Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ

Ապրիլ 20,2005 00:00

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ՞ Է, ԹԵ՞ ԻՆՔՆԱԹԻՌ Այս բողոքն «Առավոտին» հղած 35 ուղեւորների մի մասն արդեն Հայաստանից վերադարձել է իր բնակության վայրը՝ հետը տանելով «Արմավիայից» ստացած զայրույթն ու վիրավորանքը: «Մարտի 31-ին նախատեսված թիվ 102 Փարիզ-Երեւան ուղիղ չվերթն առանց միջանկյալ վայրէջքի չկայացավ: Նույն օրը, Շառլ դե Գոլ օդանավակայանում, թռիչքից անմիջապես առաջ մեզ տեղեկացրին, ընդ որում՝ առանց ներողության ու պատճառաբանության, որ ինքնաթիռը վայրէջք պիտի կատարի Ամստերդամի օդանավակայանում՝ ուղեւոր վերցնելու նպատակով: Երկու ժամ ինքնաթիռում սպասեցնելուց հետո, ուղեւորների խիստ պահանջով օդանավի անձնակազմը բարեհաճեց տեղեկացնել, որ ինքնաթիռն անսարք է, պետք է նախ մեկնի Ֆրանկֆուրտ՝ մեքենան վերանորոգելու: Իսկ թռիչքն սկսելուց հետո պիտի իջնենք Ամստերդամ՝ արտոնյալ ուղեւորներին վերցնելու: Այդպես էլ եղավ: Թե ինչ ապրեցինք այդ 28 ժամվա ընթացքում յուրաքանչյուրս՝ կարող է հասկանալ միայն նման իրավիճակում հայտնվածը: Ինքնաթիռում գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներից առաջին անգամ հայրենիքում հյուրընկալվող տարեցներ եւ երեխաներ: Հիասթափությունն ու տանջալի հուզմունքը չէ, որ պիտի դիմավորեր նրանց՝ հայրենիքը տեսնելու եկածներին»,- իրենց գլխին եկածը հակիրճ շարադրել են ուղեւորները: Նրանցից մեկը՝ ութսունամյա Գեւորգ Շահինյանը, երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի ավիաընկերություններում, տարիուկես առաջ բնակություն է հաստատել Երեւանում, իսկ «Արմավիայի» ծառայությունից օգտվում է առաջին անգամ: «Աշխատածս տարիներին նման դեպքերի հանդիպած եմ, բայց շատ հազվագյուտ: Սակայն այնտեղ ռեակցիան շատ արագ կըլլա եւ ոչ մեկն ալ չի հասցնի դժգոհել: Իսկ այստեղ նույնիսկ ներողություն չեղավ, 31-ին մեզ ասացին՝ օդանավն անսարք է եւ պիտի թռչենք հաջորդ առտու կանուխ: Մեզ տարան հյուրանոց: Սակայն ամսի մեկի առավոտ թռիչք չեղավ եւ էլի սպասեցինք: Երեկոյան ժամը 17-ին թռիչքն եղավ: Պետք է թռչեինք 4,5 ժամ, թռչեցինք 7 ժամ: Մտքիս դրած եմ, որ այլեւս «Արմավիայով» չճամփորդիմ»,- հեռախոսազրույցն ավարտեց Գ. Շահինյանը: Բողոքի հեղինակները ոլորտը կարգավորողներից պահանջում են ուշադրություն դարձնել «Արմավիայի» աշխատաոճին, սպասարկման ձեւին, որը «հարիր չէ միջազգային չվերթներում աշխատող ընկերությանը»: «Արմավիայի» հասարակության հետ կապերի գծով մենեջեր Գարիկ Սիրոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել Փարիզ վայրէջք կատարելիս, այդ պատճառով էլ Շառլ դե Գոլ օդանավակայանի տնօրինությունը թույլ չի տվել այդ վիճակով թռչել (այսինքն, եթե թույլ տար՝ կթռչեին): «Սակայն այդ օդանավակայանում համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալու հնարավորություն չկար, ուստի նրանք թույլ տվեցին առանց ուղեւորների մեկնել Ֆրանկֆուրտ, նորոգել ինքնաթիռն ու վերադառնալ: Այդ մասին թռիչքից առաջ տեղյակ է պահվել ուղեւորներին, հոգացել ենք նաեւ նրանց հյուրանոցի հարցը»,- ասաց մենեջերը: Իսկ ինչո՞ւ են երկու ժամ անորոշության մեջ նրանց պահելուց հետո տեղեկացրել: Այս հարցին «Արմավիայի» ներկայացուցիչը պատասխան չուներ: Պետք է ենթադրել, որ օդանավի անձնակազմը ֆրանսիացիների հետ բանակցությունների մասին չի շտապել բարձրաձայնել, որպեսզի ինքնաթիռի անսարքության մասին լուրը «պանիկայի» մեջ չգցի ուղեւորներին, եւ, ով գիտե՝ թռիչքից հրաժարվողներ չլինեն: Ինչ վերաբերում է Ամստերդամում չնախատեսված վայրէջքին, ապա, պարոն Սիրոյանի կարծիքով, եթե ինքնաթիռից այլ ինքնաթիռ ուղեւորների տեղափոխություն չի լինում, կնշանակի՝ ուղիղ չվերթ են կատարել ու խախտում չկա: Ուրեմն ոչինչ, որ վայրէջքի ժամանակ վատացող ուղեւորներին տհաճ անակնկալ են մատուցում, մնացածին էլ՝ անհանգստություն: «Ուղեւորների հաշվառումն արել է «Էլ Ֆրանսը», մենք իրենց տեղյակ ենք պահել, թող իրենք զգուշացնեին»,- մեղքն իրենցից հեռացրեց «Արմավիայի» ներկայացուցիչը: Իսկ հարկադիր վայրէջք են կատարել, որովհետեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնօրինությունն է խնդրել ֆուտբոլիստներին «վերցնել», քանի որ առանձին՝ չարտերային չվերթը հավաքականի գրպանին թանկ կնստեր: Իսկ ի՞նչ կստացվի, եթե յուրաքանչյուր օդանավակայանում նման՝ չնախատեսված ուղեւոր սպասի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել