Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Ապրիլ 21,2005 00:00

ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ «ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» Այս անգամ այն առնչվում է «Ինքնագիր» հաղորդաշարին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում վարում էր բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը: Անցած տարեվերջին այս հաղորդաշարի վերջին հյուրը դարձավ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Եվ Վիոլետ Գրիգորյանը եթերում հայտարարեց, թե հաղորդաշարը դադարեցվում է, լինելու է նոր ծրագիր: Սակայն թերեւս դադարեցումն անակնկալ էր, քանի որ «Ինքնագիրը» դեռ 2 շաբաթ շարունակում էր նշվել ծրագրում, բացի այդ՝ եթեր չարձակվեց վերջին հաղորդման կրկնությունը: Ի վերջո՝ չեղավ նաեւ նոր ծրագիրը: «Վազգեն Մանուկյանի հաղորդումից առաջ մեկ այլ դեպք եղավ,- ասաց Վիոլետ Գրիգորյանը:- Իմ հյուրն էր գուսան Տոտիկը: Հաղորդումը հեռարձակվում էր ուղիղ եթերով: Եվ կեսից արդեն ռեժիսորն ասաց, որ ընդհատենք: Չէի հավատում, թե հնարավոր է նման բան»: Մեր հարցին, թե այդ ի՞նչ էր ասում գուսան Տոտիկը, որ անհրաժեշտություն էր առաջացել հաղորդումն ընդհատել՝ պատմեց. «Նա խոսում էր ոստիկանության գործելակերպի մասին, որ «պլան» կատարելու համար գործեր են սարքում: (Ի դեպ, հիշեցնենք՝ «Կենտրոնի» մեկ այլ հաղորդաշար եւս, որ վարում էր Վահրամ Սահակյանը՝ դադարեց եթեր հեռարձակվել, քանի որ հեղինակը հոգնել էր պետավտոտեսչության ղեկավարների հակադարձումներից եւ այլ բողոքներից.- Ա. Ի.): Գուսան Տոտիկը պատանի տարիներին նստած է եղել ու խոսում էր այն մասին, որ գողական աշխարհում գործող օրենքներն ու, եթե կա՝ բարոյականությունն ավելի գործող են, քան մեր պաշտոնյաներինը: Նաեւ իր երգերից մեկն առաջին եւ գուցե վերջին անգամ հնչեց եթերում: Եվ ես ուրախ եմ, որ դա իմ հաղորդման մեջ է եղել՝ երգ Հայաստանի մասին, որն ի տարբերություն եթերը լցրած հայրենասիրական կոչվող երգերի շուշա-կանֆետային ոճի՝ ուրիշ տեքստ ուներ: Մոտավորապես այս էր. «Հայաստան, քո ուղեղը հիվանդ է, / Հայաստան, սրտիդ մեջ ցավ ու դարդ է,/ Ե՞րբ պիտի զույգ ոտքեր առնես, Հայաստա՛ն,/ գնանք մինչեւ նոր Հայաստան»: «Ա1+»-ին եթերում փոխարինած այս հեռուստաընկերությունում գրաքննության առկայության մասին հարցին ի պատասխան Վիոլետ Գրիգորյանն ասաց. «Քանի որ կացնային ձեւով չէր արվում՝ միշտ ինչ-որ այլ պատճառաբանություններ էին բերվում, մտածում էի, թե պատահականություն է կամ գուցե փնթիություն՝ մինչեւ որերո՛րդ անգամ չկրկնվեց նույնը: Ենթադրում եմ, որ ես ամենամիամիտն եմ եղել՝ մյուսներն ավելի շուտ հասկացան»: Եվ ի շարս այլ օրինակների՝ պատմեց. «Հենց հաղորդման օրը, որ պետք է ուղիղ եթեր գնար՝ կանխեցին, երբ հյուր էի կանչել բանաստեղծուհի Գայանե Բաբայանին, որը 2004-ի ապրիլի 12-ի գիշերը պատահաբար հայտնվել էր Բաղրամյան պողոտայում եւ պիտի ներկայացներ ականատեսի իր վկայությունները: Ստիպված էի չեղյալ համարել պայմանավորվածությունը: Բայց չվիճեցի, քանի որ այդ պահին մտածում էի, թե ուրիշ հաղորդաշար եմ ունենալու՝ թոք-շոու արվեստի գործերի մասին: Պետրոս Ղազարյանն այդպես էր ներկայացնում, թե հիմա ժամանակավոր մի իրավիճակ է, ինքը «դոշ կտա» եւ կլինի ուրիշ վիճակ»: Սակայն թերեւս չհաջողվեց ստեղծել այլ վիճակ: Պետրոս Ղազարյանը հրաժարվեց գլխավոր տնօրենի պաշտոնից եւ դրժվեց նոր նախագծի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ավելի ստույգ՝ դարձյալ տեխնիկական բնույթի պատճառաբանություններ բերվեցին, թե տաղավարներում տեղ չկա եւ այլն: Ավելի՛ն: Վիոլետ Գրիգորյանը պատմում է. «Պետրոսի հեռանալուց հետո ինքն ինձ հյուր էր կանչել իր «Կոմպրոմիս» հաղորդաշարին: Բայց պարզվեց, որ անցանկալի եմ որպես հյուր անգամ: Երկու շաբաթվա ընթացքում ձգձգվող պայմանավորվածությունից հետո՝ արդեն հաղորդման օրը, երբ պիտի տնից դուրս գայի՝ զանգեց, ասաց, որ չի լինելու»: Հիշեցնենք, որ «Ինքնագրի» ընդամենը 3 թողարկում էր եթեր հեռարձակվել, երբ մամուլում այն քննադատվեց: «Քննադատությունը վերաբերում էր ոչ հաղորդման էությանը, այլ կեցվածքիս, թե ինչու ձեռքիս թզբեհ կա կամ, թե ինչու են հյուրերս ասում այս տեքստերը եւ այլն»,- նշում է Վիոլետ Գրիգորյանը: Սակայն հեռուստաընկերության նախկին սեփականատեր Գուրգեն Արսենյանը պաշտպանեց «Ինքնագիրը»՝ նշելով, որ եթե հաղորդաշարն անտարբեր չի թողնում, ստիպում է մտածել՝ արդեն իսկ վկայում է, թե այն կայացած է: Իսկ անցած տարեվերջին «Եթեր» շաբաթաթերթի անցկացրած հարցումների համաձայն՝ «Ինքնագիրը» ճանաչվեց տարվա մշակութային լավագույն հաղորդումը: Սակայն Վիոլետ Գրիգորյանն այժմ նախապատրաստում է բանաստեղծությունների ժողովածու: Իսկ եթերին առնչվող ծրագրերը մնացին անավարտ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Ի դեպ, այս պատմության մեջ եւս մի կողմ կա՝ ֆինանսական: Սակայն հրապարակումը պատրաստելու ընթացքում հավաստիացումներ ենք ստացել, թե այդ խնդիրը լուծվելու է: Եթե խոստումը դրժվի՝ առանձին կանդրադառնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել