Քաղաքացիական
գործերով վերաքննիչ դատարանը մի քանի ամիս առաջ բավարարել է Անահիտ Գալստյանի հայցն
ընդդեմ Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ վերջինիս գործողությունները
վիճարկելու եւ աշխատանքում վերականգնելու պահանջների մասին: Արարատի մարզի
առաջին ատյանի դատարանը, իսկ ավելի ուշ՝ վճռաբեկը, մերժել են այն՝ գործն ուղարկելով
լրացուցիչ քննության: Իսկ պատմությունը հետեւյալն է: Նշյալ դպրոցի նախկին ուսուցչուհի
Ա. Գալստյանը, որ ունի աշխատանքային 33 տարվա փորձ, օպտիմալացման պատրվակով ազատվել
է աշխատանքից, եւ դրա մասին, ըստ հայցի, իմացել է հենց նույն օրը: Գործի նյութերով
հիմնավորված են Ա. Գալստյանի աշխատանքային գործունեության մասին փաստերը: Եվ ըստ
նույն նյութերի, դպրոցի տնօրինության կողմից խախտվել են Աշխատանքային օրենսգրքի այն
պահանջները, ըստ որոնց՝ հայցվորին պետք է այլ աշխատանքի առաջարկություն արվեր: Բացի
այդ, նրան աշխատանքից ազատման հրաման տրվել է զգուշացումից մեկ տարի անց, ինչը եւս
հիշյալ օրենքի խախտում է: «Խախտվել է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37 հոդվածով
սահմանված՝ հայցվորին աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը: Գործի նյութերից
երեւում է նաեւ, որ այդ հարցը պարզորոշ քննարկման առարկա չի դարձվել ադմինիստրացիայի
կողմից եւ չի պարզաբանված, թե աշխատանքում թողնված աշխատողներն ինչպիսի նախապատվության
իրավունք ունեն հայցվորի հանդեպ՝ այն դեպքում, երբ հայցվորը միայնակ է, չունի այլ
եկամուտներ, ունի երկարատեւ աշխատանքային ստաժ եւ բարձր արտադրողականություն: Վերը
նշված պատճառաբանությունները դատարանի համար հիմք են հանդիսանում հայցը բավարարելու
համար»: Եվ դատարանը վճռել է անվավեր ճանաչել տնօրենի 25.10.04թ. թիվ 10 հրամանը
եւ հայցվորին վերականգնել իր աշխատանքում: Ինչպես նաեւ՝ դպրոցից պետյուջեի օգտին
բռնագանձել 4000 եւ 10000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Մինչ գործը
երկրորդ անգամ կքննվի վերաքննիչում, Ա. Գալստյանը դիմել է ԿԳՆ, մարդու իրավունքների
պաշտպանին եւ ոլորտի մի շարք այլ պաշտոնյաների՝ դպրոցում ստուգումներ անցկացնելու
խնդրանքով: Աշխատանքից ազատված ուսուցչուհին առաջարկում է մասնավորապես ուշադրություն
դարձնել դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությանը, փնթի մատենավարությանն ու բազմաթիվ
այլ խախտումներին: Ի դեպ, ոչ մի նամակի պատասխան դիմողը դեռ չի ստացել: Մնում է հուսալ,
որ շահագրգիռ մարմինները կզբաղվեն գործի քննությամբ եւ գոնե մեկ անգամ ստուգող հանձնաժողով
կուղարկեն դպրոց: Հ. Բ.