Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝

Ապրիլ 20,2005 00:00

Հայաստանը՝ հայաստանցուն, Ղարաբաղը՝ Ռուսաստանին Մարքսիստները թուրքերին ոչինչ չեն տա «Եթե գործը հասել է նրան, որ պաշտպանության նախարարն է նախագահի տեղը ազատագրված տարածքների ու արցախյան հիմնահարցի մասին խոսում, ուրեմն նախագահն իրեն ինքնամեկուսացրել է եւ երկրի քաղաքական իրադրության վրա չի տնօրինում: Սա իշխանափոխության ամենապրյամոյ ցուցումներից մեկն է,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:- Եվ եթե պաշտպանության նախարարն էլ էդ մակարդակին ա, որ ճրագով բանասեր դարձած մարդը մի ճմռթված թղթի կտոր ա գրպանից հանում ու պատմական Տիգրանակերտն ասում ա Աղդամն ա՝ էդ մերը չի եղել, ոնց մեզ ուզենք… Իսկ մենք ասում ենք, որ թուրքերին ոչինչ տալու չունենք: Շահարկման առարկա կարող են լինել Նախիջեւանը, պատմական Ուտիքը, վեց վիլայեթները եւ մեկ միլիոն ազգաբնակչությունը, որ բռնի դեպորտացվել է: Այդ տարածքներն այդ մեկ միլիոն բնակչության տարածքներն են»: Հիշեցնենք, որ հարցի հանգուցալուծման մարքսիստների առաջարկած տարբերակը հետեւյալն է՝ եթե արտաքին դիվանագիտական ճնշումն այն աստիճան է, որ մենք անկախություն հռչակել չենք կարող, ուրեմն Ղարաբաղը հանրաքվեով դառնում է Ռուսաստանի սուբյեկտ: «Մենք՝ մարքսիստներս, երբեք 18 հազար քառակուսի կիլոմետր պատմական Արցախը, ըստ Գյուլիստանի պայմանագրի, Սովետական Ղարաբաղի 4 հազարի հետ չենք փոխի: Ով կհամարձակվի փոխել՝ հաջորդ օրը պետք է գնա իմփիչմենթի»,- ասում է Դավիթ Հակոբյանը: Ընդհանրապես, մեր զրուցակցի համոզմամբ, ղարաբաղյան հարցի խորհրդարանական քննարկումների ժամանակ՝ «իշխանությունները վերջնականապես ապացուցեցին, որ բթամիտ են, քաղաքական մտքի մոդուլյատորի դեր ստանձնել չեն կարող, ազատագրված տարածքների՝ պատմա-առօրեա-իրավագիտական հիմնավորվածությունը չկարողացան միջազգային հանրությանը տալ: Դիվանագիտությունը կրախ է մտել»: Այս ամենից ելնելով՝ Դ. Հակոբյանը հայտարարում է, որ Հայաստանում իշխանափոխությունը պատմական անհրաժեշտություն է, որի սկիզբը պետք է լինի ընդդիմության կոնսոլիդացիան: Ինչը, սակայն, մարքսիստը չի տեսնում, քանզի՝ «ամեն երկրորդն իրեն Արշակ Երկրորդ է երեւակայում»: Հանուն «ազգային գենոֆոնդի կենսաբանական անվտանգության, երկրի արտադրողական ուժերի զարգացման», մեր զրուցակիցը պահանջում է «նոր գաղափարական սերնդափոխություն»: Նա նաեւ համոզված է, որ սպասվելիք իշխանափոխությունը Հայաստանում կլինի ներքեւից եւ՝ «Գահի համար պայքարում գաղթականության կադրային ռեզերվը չի օգտագործվի: Երրորդ նախագահն անպայման մայր Հայաստանի կադրն է լինելու: Ռուսական եւ ամերիկյան սփյուռքներից ջատագովները թող իրենց կրքերն իրենց պահեն»: Դ. Հակոբյանը կասկած չունի, որ այս անգամ իշխանափոխությունը կբերի «սկզբունքորեն նոր պետական մեքենայի ձեւավորում՝ հասարակության հանդեպ նոր ֆունկցիոնալ պարտականություններով»: Իսկ ի հեճուկս իշխանությունների՝ «ուժի մասին խոսակցությունների», պարոն Հակոբյանը համոզված է, որ Հայաստանում արտահերթ իշխանափոխություն է լինելու: Դրա վկայությունը, ըստ նրա, նաեւ սահմանադրական բարեփոխումների եւ ԸՕ-ի փակուղի մտած քննարկումներն են, ծայրահեղ սոցիալական բեւեռացումը, արտադրողական ուժերի զարգացման բացակայությունը, երկրի տնտեսական եւ քաղաքական անկախության բացակայությունը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել