Դեսպանատունը՝ զավթված հողատարածք Պահանջում են ճանաչել «դեսպանատան օգտագործման իրավունքը» 2005թ. մարտի 3-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատում քննության էր դրվել ՀՀ քաղաքացի Ալբերտ Հակոբյանի վճռաբեկ բողոքը: ՀՀ քաղաքացին բողոքարկում է վերաքննիչ դատարանի հունվարի 18-ի վճիռը, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աճուրդը: Այգեստան 9 փողոցի թիվ 2ա տան 2-րդ հարկի եւ ձեղնահարկի գույքը 27.07.04թ. աճուրդով վաճառվել է դեսպանատանը (70.522.080 դրամով): 3 օր անց կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Ա. Հակոբյանը պահանջում էր գործն ուղարկել նոր քննության, ինչը, իհարկե, վճռաբեկ դատարանը մերժեց՝ վերաքննիչի վճիռը թողնելով անփոփոխ: «Դարի գործի» կապակցությամբ հայաստանյան դատարանները կայացրել են թվով 150 տարատեսակ վճիռներ, իսկ այս տարվա մայիսի 25-ին լրանում է այս գործի՝ դատարաններով պտտվելու 10-ամյակը: Միայն զարմանալի է, որ ինչո՞ւ Հակոբյանները Գինեսի գրքում գրանցվելու հայտ չեն ներկայացնում: Պատճառը հավանաբար այն է, որ գործն առնչվում է Իրանի դեսպանատան հետ, մասնավորապես «հայ-իրանական հարաբերություններին»: Հիշեցնենք, որ դեռ 1999-ի հունիսի 9-ին ԱԳՆ-ում տեղի էր ունեցել հանդիպում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցների (մասնավորապես դեսպանատան քաղաքական բաժնի դիվանագետ Թաբաթարայի, ֆինանսական բաժնի պատասխանատու Մոնսեֆզադեի, ԻԻՀ ԱԳՆ իրավաբանական փորձագետ Մեյգունիի հետ): Հայկական կողմը ներկայացրել էին ԱՆ վերահսկողական ծառայության պետը, ԴԱՀԿ վարչության պետը, ՀՀ պետական արարողակարգի ծառայության, դիվանագիտական ներկայացուցչությունների վարչության պետը եւ հյուպատոսական վարչության պետ Տ. Սեյրանյանը: Ըստ ԱԳ նախարար Վ. Օսկանյանին ուղարկած զեկուցագրի (Հյուպատոսական վարչության պետ Տ. Սեյրանյանն է ստորագրել), «Հակոբյանների ընտանիքը ներգրավելով մամուլի ներկայացուցիչներին երեք անգամ (28.12.98թ., 29.05.99թ. եւ 08.06.1999թ.) ներխուժել են ԻԻՀ հավատարմատարի նստավայր եւ անհանգստություն պատճառել իրանցի դիվանագետներին»: «Գրոհայիններից» մեկն էլ տողերիս հեղինակն էր, որը «դեպքի» վայրում հետեւում եւ լուսանկարում էր, թե ինչպես են պաշտպանվում Այգեստան 9 փողոցի թիվ 2ա տան հայ սեփականատերերի իրավունքները: Որ դա այդպես էր, երեւում է նույն այդ հանդիպման ժամանակ ԻԻՀ ներկայացուցիչների առարկմամբ. «Այսօր առկա է Հակոբյանների ընտանիքը վերաբնակեցնելու որոշում, բայց դրանում ակնարկ չկա ԻԻՀ հավատարմատարի կողմից տունն ազատելու մասին»: Հակոբյանները ի՞նչ մեղավոր են: Նրանք դատարանում իրենց տանը վերաբնակվելու հայցով են դիմել, նրանց ոչ ոք չի օժտել հարեւան պետության դիվանագիտական ներկայացուցչի հնարավոր անելիքներով: Ինչեւէ: ՀՀ իշխանությունները խոստացել էին ձեռնարկել «բոլոր հնարավոր միջոցները» նստավայրի անձեռնմխելիությունը եւ «վիճահարույց հարցը» կարգավորելու ուղղությամբ: Այն, որ աճուրդը տեղի է ունեցել առանց Հակոբյաններին տեղեկացնելու, երեւում է փաստաբան Արթուր Գրիգորյանին ուղարկված թիվ 18 փոստային բաժանմունքի պետ Գ. Թունյանի տեղեկանքից. «Հայտնում եմ, որ Ա. Հակոբյանին հասցեագրված փոստային պատվիրված առաքանի 2004թ. հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում մուտք չի գործել»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմեցին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցները՝ ընդդեմ Ալբերտ եւ Անահիտ Հակոբյանների (քույր եւ եղբայր), Երեւանի քաղաքապետարանի եւ Անշարժ գույքի կադաստրի Մարաշի ստորաբաժանման: Նրանք պահանջում էին ճանաչել դեսպանատան հողօգտագործման իրավունքը (չնայած հայցադիմումում գրել են՝ «ճանաչել Իրանի դեսպանատան օգտագործման իրավունքը») Այգեստան 9 փողոցի 2ա տանը հատկացված 425.5 քմ եւ 70 քմ փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ, ինչպես նաեւ 5 քմ մակերեսով կաթսայատան նկատմամբ դեսպանատան սեփականության իրավունքը: Հակոբյանները, ունենալով սեփականության վկայագիր, չկարողացան պաշտպանել իրենց իրավունքները բնակարանի նկատմամբ: Իսկ 2000թ. հոկտեմբերի 20-ին էլ նրանք ունեին գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում չի գործում ինչպես սեփականության, այնպես էլ ժառանգության վկայագիրը, հետեւաբար հարց է ծագում, թե ուրիշ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա պետք է քաղաքացին պաշտպաներ իր ինչքն ու ունեցվածքը: Ի դեպ, ԱԳ կադաստրի 2004թ. սեպտեմբերի 22-ի գրության համաձայն, 70 քմ տարածքը համարվել է «զավթված հողամաս»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ