Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ

Ապրիլ 20,2005 00:00

«ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ Ո՛Չ ԱՂԱՎՆԻ, Ո՛Չ ԲԱԶԵ» Երեկ հայտարարեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մամուլի ազգային ակումբի նախագահը հանդիպումը սկսեց հետեւյալ հարցադրմամբ. վերջին շրջանում պաշտպանության նախարարը շատ է խոսում փոխզիջումների անհրաժեշտության եւ ցավոտ լուծումների մասին՝ չի՞ գտնում արդյոք, որ նման հայտարարությունները որոշակիորեն հոգեբանական պարտության են մատնում ժողովրդին: Սերժ Սարգսյանն ի պատասխան չհամաձայնեց, թե վերջերս են սկսել խոսել այդ մասին. «Ես ի սկզբանե խոսել եմ Ղարաբաղի խնդիրը փոխզիջումների հիման վրա լուծելու մասին: Ես դրանում համոզվա՛ծ էի, համոզվա՛ծ եմ եւ ապագայում էլ համոզված եմ լինելու: Ես չեմ տեսնում լուծման այլ տարբերակ»: Սակայն նաեւ նշեց, թե խորհրդարանական լսումների ընթացքում իր զեկուցումից հետո «Հայաստանում փորձեցին բեմադրել մի ներկայացում, որտեղ ընդգրկված էին պատվեր կատարողներ եւ պատվիրատուներ: Բեմադրման նպատակն է մեզ ներկայացնել որպես սկզբունքից շեղված մարդկանց, ովքեր մի ժամանակ ինչպես անզիջում էին այս խնդրում՝ հիմա, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, դարձել են շատ փափուկ, զիջող եւ այլն»: Պատվեր կատարողների մեջ նշեց որոշ լրագրողների ու նաեւ՝ «նախկինում պետական պաշտոնում եղած ու մասնագիտական անպիտանելիության համար համակարգից դուրս դրված մարդկանց, ովքեր միանալով այս կամ այն քաղաքական ուժին՝ իրենց արդեն ներկայացնում են որպես ժողովրդավարներ, բարեփոխիչներ, հզոր անձնավորություններ, որոնցից իշխանությունը վախենալով է աշխատանքից ազատել»: Պատվիրատուների մասին Սերժ Սարգսյանը նշեց, թե նրանք «քաղաքական նպատակներից ելնելով՝ փորձում են խեղաթյուրել ասածները, հավելել ինչ-որ մտքեր, բառեր»: Ու նաեւ, որ նրանք հակազդել չկարողանալով՝ դիմում են անձնական վիրավորանքների. «Այդ մարդկանց խոսքերը միայն այդ են՝ դավաճան, հայրենիք չունեցող, կաշառակեր եւ այլն, ինչը, կարծում եմ, կարող է լինել քաղաքական բանավեճերի ընթացքում, բայց չի կարող լինել հիմնական»: Պաշտպանության նախարարը շեշտեց, թե մեղադրողներից շատերը ղարաբաղյան պատերազմի ընթացքում «թռել են Հայաստանից, հետո սկսել արդարացումներ բերել, թե իրենք ինչ-որ կարեւոր հանձնարարություններ էին կատարում դրսում, կամ՝ Հայաստանում իրենց վատ էին վերաբերվում, դրա համար էին գնացել: Սկսել են նույնիսկ հասնել այն աստիճանի, որ փորձում են հանրապետությունում իրենց չեղած ժամանակ իրենց ներկայացնել մարտական դիրքերում»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե իր ուրվագծած այս բեմադրության մեջ ի՞նչ դեր է վերապահում, ասենք, Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, որը «բացարձակ սուտ» էր անվանել խորհրդարանական լսումների ժամանակ Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե ինքը դեռ 90-ականներին, երբ համոզում էր կռվող տղաներին գրավել Ղարաբաղից դուրս կրակակետերը՝ արդեն այն ժամանակ նրանց ասում էր, որ գրավում ենք, որ հետո հանձնեն: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե այն ժամանակ ո՛չ մեկը չէր համարձակվի այդպիսի բան ասել կռվողներին՝ վախենալով ֆիզիկական հաշվեհարդարից: Կամ՝ ի՞նչ դեր է վերապահում պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին, որը հրապարակավ այժմ իր տարակուսանքն է հայտնում, թե ինչպե՞ս կարող է ՊՆ նախարարը խոսել փոխզիջումների մասին՝ Բաքվից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունների լույսի ներքո: Այս եւ նման այլ հիշեցումներին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե թվարկած անձանց չի համարում պատվեր կատարողների եւ պատվիրատուների ներկայացման մասնակիցներ. «Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի, Վազգեն Մանուկյանի կամ այլ տղաների կարծիքին՝ իհարկե, կարո՛ղ են լինել եւ կա՛ն նաեւ այդպիսի կարծիքներ: Եվ բոլորն էլ իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց կարծիքը, այդ թվում՝ նաեւ ես»: Երբ լրագրողները նկատեցին, թե պաշտոնական Բաքուն չի խոսում փոխզիջումների մասին եւ տպավորությունն այն է, որ այդ պատրաստակամությունն արտահայտում է միայն Հայաստանը՝ պրն Սարգսյանն ի պատասխան նկատեց. «Դա իրենց խնդիրն է»: Քիչ անց անդրադարձավ լսումներում իր զեկուցմանն ադրբեջանական մամուլի արձագանքին. «Նրանք իմ ելույթը գնահատել են որպես ռազմատենչ: Ես ինչպե՞ս հասկանամ՝ մի մասն ասում է, որ ես դարձել եմ չափից ավելի զիջողական, աղավնի, մյուս մասն ասում է, որ ես բազե եմ: Իհարկե, ես չեմ ցանկանում լինել ո՛չ աղավնի, ո՛չ բազե»: Հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք արտաքին ուժերը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանն ավելի զիջող դարձնելու նպատակով՝ պաշտպանության նախարարն ասաց. «Ես որեւէ անգամ, որեւէ տեղ ճնշում չեմ զգացել: Ամոթ է, էլի, հո չե՞մ ասելու՝ երդվում եմ: Այդպիսի բան չի եղել: Եթե կա ճնշում, ապա մեզ վրա կա այնքան ճնշում, որքան կա Ադրբեջանի վրա: Չկա՛ այդպիսի բան: Եվ փորձել դա ներկայացնել որպես ռեւերանսներ Արեւմուտքին՝ ուղղակի ազնիվ չէ»: Ի դեպ, 1998-ի փետրվարին Հայաստանի անվտանգության խորհրդին ԼՂՀ իշխանավորների կողմից ներկայացված 8 հազար քառ. կմ-անոց Ղարաբաղի վերաբերյալ հիշեցմանն ի պատասխան Սերժ Սարգսյանը ժխտեց. «Որեւէ անգամ չի եղել 8 հազար քառ. կմ-ի մասին որեւէ խոսակցություն: Այդ խոսակցությունները մերթ ընդ մերթ մամուլ են գցում մարդիկ, ովքեր նպատակ ունեն կրակն ուղղել կոնկրետ մարդու դեմ: Այդ սադրանքին ես չեմ ուզում գնալ»: Առավել չորոշակիացրեց: Եվս մի ուշագրավ մանրամասն երեկվա ասուլիսից: Լրագրողները հիշեցրին լսումների ժամանակ պաշտպանության նախարարի հայտնած տեղեկությունը, թե հայ-ադրբեջանական դիրքերի միջեւ տարբերությունը որոշ տեղամասերում հասել է 30-35 մետրի, եւ հետաքրքրվեցին, թե արդյոք կա՞ փոփոխություն: Պարզվեց, որ ոչ՝ չկա, բայց լարվածությունը մի քիչ պակասել է: Սերժ Սարգսյանը, սակայն, համոզմունք հայտնեց, որ այս ամենը, նաեւ՝ ռազմատենչ հայտարարությունները չեն վերաճի ռազմական գործողությունների. «Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս հնարավոր է պատերազմի վերսկսում: Բայց մշտապես ասել եմ եւ հիմա էլ եմ կրկնում՝ պաշտպանության նախարարը միշտ պիտի հաշվի, թե 3 օր հետո կարող է պատերազմ սկսվել»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել