Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԳՆԱՀԱՏՎԱԾ ՎԱՍՏԱԿ

Ապրիլ 20,2005 00:00

ՉԳՆԱՀԱՏՎԱԾ ՎԱՍՏԱԿ Ինչպես է կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Երբ տեղի ունեցավ Չեռնոբիլի վթարը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը 54 տարեկան էր եւ արդեն նախագծել էր «Զվարթնոց» օդանավակայանը, Եղեռնի հուշարձանը, Մարզահամերգային համալիրը, Երիտասարդական պալատը, «Ռոսիա» կինոթատրոնը, բազմաթիվ այլ հուշարձաններ, Սեւան եւ Աբովյան քաղաքները, տիպային մի շարք շենքեր: Վթարից մեկ ամիս անց երեք ռուս ճարտարապետների հետ նա մեկնում է մասնակցելու Չեռնոբիլի ատոմակայանի շուրջ սարկոֆագի կառուցմանը: Հետաքրքիր եւ անհանգիստ բնավորությամբ ճարտարապետը հայտնվում է ամենադժվար ու բարդ տեղերում: Մեկնելով Չեռնոբիլ, նա երեք րոպեի փոխարեն, սեփական նախաձեռնությամբ, 10 րոպե ուղղաթիռից զննում է ատոմակայանը: Հավանաբար այդ գործին եւ Չեռնոբիլի մերձակա Սլավուտիչ կոչվող քաղաքի կառուցմանը իր մասնակցությունը բերելով, Ա. Թարխանյանը ստացավ ռադիոակտիվ ճառագայթների մի այնպիսի չափաբաժին, որ մեկ տարի անց տեղափոխվեց հիվանդանոց՝ գլխուղեղի անբավարար սնուցում ախտորոշումով: Երեւանում 40 օր պահելուց հետո, բժիշկները հայտարարում են մոտալուտ մահը: Ճարտարապետի կինը իր պատասխանատվությամբ նրան տեղափոխում է Մոսկվա, որտեղ անհապաղ երկու վիրահատություն են կատարում, ասելով, սակայն, որ շատ են ուշացրել: Միայն այն պատճառով, որ վիրահատությունը անմիջապես չի կատարվել, վիճակը բարդանում է: Մոտ 2-3 տարի պետք եղավ, որ նա վերականգնվի, սակայն այլեւս չկարողացավ ստեղծագործել: «Հայրիկն իր ամբողջ երիտասարդությունն անցկացրել է Հայաստանի լեռներում՝ նկարելով եկեղեցիները,- պատմում է ճարտարապետի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը:- Ու երբ նրան հարցնում են, թե որտեղի՞ց իր այդ գերժամանակակից ոճը, նա միշտ ասում է՝ հայկական եկեղեցիներից»: Իր ողջ կյանքը ազգին նվիրած ճարտարապետը որեւէ գնահատանքի չի արժանացել: Ու երբ արդեն հիվանդ էր, նրան այցելողները միայն մտերիմներն էին: Կաթված ստանալուց հետո վիճակն ավելի էր ծանրացել: «Մեր պետական այրերը մոռացան մարդու վաստակը եւ որեւէ կերպ չհիշատակվեց նրա գործունեությունը: Վիրավորված եմ,- ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:- Անցյալ ամռանը շատ շոգ էր եւ ռադիոակտիվությունը բարձր էր: Հայրիկը վատացավ ու ես դիմեցի Կարմիր խաչի հետվերականգնողական կենտրոնի տնօրենին՝ խնդրելով նրան վերցնել բժիշկների հսկողության տակ: Պարզվեց՝ տեղ չկա, չնայած պատրաստ էինք վճարել: Նույնիսկ նախարարության ուղեգիրը չօգնեց: Տխուր է մեր իրականությունը: Եթե այսօր Թամանյանին, որ Նժդեհի, Թումանյանի, Սարյանի կողքին մեր ազգային հերոսն է, որ 9 լեզու գիտեր, եթերում ներկայացնում են որպես անգրագետ, մաստակ ծամող մի անձնավորության, այլեւս սպասելիք չի մնում: Մինչ այսօր Թամանյանի արածի իրական գնահատականը ոչ ոք չի տվել: Ինչպես կրթվի երիտասարդությունը, երբ եթերի տերերն իրենք են անգրագետ»: Հետաքրքիր շատ դեպքեր են եղել ճարտարապետի կյանքում: Դրանցից մեկը կապված է Եղեռնի հուշարձանի հետ: Այն նախագծել են Սաշուր Քալաշյանի հետ միասին: Նախնական տարբերակը եղել է գետնափոր խաչ, որի մոտ 7 մետր բարձրության թեւերի մեջ վառվել է հավերժական կրակը: Նախագիծը արժանացել է հավանության, սակայն սարսուռազդու եւ ճնշող է եղել, ուստի առաջարկել են փոխել: «Դրանից հետո ծնվեց այս հուշարձանի նախագիծը, որի կառուցման համար անհրաժեշտ էր 3 մլն ռուբլի,- պատմեց ճարտարապետը,- նախատեսված էր տրամադրել 1 մլն: Ես գնացի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանի մոտ, որն ընդունեց եւ լսեց ինձ՝ 27-ամյա երիտասարդիս: Բացատրեցի, որ լիարժեք հուշարձան ունենալու համար 3 մլն է պետք: Ի՞նչ է, ուզում ես ինձ աշխատանքից ազատեն, Մոսկվան 1 մլն է տրամադրել՝ ասաց նա: Ես պնդեցի, որ կգնամ ու կնստեմ Կենտկոմի առջեւ եւ գումար կմուրամ: Վստահ եմ, որ 3 մլն հայից յուրաքանչյուրը 1 ռուբլի կտա եւ գումարը կգոյանա: Ասածս արեցի: Մինչ երեկո ԿԳԲ-ն գնաց-եկավ եւ, ի պատիվ Զարուբյանի պիտի ասեմ, որ նա ետ կանչեց ինձ եւ ասաց՝ համոզեցիր, 3 միլիոնը կստանաս, բայց իմացիր, որ սա իմ կարիերայի վերջն է: Մինչ այժմ ոչ ոք չի տվել այդ՝ իրոք մեծ հայի եւ գործչի ճշգրիտ գնահատականը: Նա տվեց գումարը, սկսվեց հուշարձանի շինարարությունը եւ Զարուբյանին ազատեցին աշխատանքից»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել