Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» սկսում է մատուցել IP հեռախոսակապի ծառայություն

Ապրիլ 20,2005 00:00

«ԱրմենՏելը» սկսում է մատուցել IP հեռախոսակապի ծառայություն Երեկ մամլո ասուլիսի ժամանակ «ԱրմենՏելի» ղեկավարությունը տեղեկացրեց ընկերության կողմից մատուցվող նոր ծառայության մասին։ Ապրիլի 25-ից «ԱրմենՏելը» կսկսի մատուցել ինտերնետ հեռախոսակապի (IP) ծառայություն։ Հիշեցնենք, որ անցած տարի թիվ 60 լիցենզիայում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ նման ծառայություն մատուցելու իրավունքը վերջնականապես սահմանվեց որպես «ԱրմենՏելի» մենաշնորհ։ Սակայն պարզվում է, որ այդ նոր ծառայության մատուցման որոշումը «ԱրմենՏելում» էլ այդքան հեշտությամբ չի ընդունվել։ «Երբ այս ծառայությունը ներմուծվեց, որոշ մարդիկ կարծիք հայտնեցին, որ ընկերության եկամուտը կնվազի, քանի որ նոր ծառայությունը ավելի էժան է,- հայտարարեց «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆեթսիսը՝ ավելացնելով,- բայց մենք ապացուցեցինք, որ դա այդպես չէ։ Նոր ծառայությունը հայաստանցիներին հնարավորություն կընձեռի ինտերնետի միջոցով մոտ 5 անգամ էժան (կախված երկրից) կապ հաստատել արտերկրում բնակվող իրենց հարազատների հետ»։ Ճիշտ է, այս ծառայությունը թեեւ «ԱրմենՏելը» մատուցում է առաջին անգամ, սակայն Հայաստանում այն նորություն չէր։ Բայց «ԱրմենՏելը» տվյալ դեպքում խոստանում է մատուցել շատ ավելի որակյալ եւ հարմարավետ ծառայություն, քան այդ ոլորտում գործունեություն ծավալած այլ ընկերությունները։ Որպես ապացույց՝ ընկերության ներկայացուցիչները առաջարկեցին ասուլիսի մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներին կատարել այդ ծառայության առաջին զանգը։ Ի վերջո, զանգվեց Մոսկվա, եւ այդ խոսակցության ընթացքում մոսկովյան զրուցակիցը հայտարարեց, որ լսվում է շատ լավ, խանգարումներ չկան եւ այլն։ Փաստենք նաեւ, որ այդ խոսքերը եւս, որոնք լրագրողները լսում էին հեռախոսի բարձրախոսի միջոցով, իրենց հերթին էին շատ պարզ, բարձր, առանց խանգարումների։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իրոք մատուցվում է բարձրորակ ծառայություն։ Ինչ վերաբերում է այդ կապի տեխնիկական կողմին, այսինքն՝ թե քաղաքացիներն ինչպես կարող են օգտվել դրանից, ապա ինչպես տեղեկացրին «ԱրմենՏելի» ներկայացուցիչները, վաճառվելու է 3 տեսակի քարտ՝ երկուսուկես, հինգ եւ տասը հազար միավորանոց (մեկ միավորը տվյալ դեպքում հավասար է մեկ դրամի)։ Թե ինչպես պետք է վարվի քաղաքացին զանգելու համար, մանրամասն հրահանգավորված է տվյալ քարտի վրա։ Ինչ վերաբերում է գներին, ապա ներառյալ ավելացած արժեքի հարկը, օրինակ, Մոսկվա կարելի է զանգել 1 րոպեն 69 դրամով, Ռուսաստան՝ 1 րոպեն՝ 83 դրամ (ներառյալ՝ բջջային հեռախոսակապը) եւ այլն։ Այսինքն՝ փաստենք, որ գործ ունենք բավական մատչելի սակագների հետ։ Ի դեպ, «ԱրմենՏելի» ներկայացուցիչները հայտարարեցին նաեւ, որ իրենք սահմանել են ավելի ցածր գներ, քան այն, որոնք հաստատվել են լիազոր մարմնի՝ կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից։ Ինչ վերաբերում է նոր ծառայության հարմարավետության մասին պնդումներին, ապա «ԱրմենՏելի» ներկայացուցիչները որպես ապացույց նշեցին այն հանգամանքը, որ ցանկացած քաղաքացի, որն ունի ստեղնային հեռախոս, կարող է առանց տնից դուրս գալու, նման ծառայություններ մատուցվող այլ վայրեր այցելելու, տնից հանգիստ զանգահարել ցանկացած ուղղությամբ, ունենալ որակյալ կապ, եւ «հաջորդ օրը ոչ ոք չի գա նրա տուն՝ գումարը գանձելու»։ Կան բազմաթիվ այլ հարմարավետություններ եւս, որոնք, բնականաբար, հնարավոր չէ ներկայացնել մեկ հրապարակման միջոցով։ Սակայն «ԱրմենՏելը» խոստանում է, որ առաջիկա օրերին կսկսի լայնածավալ գովազդային ծրագիր, որի շնորհիվ այդ բոլոր խնդիրներին պոտենցիալ բաժանորդները լիարժեքորեն կծանոթանան։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել