Բաց նամակ պրն Նազարեթ Բերբերյանին Աբովյան
1/4 հասցեում գտնվող շենքը՝ կառուցված 1910-14 թվականներին, ճարտարապետ Բ. Մեհրաբյանի
կողմից, Երեւանի պատմամշակութային եւ ճարտարապետական հուշարձաններից է: 2004 թ. դեկտեմբերին
այն թյուրիմացաբար դուրս է մնացել Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցանկից
եւ, շնորհիվ հասարակական դժգոհությունների, կրկին ներգրավվել է ցուցակի մեջ՝ ՀՀ կառավարության
ս.թ. փետրվարի 24-ի որոշման համաձայն: Քաղաքային իշխանությունները, ի դեմս
Երեւանի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանի, բազմիցս վստահեցրել են Երեւանի պատմամշակութային
հուշարձանների պահպանությամբ շահագրգիռ հասարակությանը, որ շենքը ապամոնտաժման եւ
տեղափոխման ենթակա չէ: Ասվում է նաեւ, թե Դուք բանավոր խոստում եք տվել, որ նշված
շենքը պահպանվելու է: Սակայն ներկայումս շենքը համարակալվում է, եւ այդ առիթով
հասարակական լայն շերտերի մեջ անհանգստության եւ վրդովմունքի նոր ալիք է բարձրացել:
Այս շենքը, ի թիվս այլոց, Երեւանի եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքային ճարտարապետության
արդեն իսկ փոքրաթիվ պահպանված նմուշներից մեկն է, այն կազմում է Երեւանի պատմության
եւ հայ մշակույթի համար այնքան նշանակալի՝ Աստաֆյան փողոցի ավանդական տեսարանի կարեւորագույն
հատվածը: Մայրաքաղաքի բնակչությունը խիստ անհանգստացած է քաղաքի պատմական կենտրոնի
հախուռն կերպարանափոխությամբ, պատմամշակութային եւ ճարտարապետական հուշարձանների
ոչնչացմամբ: Ուստի խնդրում ենք Ձեզ, որպես սեփականատիրոջ՝ հանդես գալ պաշտոնական
եւ հրապարակային հայտարարությամբ այն մասին, որ Աբովյան 1/4 շենքն իրոք չի ապամոնտաժվելու
եւ չի տեղափոխվելու: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ