Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ,

Ապրիլ 21,2005 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Հերթական գծագիրն է ներկայացնում Վիկտոր Դալլաքյանը Ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի վերլուծության, Հայաստանում անկախացման գործընթացը սկսվել է ղարաբաղյան շարժումից եւ ղարաբաղյան հիմնախնդիրն է հանգեցրել ժողովրդավարական ուժերի հաղթանակի. «Ըստ էության ՀՀ8211ում հարցերի հարցը երկուսն են՝ օրինական ընտրությունների անցկացում եւ ԼՂ հիմնախնդիր: Այսօր ինչ վերլուծություններ էլ անենք, ամեն ինչ ծավալվելու եւ հանգուցալուծվելու է այդ երկու խնդիրների շուրջը: Առաջին պայմանը հետեւյալն է՝ Հայաստանում պետք է ձեւավորել օրինական իշխանություն: Երբ մենք ասում ենք իշխանափոխություն կամ հեղափոխություն, բովանդակության մեջ որեւէ տարբերություն չկա, դա բոլոր դեպքերում նշանակում է պայքար տվյալ անձի եւ այդ անձը մարմնավորող համակարգի դեմ: Իսկ երբ խոսքը գնում է անձերի փոփոխության մասին, այդ դեպքում կատարվածի անունը հեղաշրջում է, օրինակ՝ 1998-ին եղավ պալատական հեղաշրջում»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ղարաբաղյան հիմնախնդրի մինչ այժմ չլուծված լինելու հետեւանքով է, որ այսօր էլ ուժային կառույցները ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կյանքում կարեւոր դեր են կատարում. «Ուշադրություն դարձրեք, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, նրանք բոլոր առումներով անհամատեղելի են, բայց խոսքը երեւույթի մասին է, եւ երկուսն էլ նույն կերպ են վարվել: Խորհրդարանական ընտրություններում ուժային կառույցների ղեկավարները ձեւավորում են իրենց պատգամավորական խումբը, իրենց պատգամավորներին են անցկացնում խորհրդարան: Այս իրավիճակը կարող է փոխվել, ուժային կառույցների դերը կարող է նվազել, եթե ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված լինի եւ ուժայինների դերը դրական իմաստով նվազի, այսինքն՝ ուժայինները զբաղվեն իրենց բուն գործով, այն է՝ երկրի պաշտպանությամբ»: Այսօրվա ներքաղաքական զարգացումների հետ կապված եւս զուգահեռներ կատարելով՝ Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ նույն Վրաստանում եւ Ղրղըզստանում Շեւարդնաձեն եւ Ակաեւը հրապարակային «պոկվեցին» Ռուսաստանից, եւ դրան հաջորդեց վերջիններիս «վախճանը»: Եզրակացությունը հետեւյալն է. «Եթե Հայաստանում ոմանք մտածում են, որ կարող են իրենց արեւմտամետի տեղ դնել եւ դրանով փորձել իրականացնել պալատական հեղաշրջում, շատ են սխալվում: Վերլուծությունը ցույց է տալիս. որ շուտով ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանի վրա դրվելու է նույն այն պարտականությունը, ինչ եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում: Հիշենք, որ ամենալարված պահին նրանք հայտարարեցին, որ ուժային կառույցները ժողովրդի վրա ուժ չեն գործադրի: Այսինքն՝ «գարանտը» նրանք էին: Կարծում եմ, Արեւմուտքը Սերժ Սարգսյանի վրա հենց այդ ֆունկցիան է դրել եւ ոչ թե իրավահաջորդի»: Իր իսկ կողմից գծագրված այս սցենարը պրն Դալլաքյանն ամենահավանականն է համարում: Սակայն այսօր շատերի համար է պարզ, որ եթե նույնիսկ Հայաստանում ինչ-որ բան կատարվի, ապա դրանում ընդդիմության մասնակցությունը, ջանքը չնչին են լինելու, կամ ընդհանրապես՝ ընդդիմությունը փոփոխությունների հետ որեւէ առնչություն չի ունենալու: Մեր այս դիտարկմանը պարոն Դալլաքյանը հետեւյալ հակադարձումն ուներ: Նրա կարծիքով, նման մեկնաբանություններ կատարողները խորքային վերլուծություններ չեն կատարում, իսկ եթե խորքային վերլուծություն կատարվի, ապա պարզ կդառնա, որ «Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ արտաքին ազդակները սերտորեն կապված են միմյանց հետ: Չի կարելի չնկատել, որ ներքաղաքական իրավիճակը շատ լարված է: Խորքային եթե նայենք, բոլոր պրոբլեմները մնացել են չլուծված, այսինքն՝ պրկված վիճակ է, վառոդի տակառի վիճակ, մի կայծը կարող է պայթյուն առաջացնել: Ուրիշ խնդիր է, որ կան արտաքին քաղաքական գործընթացներ, որոնք իրոք պլանավորված են, մտածված, եւ, անկախ նրանից, թե ընդդիմությունը ի՞նչ քայլ կձեռնարկի, արտաքին քաղաքական գործընթացները տեղի են ունենալու: Նկատի ունեմ, ասենք, Բուշի հայտարարությունները այն մասին, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերակայությունները երկուսն են՝ աջակցություն ժողովրդավարական գործընթացներին եւ հակաահաբեկչական պայքար: Հաջորդը՝ արեւմտյան գործիչները չեն թաքցնում, որ իրենց համար ժողովրդավարության կայացումը Հարավային Կովկասում շատ կարեւոր է, եւ որ պլանավորել են դրանից հետո ժողովրդավարացման գործընթացներ սկսել Միջին Ասիայում: Այսինքն՝ արտաքին զարգացումները անխուսափելի են, եւ ես ձեզ հետ համաձայն եմ այդ հարցում: Ընդամենը ժամանակի խնդիր է, եւ կարծում եմ, որ ԱՊՀ տարածաշրջանը դեպի Արեւմուտք է գնալու»: Ընդդիմությանը դուրս չդնելով այս գործընթացներից՝ մեր զրուցակիցը հայտարարեց, որ ընդդիմությունը հաշվարկելով արտաքին քաղաքական այս պրոցեսները, պետք է ներքաղաքական գործընթացներն այնպիսի հունով տանի եւ ընտրի ճիշտ պահը, որպեսզի արտաքին քաղաքական ազդակները եւ ներքաղաքական զարգացումները միաձուլված բերեն արդյունքի: Այս իրավիճակում մեզ մնում էր միայն հարցնել՝ դա ե՞րբ կլինի: Պատասխանը նույնն էր՝ հնարավորինս արագ. «Իշխանությունն այսօր ամեն ինչ անում է, որ ընդդիմությունը միասնաբար հանդես չգա: Իմ կարծիքով, ելնելով մեր երկրի ապագայի եւ ներկայի շահերից՝ ընդդիմությունը գոնե իշխանափոխության կամ հեղափոխության հարցում պետք է հանդես գա միասնաբար: Առիթն օգտագործելով, ուզում եմ դիմել իմ ընկերներին, եւ առաջարկել, որ այս հարցում հանդես գան միասնաբար եւ համագործակցեն: Այլ խնդիր է, որ արդեն նախագահական նոր ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը հանդես կգա որպես առանձին թեկնածու»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել