Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզյան

Ապրիլ 20,2005 00:00

«Փարիզյան սկզբունքների» շո՞ւրջ են «Բաքուն պատրաստ է վերաինտեգրել Ղարաբաղի հայերին ադրբեջանական հասարակությանը»,- այսպիսի վերտառությամբ հրապարակմամբ ադրբեջանական «Զերկալոն» երեկ անդրադարձել է ապրիլի 15-ին Լոնդոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ բանակցություններին: Դրանց մասնակցած ադրբեջանական պատվիրակության անդամ Հուսեյն Հուսեյնովը «Թուրան» գործակալությանն ասել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման այդ բանակցությունները «եղել են «փարիզյան գործընթացի» շարունակությունը»: Պատասխանելով այն հարցին, թե ինչու համանախագահները նախարարների հետ առանձին-առանձին են հանդիպել, Հ. Հուսեյնովը հայտարարել է. «Անհասկանալի պատճառներով Վարդան Օսկանյանը չի ուզում հանդիպել Էլմար Մամեդյարովին»: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին՝ իրենց ժողովուրդներին նախապատրաստել փոխզիջումների, ապա Հուսեյնովը ասուլիսում հասկացնել է տվել, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերին որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացիների: «ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է, ուստի՝ ադրբեջանական հասարակությունը պետք է այդ տարածաշրջանի հայ ազգաբնակչությանն ընդունի որպես իր քաղաքացիների»,- ասել է Հ. Հուսեյնովը: Ընդ որում, Հուսեյնովը շեշտել է, թե Ղարաբաղի հայ համայնքին ադրբեջանական հասարակությանն ինտեգրելու համար անհրաժեշտ է նրա հետ աշխատանքներ տանել, ապահովել նրա անվտանգությունը, հասնել այդ տարածաշրջանի տնտեսական առաջընթացին: Միաժամանակ, ըստ աղբյուրի, Հուսեյնովը ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանավեճի եւ փոխզիջումների առարկա լինել, ուստի փոխզիջումների մասին խոսելիս պետք է հասկանալ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ադրբեջանական հասարակությունը պետք է պատրաստ լինի հայ ազգաբնակչության հետ համակեցությանը: Հ. Հուսեյնովը տեղեկացրել է նաեւ, որ ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը, դարձյալ՝ «փարիզյան գործընթացի» շրջանակներում: Ի դեպ, որ Լոնդոնում տեղի ունեցած բանակցությունների հիմքը «փարիզյան սկզբունքներն» են, հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ «BBC»-ին տված հարցազրույցում: Նա անդրադառնալով գործընթացը շարունակելու համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ եւ բավարար համարվող պայմաններին` հայտարարել է. «Դա առաջին հերթին յոթ շրջանների վերադարձն է, այդ տարածքներից տեղահանվածների վերադարձը, հաղորդակցական կապերի վերականգնումը, մարդկանց նորմալ կյանքի վերականգնումը, տարածաշրջանում դեմոգրաֆիական իրավիճակի վերականգնումը: Այդպիսով, համապատասխան երաշխիքների դեպքում կմոտենա վաղուց սպասված խաղաղությունը, որի մասին այսքան տարիներ երազում են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ, համոզված եմ, Հայաստանում, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, մնա անցյալում»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել