Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ

Ապրիլ 20,2005 00:00

Ի՞ՆՉ ԴԵՐ ՈՒՆԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ 2000 թվականից բարեփոխումների շրջանակներում հանրակրթական դպրոցներում սկսվեց ներդրվել խորհուրդներով կառավարման ձեւը: Նորամուծության նպատակն էր դպրոցական կառավարման ֆինանսական ոլորտում գործունեությունը հնարավորինս պարզ ու թափանցիկ դարձնել՝ իրականացնելով համապատասխան վերահսկողություն, միանձնյա կառավարումից անցում ժողովրդավարականի՝ աստիճանաբար պակասեցնելով վերադաս մարմնի դերը: Ինչպես նաեւ ամեն կերպ աջակցել կրթության որակի բարելավմանը, ապահովել ներդրումներ: Իսկ դրա համար պետք էր ստեղծել կրթությամբ շահագրգիռ մարդկանց մի խումբ, որը կազմված կլիներ ծնողներից (ովքեր այդ դպրոցում սովորող երեխաներ ունեն), ուսուցիչներից (որ աշխատում են տվյալ դպրոցում) եւ կառավարման մարմնի ներկայացուցիչներից (որոնց շահագրգռությունը ոչ միշտ է ի նպաստ կրթության): «Մի քանի տարի առաջ տարբեր մարզերի 57 դպրոցներ միանգամից տվեցին գյուղապետարաններին: Հետո պարզվեց, որ համայնքը չունի կրթություն կառավարելու ո՛չ փորձ, ո՛չ խնդիր: Կրթություն կառավարելու հանրային գրագիտության պակաս էր նկատվում, եւ առաջ եկավ վերապատրաստման խնդիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը: Խնդիրն այն էր, որ սկզբում խորհուրդներն իրենց վրա էին վերցրել միայն տնօրենափոխության հարցը եւ այն դարձրել գերխնդիր: «Երկար ջանքեր թափվեցին, որ խորհուրդներն իրենց օժանդակող զգան եւ ոչ թե՝ թելադրող,- ասում է Վ. Մարտիրոսյանը: -Այսօր որոշակի ձեւականացում ի հայտ է գալիս: Սրա պատճառներից մեկը զբաղվածության խնդիրն է՝ միեւնույն անձը մի քանի դպրոցներում միաժամանակ ընդգրկվում է խորհրդի կազմում: Մյուս կողմից կառավարման մարմինների ներկայացուցիչները կոմպետենտ չեն գործին: Մի շրջան էլ եղավ, երբ դպրոցի տնօրենները միջամտում էին հարցին եւ ուզում էին, որ իրենց խորհրդի անդամները հզոր մարդիկ լինեին, որոնց հնարավոր կլիներ օգտագործել թե՛ ընտրություններում իրենց պաշտպանելու, թե՛ ներդրումներ ապահովելու հարցում»: Ի՞նչ են այս մասին մտածում տնօրենները: Թիվ 20 դպրոցի տնօրեն Նարինե Հովհաննիսյանը խորհուրդների գոյությունը մի կողմից ձեւական է համարում եւ չի տեսնում դրանց անհրաժեշտությունը, հզորությունը, մյուս կողմից էլ նշում է, որ իր բախտը բերել է համայնքի ներկայացուցիչների հարցում, որոնք սրտացավ մարդիկ են եւ դպրոցին օգնում են՝ որոշակի ներդրումներ ապահովելու գործում: Տիկին Հովհաննիսյանը չի ընդունում այն փաստը, որ խորհուրդը պետք է դպրոցի տնօրեն ընտրի, որովհետեւ, ըստ նրա, խորհուրդը չի կարող օբյեկտիվ մոտենալ հարցին. «Խորհրդի կազմում եղած ուսուցիչները կամ ծնողները բնականաբար ուզում են իրենց կոլեկտիվի անդամին, բայց գուցե դրսից մեկն ավելի պրոֆեսիոնալ է, քան ներսինը: Եվ հակառակը»: Թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանն ասում է. «Դպրոցական խորհուրդն այսօր, իմ կարծիքով, 0-ական գործառույթ ունի: Եթե ես՝ տնօրենս, ինձ հաշվետու չեմ զգում իմ համայնքի առջեւ, ես այնքա՜ն ձեւեր կգտնեմ ֆռռացնելու: Խորհուրդն այսօր միայն դպրոցի տնօրեն է նշանակում եւ այն էլ՝ ոչ ի շահ կրթության, այլ ի շահ մեկի: Ամեն ինչ կազմակերպվում է, ամեն պայման ապահովվում է, որ այսինչի բարեկամը, այնինչ պաշտոնյայի կինն անցնի, հաճախ՝ ոչ դպրոցը ճանաչող մեկը»: Տիկին Բախշյանը հիշեցնում է թիվ 66 դպրոցի տնօրենի վերջին ընտրությունները. կոլեկտիվն իր ընտրյալն ուներ, սակայն անցավ հանրապետականների հովանավորությունը վայելող թեկնածուն՝ խորհրդի կազմում եղած թաղապետարանի ներկայացուցիչների որոշակի ճնշումների արդյունքում: «Վստահ եմ, որ դպրոցում երկար տարիներ ուսմասվար աշխատած մեկի (որին կոլեկտիվն ուզում էր) արդյունավետությունը շատ ավելի բարձր կլիներ: Բայց տնօրեն դարձավ կողմնակի մեկը: Խորհուրդները ուռուցքի նման բերեցին-կպցրին դպրոցներին»: Հնարավոր ճնշումների եւ կառավարման մարմինների ազդեցության մասին կարծիքին հակադարձում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանը: «Եթե մնար նույն կարգը, ըստ որի քաղաքապետն է նշանակում տնօրեն, ապա եթե այդ քաղաքապետը հանրապետական է, ուրեմն բոլոր տնօրենները պետք է հանրապետակա՞ն լինեին: Այս նախագծով դիմակայման մեխանիզմներ գտնելու փորձ է արվում: Ի՞նչ վատ բան կա, երբ թաղապետն իր թեկնածուն ունի իր թաղում գտնվող որեւէ դպրոցի տնօրենի նշանակման հարցում: Բայց դրա կողքին դրված է նաեւ այլ մեխանիզմ՝ թույլատրվում է, որ ծնողն էլ իր ձայնը բարձրացնի, եւ ամենակարեւորը՝ դպրոցը՝ մանկավարժն էլ իր ձայնը բարձրացնի: Այս պահին որքանո՞վ է արդյունավետ այս համակարգը՝ սա է խնդիրը: Հիմա դրանք քիչ արդյունավետ են, եւ այդպես էլ պետք է լինի. որեւէ մեխանիզմի ադյունավետությունը մի քանի տարվա մեջ եթե 40-50 տոկոս է, դա նորմալ է»: Վիկտոր Մարտիրոսյանը տնօրենների ընտրության մասին ասում է. «Դա կապված է հանրության մեջ ընդհանուր ընտրական կուլտուրայի հետ: Գիտենք՝ ինչպես են կատարվում այսօր համայնքային ընտրությունները, գյուղապետերինը: Այդ ամենը գալիս, իր արձագանքն է գտնում նաեւ դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ: Բայց վերջին շրջանում շատացել են դեպքերը, երբ դպրոցի կոլեկտիվը կանգնում եւ պայքարում է իր համար ընդունելի թեկնածուի համար: Գոնե որոշ չափով առաջընթաց է, նախկինում կաբինետներում նստած նշանակումներ էին անում եւ վերջ: Իհարկե, սա չի նշանակում, որ մեխանիզմները կատարյալ են, դրա համար ժամանակ է պետք»: Տնօրենների շրջանում մեր կատարած հարցումներից պարզ դարձավ, որ տնօրենը կարող է խորհուրդն օգտագործել՝ իր իսկ աշխատավարձը բարձրացնելու համար: Կա պետության կողմից հաստատված մինիմում աշխատավարձ, եւ քանի որ բյուջեն վերջնականապես հավանության է արժանացնում խորհուրդը, ելնելով բյուջեից, ցանկացած աշխատողի աշխատավարձը կարող է բարձրացվել՝ մնացորդային գումարի շրջանակներում: «Եղել են դպրոցներ, որտեղ տնօրենները փորձել են իրենց համար բարձր աշխատավարձ ներկայացնել,- հաստատում է պրն Մարտիրոսյանը,- այստեղ կա նաեւ բարոյականության խնդիր. ի՞նչ ֆոնի վրա ի՞նչ աշխատավարձ ես ստանում: Կրթության միջոցով կարելի է քաղաքականություն ձեւավորել՝ հասարակություն եւ անձ ձեւավորել, դա ամենակարեւոր քաղաքականությունն է: Բայց չի կարելի կրթության մեջ պաշտոնների եւ տնօրենների քաղաքականացում կատարել: Այլ բան է, որ դպրոցի տնօրենը քաղաքացի է եւ կարող է ունենալ իր քաղաքական հայացքները»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել