Համամիտ
են Անցյալ շաբաթ «Հանրապետություն» կուսակցության համագումարում
այդ կուսակցության քաղխորհրդի մի քանի անդամների ու մասնավորապես նաեւ նախագահ Արամ
Սարգսյանի հայտնած տեսակետները՝ «հեղափոխություն» անելու եւ «ԱՊՀ-ի հետ պորտալար
կտրելու» վերաբերյալ, քաղաքական որոշ շրջանակներին ու մասնավորապես «Արդարություն»
դաշինքի անդամ կուսակցություններին այնքան էլ չէին ոգեւորել: Այդուհանդերձ, ընդդիմադիր
դաշտի որոշ այլ կուսակցություններ միանգամայն համամիտ են մասնավորապես Ա. Սարգսյանի
ելույթի այդ դրույթների հետ: Մեզ հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեցին եւ նախկին
նախարար Վահան Շիրխանյանը, եւ «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ
Մարգարյանը, որի ասելով՝ «Հայաստանում առկա են հեղափոխության բոլոր նախապայմանները,
եւ հիմա դրա շուրջ միավորման գործընթաց է սկսվել»: Վ. Շիրխանյանը նաեւ կարծիք հայտնեց,
թե իշխանության վերարտադրումը, ըստ էության, անհեռանկար եւ անիմաստ է: Ինչ վերաբերում
է ԱՊՀ-ին, ապա, նրա կարծիքով, այդ կառույցն ինքն ապացուցեց, որ կենսունակ չէ. «Ռուսաստանն
ինքն իր քաղաքականությամբ ապացուցեց, որ համախմբող դերակատարություն ունենալ չի կարող
այդ տարածքում եւ աստիճանաբար կորցնում է իր բոլոր դաշնակիցներին: ՌԴ-ն Հայաստանի
նկատմամբ որդեգրեց մի քաղաքականություն, որով ռուսամետ բնակչությանը վանեց իրենից:
Այսօր այդ խնդիրը վերածվել է յուրօրինակ ընտրության՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ Ռուսաստան:
Այդ դեպքում, իհարկե, ես ընտրում եմ առաջինը»: «Ազգային միաբանության» անդամ
Գագիկ Թադեւոսյանն էլ էր Ա. Սարգսյանի ելույթի հետ միանգամայն համամիտ. «Հռոմի Պապից
ավելի կաթոլիկ լինել չի կարելի: Արեւմտամե՞տ, թե՞ ռուսամետ հարցի պատասխանը հստակ
տրվեց, երբ Պուտինը հայտարարեց, որ ԱՊՀ-ն քաղաքակիրթ բաժանվելու ճանապարհ է: Ինչ
վերաբերում է հեղափոխության գաղափարին, ապա՝ դա միանշանակ ճիշտ է: Ալեքսանդր Առաջինին
Ալեքսանդր Երկրորդով փոխելու խնդիր չպետք է լինի. չի կարելի բուտաֆորիկ իշխանափոխություն
անել եւ փոխել նույն կլանի ներկայացուցչին մյուսով: Այն կլանը, որ այսքան սահմանադրական
խախտումներ է թույլ տվել, ոտնահարել է ժողովրդավարական սկզբունքները՝ չի կարող ժողովրդավարական
արժեքների կրողը լինել: Իհարկե, իշխանափոխությունը պետք է լինի ժողովրդական հեղափոխության
ճանապարհով: Հիմա շատ են խոսում նոր ֆորմատների մասին: Իմ կարծիքով՝ ոչ թե նոր ձեւաչափեր
պետք է որոնել, այլ ընդլայնել եղածը: Ես ողջունում եմ Ա. Սարգսյանի ելույթը, որի
հետ որեւէ գաղափարական կամ մոտեցումների տարբերություն չունենք»: Ըստ Աշոտ
Մանուչարյանի, Ա. Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է ասել եւ դրան ավելացնելու բան չկա: «Ինչ
վերաբերում է ԱՊՀ-ի հետ պորտալարը կտրելու գաղափարին, ապա որքան հասկացա, շարադրվում
էին Պուտինի մոտեցումները եւ գնահատականները: Այն, ինչի մասին խոսվում է, կայացած
իրողություն է»: Անդրադառնալով մեր հարցադրմանը՝ հեղափոխությունն ավելի շուտ Ադրբեջանում
կլինի՞, թե՞ Հայաստանում, նկատի ունենալով, որ առաջիկայում հենց Ադրբեջանում են ընտրություններ
սպասվում, պրն Մանուչարյանն ասաց. «Սա այն դեպքն է, երբ կարող է հաղթել երկու ժողովուրդների
եղբայրությունը»: Ն. Մ.