Սիրիան չի ճանաչում «Հայբուսակն» ու «Սուրբ Թերեզան»
Մեր տեղեկություններով, վերջերս Սիրիայի մամուլը մի քանի անգամ անդրադարձել է Հայաստանում գործող ոչ պետական բժշկական բուհերի գործունեությանը, կրթական որակին եւ հրապարակել փաստեր այն մասին, որ այդ բուհերը դիպլոմների վաճառքով են զբաղված: Այս խնդրին մենք արդեն անդրադարձել ենք՝ միաժամանակ հրապարակելով մեր ուսումնասիրությունների արդյունքները, որ անցկացրել էինք բժիշկներ «պատրաստող» երկու բժշկական ոչ պետական բուհերում՝ «Հայբուսակում» եւ «Սուրբ Թերեզայում»: Մեր ուսումնասիրությունների ընթացքում իբրեւ կրթության որակի չափորոշիչ ընտրել էինք ռուսաց լեզվի իմացությունը, որը տվյալ դեպքում ուսումնառության լեզուն է: Եվ արդյունքում հավաստի էր դառնում սիրիական մամուլում հնչած միտքը՝ դիպլոմների վաճառքի մասին. այս դեպքում խոսք է գնում անուղղակի վաճառքի մասին, երբ ուսանողը իրավաբանորեն գոյություն ունի բուհում, իսկ փաստացի՝ ոչ կամ էլ նրա գոյությունը ձեւական է, եւ բուհը գիտելիքների առումով ոչինչ չի տալիս իրեն՝ բացի դիպլոմից:
Երբ Սիրիայում սկսեց ամեն ինչ ջրի երես դուրս գալ, այսինքն՝ իր երկրում Հայաստանի դիպլոմը ճանաչելու համար քննություններ անցկացնելիս բարձրագույն կրթության նախարարությունը տեսավ, որ վերոնշյալ մասնավոր բուհերը ոչ մի գիտելիք էլ փաստորեն չեն տալիս իր երկրի «բժիշկներին», անհանգստության ալիք բարձրացրեց, եւ Հայաստանում արդեն սկսվեցին որոշակի ստուգումներ իրականացվել ԿԳՆ-ի կողմից: Արդյունքում՝ սիրիացի ուսանողների թիվն այս բուհերում կտրուկ նվազեց: Չմոռանանք մի կարեւոր հանգամանքի մասին. Սիրիայի կառավարության որոշմամբ, արտասահմանում սովորող ցանկացած ուսանող՝ ուղարկված լինի նախարարության կողմից, թե սեփական նախաձեռնությամբ եկած, ստանում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք: Եվ շատ սիրիացիներ պատրաստ են վճարել մեծ գումարներ՝ գալով այստեղ եւ ստանալով տարկետման իրավունք:
Մեր ձեռքի տակ կա Սիրիական «Al thawra» («Հեղափոխություն») թերթի 2005 թ. ապրիլի 8-ի հրապարակումը, որտեղ հեղինակը ներկայացնում է Հոմսի տարածաշրջանի մի քաղաքացու բողոք, որում ծնողը նախ հայտնում է, որ իր որդին (եւ նրա օրինակով տասնյակ ուսանողներ) դժվարություններ ունեն: Խնդիրը հետեւյալն է: «Որդիս Հոմսի «Օֆոք» («Հորիզոն») գրասենյակի միջոցով մեկնեց Հայաստան՝ դեղագործական կրթություն ստանալու: Նախքան մեկնելը նա դիմել էր Բարձրագույն կրթության նախարարության՝ արտասահմանում սովորող ուսանողների բաժին եւ ստացել տարկետման փաստաթուղթ: Նախարարությունը նաեւ հավաստիացրել է, որ դիպլոմը Սիրիան կվերահաստատի:
Առաջին կիսամյակն ավարտելուց հետո նա վճարել է գումար, որ կազմում է 200 հազար սիրիական լիրա (մոտ 4000 ԱՄՆ դոլար-Հ. Բ.): Ուսանողները անակնկալի են եկել երկրորդ կիսամյակում՝ Սիրիայի բարձրագույն կրթության նախարարության կողմից Հայաստանի որոշ համալսարանների վերաբերյալ հրապարակված որոշումից, ըստ որի՝ նախարարությունը չի ճանաչում այդ համալսարանների կրթությունը: Նրանցից պահանջվում է ռուսերենի իմացություն, որպեսզի հաջորդ տարի տեղափոխվեն այլ համալսարան: (Փաստորեն, հաստատվում է այն փաստը, որ այդ ուսանողները լեզուն չիմանալով «սովորել» են որոշ բուհերում- Հ. Բ.): Այս որոշումը փակուղու առջեւ է կանգնեցրել ուսանողներին եւ նրանց ծնողներին, գցել տեւական շփոթության մեջ՝ վերադառնա՞լ, շարունակե՞լ կրթությունը, որի արդյունքները երաշխավորված չեն, թե՞ տեղափոխվել այլ համալսարան»: Խնդրի իրողությանը ծանոթանալու համար հոդվածի հեղինակը դիմել է բարձրագույն կրթության նախարարի օգնական դոկտոր Աբդ Ալ-Մունիր Նաջմին եւ ներկայացրել բողոքը: Պաշտոնյան հայտնել է հետեւյալը. «Մենք որոշում ենք ընդունել չճանաչել հայկական երկու համալսարանները՝ «Հայբուսակը» եւ «Մայր Թերեզան» (խոսքը «Սուրբ Թերեզայի» մասին է- Հ. Բ.): Հատկապես դա վերաբերում է հետեւյալ մասնագիտություններին՝ բուժական գործ, ատամնաբուժություն եւ դեղագործություն: Որովհետեւ այդ երկու համալսարանները մասնավոր են եւ չեն ընդունվում Հայաստանի կառավարության կողմից (՞): Որպեսզի չփակենք դռները մեր որդիների առջեւ, թույլ ենք տալիս բոլոր շրջանավարտներին՝ անցնել մինչեւ 3 քննություն, որպեսզի դրանք հաջողությամբ հանձնելուց հետո միայն առողջապահության նախարարության լիցենզիայի համար ներկայացնեն պետականին հավասարազոր վկայականներ եւ հանձնեն բուն քննությունը (դիպլոմը վերջնականապես ճանաչելու համար- Հ. Բ.): Ինչ վերաբերում է նոր ուսանողներին, ապա նրանք պետք է անպայման տեղափոխվեն այլ համալսարան, որը ճանաչվում է Հայաստանում»:
Հարկ ենք համարում ավելացնել միայն, որ սիրիացի պաշտոնյան հայաստանյան համալսարանների մասին խոսելիս «կառավարության կողմից ընդունվող կամ չընդունվող» ասելով՝ հավանաբար տարբերակում է պետականն ու ոչ պետականը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ պարզաբանման մեջ ոչ պետական բուհերի կոնկրետ անուններ են նշվում:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ