի բարերարի՝ ի հիշատակ
մոր նվիրաբերած $1,7 միլիոնը հատկացնում է Շարլոտին: Եկեղեցին արդեն կառուցված է,
հունիսին կավարտվի եկեղեցու ամբողջական կահավորումը: «Ես՝ որպես կիսասարկավագ, ծառայում
եմ եկեղեցու խորանում,- պատմում է Ա. Հարեյանը,- եւ ինձ համարում այդ համայնքի անդամ,
քանի որ Հիկորիում, ուր ապրում եմ իմ ընտանիքի հետ, մենք միակ հայերն ենք: Շարլոտ
հասնելու համար պետք է անցնել 90 կմ: Գնում ենք, որովհետեւ մեր հայրենակիցների հետ
շփման պահանջ կա: Չնայած իմ աշխատանքը Հիկորիում շատ ժամանակ է խլում: Ղեկավարում
եմ եկեղեցում գործող յոթ երգչախումբ՝ յուրաքանչյուրում 20 մարդ: Երգիչների 95 տոկոսը
նոտա չգիտի, պարզապես նրանք կամավոր, անվճար մասնակցում են պատարագներին, մեկ օրում՝
5 պատարագ, նվիրաբերելով իրենց ժամանակը՝ քրիստոնյային վայել սիրով ու անմնացորդ»:
Համայնքում 2000 քրիստոնյա ընտանիք կա: Բոլորը ներկա են լինում պատարագին:
Եկեղեցու երգչախումբը հաճախ է ելույթներ ունենում տարբեր երկրներում: «Երկու շաբաթ
առաջ Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի ունեցած երգչախմբային երաժշտության փառատոնում
հոգեւոր երաժշտության կարգում գրավեցինք 3-րդ տեղը: Մարդիկ իմացան, որ երգչախմբի
ղեկավարը հայ է եւ ես ուրախ եմ դրա համար»,- ասաց Արմեն Հարեյանը: Երգչախումբը Հռոմի
Պապի մահվան կիրակի օրը պատարագ է մատուցել Ֆլորենցիայի մայր տաճարում, որը հայտնի
է իր զարմանալի ակուստիկայով: Այնտեղ ձայնը տատանվում է մինչեւ 8 վրկ: Այդ հրաշալի
տաճարը կառուցվել է 15-րդ դարում՝ հիմք դնելով Վերածննդի դարաշրջանին: ՌՈՒԶԱՆ
ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել