Այս
օրերին, երբ ընդամենը մի քանի օր է մնացել Հայոց մեծ եղեռնի 90-ամյա ոգեկոչմանը,
եւ աշխարհի ամենատարբեր հատվածներում, հայրենիքում հայ ժողովուրդը վճռականորեն տեր
է կանգնում իր կորսված իրավունքներին, Հայաստանում կրկին սկսվում է ծրագրված, հայտնի
պատվիրատուներով քարոզչական ներկայացումը։ Տողերիս հեղինակը առիթ է ունեցել
մասնակիցը լինելու 1990-ականներին Հայ Դատի եւ ազգային գաղափարախոսությունը մերժելուն
ուղղված լայնամասշտաբ միջոցառումների հակազդեցությանը։ «Առավոտ» թերթի 2005
թ. ապրիլի 19-ի՝ Նաիրա Մամիկոնյանի ստորագրած հրապարակման թեզերն այն օրերին պետականորեն
հովանավորվում եւ դրվում էին հայ-թուրքական հարաբերությունների հայեցակարգի հիմքում:
Փորձ էր արվում պաշտոնապես արտաքին քաղաքականության օրակարգ բերել Հրաժարման միջոցով
հարեւանի հետ բարեկամանալու քաղաքական կուրսը։ Ավելին, հայտնի հաստատումները լայնորեն
օգտագործվում էին ներքաղաքական կյանքում, քաղաքական դաշտում՝ ստեղծելով ազգային գաղափարախոսություն
դավանող ուժերի հալածման եւ հետապնդման մթնոլորտ։ Թերեւս, մեր մտավորականներից շատերը
կհիշեն ազգային գաղափարախոսության գոյությունը ժխտելուն ուղղված «կոնֆերանսների»
շարքը, կհիշեն նաեւ այդ փորձերի փայլուն ձախողումը։ Ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյանը,
Հրաչիկ Սիմոնյանը, Վարդգես Միքայելյանը, Միքայել Քոթանյանը, Յուրի Խոջաբեկյանը, պրոֆեսորներ
Վլ. Նազարյանը, Յ. Սուվարյանը, Վլ. Ղազախեցյանը, Գ. Անանյանը եւ բազմաթիվ անվանի
այլ գիտնականներ, մշակույթի գործիչներ, հրապարակախոսներ ջախջախեցին հայտնի թեզերը,
գրվեցին պատասխան հոդվածներ, աշխատություններ։ Արդ, ընթերցողի տրամաբանությանն
ենք թողնում հարցը, թե ինչո՞ւ է հիմա վերակենդանացվում հին մեղադրանքների թղթածրարը։
Թերեւս կարելի էր մի փոքր համբերել, գոնե ապրիլի 24-ի նախօրյակին չիրականացնել քարոզարշավը։
Ինչեւէ, փորձենք մեկ անգամ եւս պատասխանել «մեղադրական» հրապարակումների մի
քանի հիմնական հարցադրումներին, որոնք կարելի է ամփոփել հետեւյալ կետերում: Առաջին.
Հայոց ցեղասպանության եւ հայկական կորուստների պատճառը հայ հեղափոխական կուսակցությունների
գործունեությունն է, կամ նրանք ունեն իրենց մեղքի մեծ բաժինը։ Երկրորդ. շարունակելով
տեր կանգնել Հայ Դատին եւ մեր ժողովրդի իրավունքներին՝ մենք վտանգում ենք Հայաստանի
Հանրապետության զարգացումը, անհնարին դարձնում մեր երկրի անկախ կենսագործունեությունը։
Ինչպես տեսնում ենք, մեղադրանքները երկու հարթության մեջ են՝ պատմական գնահատում
եւ ներկա ռազմավարական հայեցակարգի հստակեցում, մարտավարական մոտեցումների հարցեր։
Սկսենք առաջինից. այս թղթածրարի պատմությունը շատ հին է։ Դեռեւս 1890-ական
թվականների կեսերից, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեց կիրառվել արեւմտահայության
բնաջնջման քաղաքականությունը, սուլթանական պալատում մշակվեց հայ հեղափոխականների
«մեղավորության» առասպելը։ Դրանով փորձ էր արվում նենգափոխել իրականությունը, խեղել
պատճառահետեւանքային կապը։ Իրականություն էր, որ հայոց զինված ազատագրական պայքարը
սկսվեց իբրեւ պատասխան թուրքահայության բնաջնջման քաղաքականության։ Հայկական հեղափոխության
«մեղավորության» թեզով իրավիճակը շրջվում էր. դուրս էր գալիս, որ թուրքական պետությունն
էր պատասխանել հայ անջատողականներին։ Ժամանակին ՀՅԴ հիմնադիրներից մեկը՝ Ք. Միքայելյանը,
իր «Ամբոխային տրամաբանություն» փայլուն աշխատության մեջ մերկացրել եւ բացահայտել
է այս մեխանիզմի էությունը։ Խորհուրդ կտայինք մեր ընդդիմախոսներին ավելի լուրջ
մոտենալ արխիվներին եւ ընտրել ոչ թե այն, ինչ տվյալ պահին հիմնավորում է իրենց տեսակետը,
այլ հանդես բերել պատմաբանի համար անհրաժեշտ անաչառություն եւ ամբողջականություն։
Ավելին, այս տեսակետները ջախջախվեցին ժամանակի խոշորագույն քաղաքական, մշակութային
գործիչների եւ դիվանագետների կողմից։ Մեջբերումներ չանենք, սոսկ թվարկենք վերջիններիս
անունները. Մեծ Բրիտանիայի վարչապետներ Գլադստոն, Սոլսբերի, Կ.Պոլսում Ֆրանսիայի
դեսպան Պ. Կամբոն, Ռուսաստանի դեսպան Նելիդով, Գարիբալդիի զինակից գեներալ Չիպրիանի,
որ պատրաստ էր գալ եւ պայքարել հայ ժողովրդի հետ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Պրեսանսե,
հանրահայտ լրագրող Է. Դիլիոն, դոկտոր Լեփսիուս, դեսպան Մորգենթաու…
Երկար կարելի
է շարունակել այս ցանկը: Ծանոթացե՛ք արխիվներին, պարոնա՛յք։ Անգլիական կապույտ
գրքեր, ֆրանսիական դեղին գրքեր, Ռուսաստանի ԱԳՆ արխիվ:
Պետք է հասկանանք,
որ սուլթանական, ապա երիտթուրքական կառավարությունները սկսեցին պատմության մեջ աննախադեպ՝
մի ամբողջ ժողովրդի բնաջնջման քաղաքականություն։ Ֆրանսիայի դեսպան Պոլ Կամբոնը իր
արտաքին գործերի նախարարին հասցեագրված զեկուցագրում 1894 թ. փետրվարի 20-ին գրում
էր. «Երկու տարի առաջ մի բարձրաստիճան թուրք ինձ ասաց. «Հայկական հարց գոյություն
չունի, բայց մենք այն կստեղծենք»»։ Պարոնա՛յք ընդդիմախոսներ, մեր ժողովուրդը
երկու ճանապարհ ուներ՝ կա՛մ մեռնել առանց կռվի, կա՛մ մեռնել զենքը ձեռքին։ Եվ, ի
պատիվ մեզ, մենք ընտրեցինք երկրորդը, որի շնորհիվ փրկվեցինք ամբողջական բնաջնջումից։
Մի՛ մոռացեք, որ եթե չլիներ հայ հեղափոխությունը, չէր լինի Սարդարապատն ու այսօրվա
Հայաստանը։ Անդրադառնանք երկրորդ մեղադրանքին։ Պահանջելով մեր իրավունքները,
չհրաժարվելով Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից՝ մենք արդյո՞ք վտանգում
ենք մեր պետականությունը։ Հիշենք. 1991 թվականից մինչեւ 1998 թվականն ընկած
ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի նկատմամբ հատուկ սիրալիր քաղաքականությունը, ինչպես
նշվեց, կիրառվում էր հայոց պետական քաղաքականության մեջ։ Մեր դպրոցական ծրագրերից
անգամ հանվում էր Հայկական հարցի ժամանակաշրջանի դասավանդումը, պատմության վրա գիծ
խաչելու, նոր հարաբերություններ հաստատելու հրապարակային վստահեցումներ էին կատարվում։
Ո՞րն էր Թուրքիայի պատասխանը. հանե՞ց Հայաստանի շրջափակումը, բացե՞ց երկաթուղին,
դիվանագիտական հարաբերություններ հաստատե՞ց ՀՀ-ի հետ, թե՞ ավելի խստացրեց իր դիրքորոշումը
Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների ստեղծման հարցում՝ դա պայմանավորելով
Ղարաբաղից հրաժարվելու պահանջով։ Երբ դա էլ անեինք, ի՞նչ երաշխիք, որ հաջորդը Զանգեզուրը
չէր լինելու։ Ի վերջո, պիտի գիտակցենք, որ աշխարհը հարգում է սեփական արժանապատվություն
ունեցող հավաքականություններին, եւ պայքարը, որն արդար է եւ հիմնավորված, առաջադիմական
է ու բխում է ներկա քաղաքակրթության արժեքային համակարգից։ Հարցին հարցով
պատասխանենք. արդյոք Հայաստանն իրեն անվտանգ կարո՞ղ է համարել, երբ հարեւան երկիրը
անգամ բարոյական հարթության վրա ուրանում է պատմությունը, շարունակում ոչ դրացիական
քաղաքականությունը մի ժողովրդի հանդեպ, ում պարտք է։ Այդ պարտքի գիտակցումն այսօր
ունի ամբողջ աշխարհը, ուրեմն հասկանանք, թե ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում եւ ինչո՞ւ:
Սկսելով վերակենդանացնել անպտուղ, սնանկ, որեւէ հենք չունեցող հին բամբասանքը՝ հարվածում
ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման՝ համահայկական հնչեղություն ունեցող, հաջողություններ
արձանագրող գործընթացին: ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԱԺ
ՀՅԴ խմբակցության ղեկավարԱյն հրապարակումը, որին արձագանքում է պարոն Մկրտչյանը,
ամենեւին էլ ցեղասպանության փաստից հրաժարվելու գնով հարեւան Թուրքիայի հետ հարաբերություններ
հաստատելու մասին չէր: Այն առավել եւս հայ-թուրքական հարաբերությունների նպատակահարմարությանը
չէր առնչվում։ Հրապարակումն ընդամենը փաստական մեջբերումներ էր պարունակում հենց
դաշնակցական աղբյուրներից, որոնք վկայում էին ցեղասպանությունից շատ քիչ անց ՀՅԴ
գործիչների կողմից Թուրքիայի հետ հաշտության կոչեր անելու մասին, որոնք պարոն Մկրտչյանը
չի հերքել: