«Նոր ժամանակներ» կուսակցության պատվիրակության՝ երեկ Սեւան կատարած այցը ուղեկցվեց քաշքշուկ-ծեծկռտուքով, ավարտվեց՝ մարմնական վնասվածքներով:
Ըստ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, տեղի իշխանությունները դահլիճային հանդիպում էին արտոնել: Սեւանի մշակույթի պալատի մոտ հերթապահող ոստիկանը, որը հասկանալի պատճառներով ձեռնպահ մնաց ներկայանալուց, տեղեկացրեց, որ 20 րոպե առաջ հոսանքն անջատվել է: Ի դեպ, մեզ հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ հոսանքի անջատումներ վաղուց արդեն չեն լինում, ու եզրակացնում՝ «երեւի դիտմամբ են արել»: Ինչեւէ, Մշակույթի պալատի բակում հավաքված էր մոտ 500-600 մարդ, եւ Արամ Կարապետյանը դուրս եկավ նրանց մոտ: Մի քանի րոպե էր, որ պարոն Կարապետյանը սկսել էր ելույթը, հավաքվածներից մեկը՝ ներկայացավ Գարեգին, համառորեն փորձում էր բանախոսին ընդհատելով հարց տալ՝ անտեսելով ելույթի ավարտին սպասելու հորդորները: Այդ ընթացքում երիտասարդի համախոհները՝ մոտ տասը հոգի, որոնք հրապարակի տարբեր հատվածներում էին կանգնած, հայհոյանքների ու վիրավորանքների տարափ էին տեղում ՆԺ ղեկավարի եւ կուսակցության անդամների հասցեին:
Իսկ Գարեգինի հարցը հետեւյալն էր՝ «Ես մարտնչել եմ հենց մեր ավազանի պաշտպանության, պահպանության եւ ազատագրման մարտերում՝ սկզբից մինչեւ վերջ: Սեյրանի ջոկատից էլ եմ եղե, Մուրադի ջոկատից էլ, գեներալ-լեյտենանտ Մանվելի ջոկատից էլ: Էդ ամեն ինչը տեսել եմ, իսկ դուք հիմա եկել կանգնել եք՝ հեղափոխություն: Ի՞նչ հեղափոխության մասին ա խոսքը, դուք ո՞ւր էիք էդ տարիներին: Կռիվը հաղթեցինք, պետություն եղավ, կայացավ պրծավ, դուք էլ Ասու հաջողությամբ լավ փողեր էիք աշխատում, հմի նոր եկել ես ստեղ ի՞նչ ես ուզում, մեռնեմ սրտիդ, լավ բան ես ուզում՝ արա…»: Հարցի պատասխանին, սակայն, երիտասարդը չսպասեց: Վիճաբանության բռնվեց իրեն նախատող տարեցների հետ: Վեճը վերաճեց ծեծկռտուքի: Արդյունքում ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվեց ՆԺ երիտասարդական թեւի անդամ, ԵՊՀ ուսանող Գարեգին Պետրոսյանը: Կարգը պաշտպանող մի ոստիկան ասաց, որ կրակողին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Այդ նույն պահին, ոստիկանի ներկայությամբ, մի երիտասարդ պնդում էր, որ ինքը տեսել է, թե կրակողն ինչպես է դիմել փախուստի՝ նստելով կարմիր գույնի «21-06» մակնիշի մեքենան: Ի դեպ, ոստիկանները բավականաչափ անխռով էին վերաբերվում այդ զարգացումներին: Տպավորություն էր, որ թամաշայի էին եկել: Ժողովրդի մի մասը պնդում էր, որ Գարեգինը եւ իր համախոհները Գորիսի բնակիչներ են: Ոմանք ասում էին, որ սեւանցիներ են՝ «ստից են ասում, որ ստեղացի չեն»:
Իսկ այդ իրադարձություններին հավաքվածների վերաբերմունքն այսպիսին էր. «Սրանք կազմակերպված շանտաժիստներ են, փողը տվել՝ քցել են մեյդան: Սարքած բան ա, ում պարզ չի, որ…»: Ավելի ուշ, հիվանդանոցի բժիշկ Արմեն Գրիգորյանը, առանց պատճառաբանության, նյարդային եւ կոպիտ տոնով հրաժարվեց տուժածի առողջական վիճակի մասին տեղեկություններ տալ:
Միջադեպը հարթելու եւ հանդիպումը շարունակելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Այս ամենի վերաբերյալ Արամ Կարապետյանի վերաբերմունքն այսպիսին է. «Հեղափոխական ալիք կա, բայց վախեցրած ա, կողքից մի խումբ սադրիչներ ա դրված բոլոր տեղերում, որոնք էլ գալիս-վրա են տալիս ու փախնում-գնում են: Ժողովրդին չես կարողանում բացատրել, որ մարդիկ էլ հասկանան, կարողանաս շփվել, առաջ սենց բաներ չկային…»: Ի դեպ, կուսակցության քաղաքական քարտուղար Էդուարդ Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք նախապես տեղյակ են եղել, որ դեպքերի նման զարգացումներ պիտի լինեն: Ուստի ՆԺ նախագահն ու փոխնախագահը առավոտյան այցելել են ոստիկանություն՝ ՀՀ ոստիկանապետին տեղեկացնելու եւ կարգի պահպանում ապահովելու խնդրանքով: Նրանց ասել են, որ Հայկ Հարությունյանը բացակայում է հանրապետությունից, իսկ տեղակալները զբաղված են հանցագործներ որսալով ու չեն կարող Ա. Կարապետյանին ընդունել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ