Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ «ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

Ապրիլ 21,2005 00:00

Այս անգամ այն առնչվում է «Ինքնագիր»
հաղորդաշարին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում վարում էր բանաստեղծուհի
Վիոլետ Գրիգորյանը: Անցած տարեվերջին այս հաղորդաշարի վերջին հյուրը դարձավ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Եվ Վիոլետ Գրիգորյանը եթերում հայտարարեց, թե հաղորդաշարը
դադարեցվում է, լինելու է նոր ծրագիր: Սակայն թերեւս դադարեցումն անակնկալ էր, քանի
որ «Ինքնագիրը» դեռ 2 շաբաթ շարունակում էր նշվել ծրագրում, բացի այդ՝ եթեր չարձակվեց
վերջին հաղորդման կրկնությունը: Ի վերջո՝ չեղավ նաեւ նոր ծրագիրը: «Վազգեն
Մանուկյանի հաղորդումից առաջ մեկ այլ դեպք եղավ,- ասաց Վիոլետ Գրիգորյանը:- Իմ հյուրն
էր գուսան Տոտիկը: Հաղորդումը հեռարձակվում էր ուղիղ եթերով: Եվ կեսից արդեն ռեժիսորն
ասաց, որ ընդհատենք: Չէի հավատում, թե հնարավոր է նման բան»: Մեր հարցին, թե այդ
ի՞նչ էր ասում գուսան Տոտիկը, որ անհրաժեշտություն էր առաջացել հաղորդումն ընդհատել՝
պատմեց. «Նա խոսում էր ոստիկանության գործելակերպի մասին, որ «պլան» կատարելու համար
գործեր են սարքում: (Ի դեպ, հիշեցնենք՝ «Կենտրոնի» մեկ այլ հաղորդաշար եւս, որ վարում
էր Վահրամ Սահակյանը՝ դադարեց եթեր հեռարձակվել, քանի որ հեղինակը հոգնել էր պետավտոտեսչության
ղեկավարների հակադարձումներից եւ այլ բողոքներից.- Ա. Ի.): Գուսան Տոտիկը պատանի
տարիներին նստած է եղել ու խոսում էր այն մասին, որ գողական աշխարհում գործող օրենքներն
ու, եթե կա՝ բարոյականությունն ավելի գործող են, քան մեր պաշտոնյաներինը: Նաեւ իր
երգերից մեկն առաջին եւ գուցե վերջին անգամ հնչեց եթերում: Եվ ես ուրախ եմ, որ դա
իմ հաղորդման մեջ է եղել՝ երգ Հայաստանի մասին, որն ի տարբերություն եթերը լցրած
հայրենասիրական կոչվող երգերի շուշա-կանֆետային ոճի՝ ուրիշ տեքստ ուներ: Մոտավորապես
այս էր. «Հայաստան, քո ուղեղը հիվանդ է, / Հայաստան, սրտիդ մեջ ցավ ու դարդ է,/ Ե՞րբ
պիտի զույգ ոտքեր առնես, Հայաստա՛ն,/ գնանք մինչեւ նոր Հայաստան»: «Ա1+»-ին
եթերում փոխարինած այս հեռուստաընկերությունում գրաքննության առկայության մասին հարցին
ի պատասխան Վիոլետ Գրիգորյանն ասաց. «Քանի որ կացնային ձեւով չէր արվում՝ միշտ ինչ-որ
այլ պատճառաբանություններ էին բերվում, մտածում էի, թե պատահականություն է կամ գուցե
փնթիություն՝ մինչեւ որերո՛րդ անգամ չկրկնվեց նույնը: Ենթադրում եմ, որ ես ամենամիամիտն
եմ եղել՝ մյուսներն ավելի շուտ հասկացան»: Եվ ի շարս այլ օրինակների՝ պատմեց. «Հենց
հաղորդման օրը, որ պետք է ուղիղ եթեր գնար՝ կանխեցին, երբ հյուր էի կանչել բանաստեղծուհի
Գայանե Բաբայանին, որը 2004-ի ապրիլի 12-ի գիշերը պատահաբար հայտնվել էր Բաղրամյան
պողոտայում եւ պիտի ներկայացներ ականատեսի իր վկայությունները: Ստիպված էի չեղյալ
համարել պայմանավորվածությունը: Բայց չվիճեցի, քանի որ այդ պահին մտածում էի, թե
ուրիշ հաղորդաշար եմ ունենալու՝ թոք-շոու արվեստի գործերի մասին: Պետրոս Ղազարյանն
այդպես էր ներկայացնում, թե հիմա ժամանակավոր մի իրավիճակ է, ինքը «դոշ կտա» եւ կլինի
ուրիշ վիճակ»: Սակայն թերեւս չհաջողվեց ստեղծել այլ վիճակ: Պետրոս Ղազարյանը
հրաժարվեց գլխավոր տնօրենի պաշտոնից եւ դրժվեց նոր նախագծի վերաբերյալ պայմանավորվածությունը:
Ավելի ստույգ՝ դարձյալ տեխնիկական բնույթի պատճառաբանություններ բերվեցին, թե տաղավարներում
տեղ չկա եւ այլն: Ավելի՛ն: Վիոլետ Գրիգորյանը պատմում է. «Պետրոսի հեռանալուց հետո
ինքն ինձ հյուր էր կանչել իր «Կոմպրոմիս» հաղորդաշարին: Բայց պարզվեց, որ անցանկալի
եմ որպես հյուր անգամ: Երկու շաբաթվա ընթացքում ձգձգվող պայմանավորվածությունից հետո՝
արդեն հաղորդման օրը, երբ պիտի տնից դուրս գայի՝ զանգեց, ասաց, որ չի լինելու»: Հիշեցնենք,
որ «Ինքնագրի» ընդամենը 3 թողարկում էր եթեր հեռարձակվել, երբ մամուլում այն քննադատվեց:
«Քննադատությունը վերաբերում էր ոչ հաղորդման էությանը, այլ կեցվածքիս, թե ինչու
ձեռքիս թզբեհ կա կամ, թե ինչու են հյուրերս ասում այս տեքստերը եւ այլն»,- նշում
է Վիոլետ Գրիգորյանը: Սակայն հեռուստաընկերության նախկին սեփականատեր Գուրգեն Արսենյանը
պաշտպանեց «Ինքնագիրը»՝ նշելով, որ եթե հաղորդաշարն անտարբեր չի թողնում, ստիպում
է մտածել՝ արդեն իսկ վկայում է, թե այն կայացած է: Իսկ անցած տարեվերջին «Եթեր» շաբաթաթերթի
անցկացրած հարցումների համաձայն՝ «Ինքնագիրը» ճանաչվեց տարվա մշակութային լավագույն
հաղորդումը: Սակայն Վիոլետ Գրիգորյանն այժմ նախապատրաստում է բանաստեղծությունների
ժողովածու: Իսկ եթերին առնչվող ծրագրերը մնացին անավարտ: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Ի դեպ, այս պատմության մեջ եւս մի կողմ կա՝
ֆինանսական: Սակայն հրապարակումը պատրաստելու ընթացքում հավաստիացումներ ենք ստացել,
թե այդ խնդիրը լուծվելու է: Եթե խոստումը դրժվի՝ առանձին կանդրադառնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել