Քվեաթերթիկները
բերվեցին դատարան Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան
ներկայացած Հայաստանի փաստաբանների միջազգային միության փաստաբանների տրամադրություններն
ակնհայտորեն բարձր էին: Պալատի նախագահի ընտրությունները վիճարկող հայցվորները նույնիսկ
անեկդոտներ էին պատմում պատասխանողներին, փոխադարձորեն ստանալով նույնը: Դատական
նիստը սկսվեց պալատի պարտված թեկնածու Ռուբեն Սահակյանի ներկայացուցիչների լրացուցիչ
բացատրություններով, որով նրանք դատարանին հայտնեցին, որ ընդհանուր ժողովի ժամանակ
ընդունված կանոնադրությունը անհամապատասխան է օրենքին, ինչը հիմք է տալիս այն չգրանցելու:
Պալատի նախագահ ընտրված Ենոք Ազարյանի ներկայացուցիչներից Ռոբերտ Գրիգորյանը անընդունելի
համարեց հայցը, առարկելով, թե հայցվոր կողմի փաստարկները հիմք չեն տալիս պնդելու,
որ դրանք ազդել են ընդհանուր ժողովի կայացման եւ արդյունքների վավերականության վրա:
«Հետեւանքային նշանակությունը չեմ տեսնում»,- ասաց նա: Փաստաբան Արթուր Գրիգորյանը
հանդես եկավ միջնորդությամբ, որով խնդրեց դատարանին պալատի նախագահի երկու թեկնածուներին
ճանաչել չընտրված եւ պարտավորեցնել երկու միություններին՝ գումարել ընդհանուր ժողով:
Նախորդ նիստերից մեկի ժամանակ հայցվոր Հայկ Ալումյանը պահանջել էր դատարան բերել
ինչպես կասկածելի արտոնագիր ունեցող փաստաբանների անձնական գործերը, այնպես էլ քվեաթերթիկները:
Դատարան բերվեց քվեաթերթիկների պարկը ու այն դեռ չբացված, Ռ. Սահակյանի ներկայացուցիչ
(ի դեպ՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ) Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ ինքը մասնակցել
է պարկի զմռսմանը եւ թելերը, որով կապվել էր պարկը, ներսում էին: Ա. Կիվիրյանը հայտարարեց,
որ տեսնում է «կողմնակի միջամտություն»: Երբ պարկը նրա իսկ ձեռքով բացվեց, դատավոր
Ռուբեն Ներսիսյանը բազմագույն քվեաթերթիկները տեսնելով՝ ուզում էր կապ գտնել հայտարարվածի
հետ, փորձելով ճշտել՝ «գույները սրա՞նք էին, փաստարկները կապված էին վարդագույնի՞
հետ»: Ի դեպ, վարդագույն քվեաթերթիկներն էին ընտրել փաստաբանները պալատի նախագահի
ընտրության համար, իսկ գույներն առաջարկել էր Ամերիկյան իրավաբանների ընկերությունը,
որը ծափ ու ծիծաղով անցել էր փաստաբանների ընդհանուր ժողովի ժամանակ: Իրեղեն ապացույցը
մանրամասն զննելուց հետո, դատավորը հարցնում էր հայցվոր կողմին՝ «ավել-պակասը փոխվե՞լ
է: Համեցեք՝ չափեք-ձեւեք»: Ոչ չափելու, ոչ ձեւելու ցանկություն այլեւս չունեցան հայցվորները,
առավել եւս՝ չուզեցին իմանալ, թե պարկի քվեաթերթիկները ամբո՞ղջն են, թե՞ ոչ: Պատասխանող
Կրոմվել Գրիգորյանը նկատեց, որ հայցվորների արտահայտած մտքերը ենթադրություններ են
եւ իր հերթին տեղեկացրեց դատարանին, որ նույն Արգիշտի Կիվիրյանի «ակտիվ մասնակցությամբ»
են կնքվել քվեաթերթիկները: Ընդհակառակը, իր հայտարարության մեջ լարվածություն մտցրեց,
հայտնելով, որ Ռուբեն Սահակյանի կողմնակիցները եղել են խնջույքի պատրաստված, որը
ի չիք է դարձել: Ըստ Կ. Գրիգորյանի, նրանք են հնարավորություն ունեցել իմանալու՝
ինչքան ձայն են ստացել թեկնածուները: Կրոմվել Գրիգորյանից հետ չմնաց նաեւ Արգիշտի
Կիվիրյանը, տողատակով հայտարարելով, թե «մի սեղանի մասին գիտեի. «Ջավախք» ռեստորանն
էր»: Հայցվոր Հայկ Ալումյանը հրապարակեց փաստաբաններ Սուսաննա Ներսիսյանի,
Համիկ Ջալալյանի, Գագիկ Ավագյանի, Վահագն Դանիելյանի, Գայանե Զաքարյանի վկայագրերը,
ըստ որի նրանց արտոնագրերը ուժի մեջ են եղել մինչեւ 2004-ի սեպտեմբերը: Իսկ Գագիկ
Ավագյանի գործից պարզվեց, որ նրան 2002թ. ապրիլի 15-ի հրամանով Հայաստանի փաստաբանների
միության նախագահ Միշա Փիլիպոսյանը նշանակել է Արարատի մարզի Արտաշատի գրասենյակում
որպես փաստաբան, նրա վրա դնելով ԼՂ զինվորական գործերով նախաքննության սպասարկումը:
Բարեբախտաբար, քանի դեռ չէր խախտվել փաստաբանական էթիկայի հերթական կանոնները՝
դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ