Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցությունը
հայտարարություն է տարածել Նոր Հաճնում, Թալինում եւ Սեւանում կուսակցության հանդիպումների
ժամանակ տեղի ունեցած միջադեպերի առիթով: Հայտարարությունում մասնավորապես
ասվում է, որ կուսակցությունը «Անշեղորեն հետամուտ է լինելու իր նախանշած ազգային
հեղափոխության իրականացմանը: Յուրաքանչյուր սադրանք, թիկունքից հասցված յուրաքանչյուր
հարված ստանալու է համարժեք պատասխան եւ էլ ավելի է ամրապնդելու մեր անկոտրում կամքը,
էլ ավելի է արագացնելու իշխանությունների անփառունակ վախճանը»: Ի դեպ, տեղեկացնենք,
որ Սեւանի դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ: Այն գտնվում է Սեւանի ոստիկանության
քննչական վարչության վարույթում: Քննիչ Արթուր Լեւոնյանը երեկ մեզ հետ զրույցում
ասաց, որ գործը նախաքննության փուլում է եւ մանրամասներ չի կարող հաղորդել: «Առավոտի»
հարցին՝ թե ինչո՞ւ մյուս ընդդիմադիրների հանդիպումների ժամանակ արտառոց դեպքեր տեղի
չեն ունենում, երեկ հրավիրած ասուլիսում Արամ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Մեկնաբանությունները
թողնում եմ ընդդիմադիրներին»: Նա նաեւ կարծում է, որ իր հանդիպումներն ավելի մարդաշատ
են, ուստի իշխանություններն իր հանդեպ ավելի զգոն են: Սեւանի դեպքերը Ա. Կարապետյանը
համարում է «իշխանության մի հատվածի ձեռքով կազմակերպած», սակայն չի հստակեցնում՝
ո՞ր հատվածի: Երեկ հրավիրած ասուլիսում նա նաեւ տեղեկացրեց, որ հանրահավաքներից առաջ
իրենց վարչության անդամների տներն են այցելում «քրեականի» աշխատակիցները՝ ամենազավեշտական
պատճառաբանություններով. «Մեկին ասել են, թե 14 տարեկան տղադ կռիվ է արել, մարդ է
ծեծել, մյուսին էլ՝ դուռն արագ բացեք, մենք գիտենք, որ ձեզ ահաբեկում են»: «ՆԺ»-ի
տեղեկություններով, ՏԻՄ մարմինները «դաստիարակչական» աշխատանք են տանում նաեւ շրջանների
բնակչության հետ: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆՀ. Գ. Երեկ Սեւանում տեղի ունեցած իրադարձությունները
դատապարտող հայտարարություն է տարածել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը: Դրանում
մասնավորապես ասվում է. «Վստահ ենք, որ այդ միջադեպի կազմակերպիչների, հրահրողների
եւ իրականացնողների թիկունքում կանգնած են գործող իշխանությունները, որոնք նույն
գործելաոճով նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ դրանից
հետո ընկած ժամանակաշրջանում, փորձում էին խանգարել ու տապալել ընդդիմադիր կուսակցությունների
հանրահավաքներն ու հանդիպումները հասարակության հետ»: «Հանրապետությունը» պատահական
չի համարում, որ վերոնշյալ միջադեպերի կազմակերպիչներն ու մասնակիցները մնացին անպատիժ,
փոխարենը ապօրինի հետապնդումների ենթարկվեցին ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները՝
2003-2004 թվականներին կատարված ձերբակալությունների եւ հետապնդումների ձեւով: «Գործող
իշխանությունը սրանով հետապնդում է մի նպատակ. հանուն սեփական իշխանության պահպանման
հասարակությանը պահել վախի մթնոլորտում եւ նրան ներարկել վարչախմբի անպարտելի եւ
անպատժելի լինելու լեգենդը»: «Հանրապետությունը» նաեւ գտնում է, որ «դեմոկրատական
հեղափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի եւ գործընթացը խոչընդոտելու՝ իշխանությունների
բոլոր քայլերը դատապարտված են ձախողման»: Ի դեպ, երեկ այս դեպքերը քննարկել
են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները: Հանդիպումը փակ էր: Սեւանի
դեպքերը դատապարտել է նաեւ կոալիցիոն ՀՅԴ-ն՝ դրանք համարելով ոտնձգություն ժողովրդավարության
դեմ: