Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 21,2005 00:00

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԵՆ Հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստում որոշում է ընդունվել վերանայել պատգամավորների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների բացարձակ անձեռնմխելիությունը: Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն «Առավոտին» մանրամասներ ներկայացրեց այս որոշման մասին. «Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ստամբուլյան գործողության պլանի անդամ երկրների կողմից 2004-ի հունիսին ընդունվել են երաշխավորություններ մասնավորապես Հայաստանի համար, որ մաս է կազմում այդ կազմակերպությանը: Երաշխավորությունների 10-րդ կետն է. «Ընդունել հստակ, պարզ եւ թափանցիկ մեխանիզմներ՝ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Եվ վերանայել այն անձանց խմբերը, որոնք օգտվում են անձեռնմխելիության կարգավիճակից: Վերանայել նաեւ անձեռնմխելիության ծավալները՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունն ապահովելու եւ, որ կանխարգելվի այն անձանց կողմից չարաշահման հնարավորությունը, որոնք այս կարգավիճակը կօգտագործեն կոռուպցիոն իրավախախտումների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով»: Եվ հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստում քննարկվել է այս երաշխավորության կատարման ընթացքը: «Ու քանի որ հարցն առնչվում է նաեւ սահմանադրական բարեփոխումներին՝ որոշում է կայացվել այս ուղղությամբ աշխատել սահմանադրական բարեփոխումների ընթացքում»,- հայտնեց Բագրատ Եսայանը՝ չցանկանալով կանխորոշել, թե ինչ ձեւով կարտահայտվեն անձեռնմխելիության կարգավիճակի սահմանափակումները, եւ այնուամենայնիվ ընդգծելով, թե վերոնշյալ հանձնարարականը պարտավորություն է, որ ենթակա է կատարման: Նախագահի խորհրդականը նաեւ հայտնեց. «Հարցեր կան՝ կապված արդարադատության նախարարության հետ, որը պետք է հստակ սահմանի անձեռնմխելիությունից զրկելու կարգը ու նաեւ, թե ո՛ր դեպքերում ու ինչպե՛ս կարելի է որոշակի խմբերի պատկանող մարդկանց զրկել անձեռնմխելիությունից: Եվ մասնավորապես կոռուպցիոն հանցագործության դեպքում որեւէ մեկն իրավունք չի ունենալու օգտվել անձեռնմխելիությունից»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել