ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ԶՐԿԵԼՈՒ ԵՆ Հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստում որոշում
է ընդունվել վերանայել պատգամավորների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների բացարձակ
անձեռնմխելիությունը: Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն «Առավոտին» մանրամասներ
ներկայացրեց այս որոշման մասին. «Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության
ստամբուլյան գործողության պլանի անդամ երկրների կողմից 2004-ի հունիսին ընդունվել
են երաշխավորություններ մասնավորապես Հայաստանի համար, որ մաս է կազմում այդ կազմակերպությանը:
Երաշխավորությունների 10-րդ կետն է. «Ընդունել հստակ, պարզ եւ թափանցիկ մեխանիզմներ՝
անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Եվ վերանայել այն անձանց խմբերը, որոնք
օգտվում են անձեռնմխելիության կարգավիճակից: Վերանայել նաեւ անձեռնմխելիության ծավալները՝
միջազգային չափանիշներին համապատասխանությունն ապահովելու եւ, որ կանխարգելվի այն
անձանց կողմից չարաշահման հնարավորությունը, որոնք այս կարգավիճակը կօգտագործեն կոռուպցիոն
իրավախախտումների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով»: Եվ
հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստում քննարկվել է այս երաշխավորության կատարման
ընթացքը: «Ու քանի որ հարցն առնչվում է նաեւ սահմանադրական բարեփոխումներին՝ որոշում
է կայացվել այս ուղղությամբ աշխատել սահմանադրական բարեփոխումների ընթացքում»,- հայտնեց
Բագրատ Եսայանը՝ չցանկանալով կանխորոշել, թե ինչ ձեւով կարտահայտվեն անձեռնմխելիության
կարգավիճակի սահմանափակումները, եւ այնուամենայնիվ ընդգծելով, թե վերոնշյալ հանձնարարականը
պարտավորություն է, որ ենթակա է կատարման: Նախագահի խորհրդականը նաեւ հայտնեց.
«Հարցեր կան՝ կապված արդարադատության նախարարության հետ, որը պետք է հստակ սահմանի
անձեռնմխելիությունից զրկելու կարգը ու նաեւ, թե ո՛ր դեպքերում ու ինչպե՛ս կարելի
է որոշակի խմբերի պատկանող մարդկանց զրկել անձեռնմխելիությունից: Եվ մասնավորապես
կոռուպցիոն հանցագործության դեպքում որեւէ մեկն իրավունք չի ունենալու օգտվել անձեռնմխելիությունից»:
Ա. Ի.