Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԻ

Ապրիլ 20,2005 00:00

ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ Ի՞նչ են անելու ԵՄ ներկայացուցիչներն Ադրբեջանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս պատմությունը բավականին բուռն արձագանք է գտել ադրբեջանական եւ թուրքական մամուլում եւ քաղաքական շրջանակներում: Սա, թերեւս, մերոնք կարող են դիտարկել որպես դիվանագիտական «պզտիկ» հաղթանակ: Ապրիլի 13-14-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի 7-րդ նիստը, որն ընդունեց Հայաստանի մասին հերթական բանաձեւը: Այս մեկը վտանգավոր չէ Հայաստանի համար այնքան ժամանակ, քանի դեռ այս օրերին Ադրբեջանում գտնվող նույն հանձնաժողովի անդամները չեն ավարտել իրենց դիտարկումներն ու շփումները ադրբեջանական կողմի հետ: Եթե Հայաստան-ԵՄ համագործակցության բանաձեւն այս պահին մեր օգտին է, չի նշանակում, որ առաջիկայում կազմվելիք Ադրբեջան-ԵՄ համագործակցության բանաձեւը կլինի ընդդեմ ադրբեջանցիների: Եվրոպական տարբեր հանձնաժողովներում եւ կառույցներում ադրբեջանցիների եւ թուրքերի հետ աշխատած հայ խորհրդարանականների համար վաղուց արդեն պարզ է, որ այս երկրների դիվանագիտական հնարքները շատ ավելի արդյունավետ են լինում, քանի որ, որքան էլ եվրոպացի, եվրոպացիք էլ, այնուամենայնիվ, մարդ են եւ սիրում են նվերներ ստանալ եւ խորովածա-գինիախառն ջերմ հանդիպումներ ունենալ պաշտոնական մոնիտորինգներից ազատ ժամերին: Սովորաբար դրանք էլ հիմնականում դառնում են որոշիչ: Արդյունքում՝ մենք, որ շատ ավելի եվրոպացի ենք մեր մենթալիտետով, հայտնվում ենք հերթական անբարենպաստ բանաձեւի առաջ: Այս մասին տարբեր ժամանակներում խոսել եւ բողոքել են տարբեր հանձնաժողովների ղեկավարներ: Երեկ ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ այդ նիստն առանձնահատուկ էր մի քանի առումներով: Նախ, սա նորընտիր խորհրդարանի առաջին նիստն էր պատվիրակության անդամների մասնակցությամբ: Հաջորդը՝ այս ընթացքում ԵՄ-ն ընդլայնվել է եւ նախկին 15 անդամի փոխարեն այժմ ունի 25-ը: Հայաստանի համար դեռ վաղ է մտածել ԵՄ անդամակցության մասին, սակայն ձգտումը ակնհայտորեն պետք է լինի դեպի Եվրոպա: Ուստի պատվիրակության անդամները խիստ կարեւորեցին համագործակցության հեռանկարները: Ընդունված բանաձեւում խոսվել է նաեւ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, շեշտվել է, որ այն պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբից տեղափոխվի այլ հարթություն: Եվ այս փաստաթուղթը չափազանց կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը լավագույնը դիտվի բանակցությունների շարունակության մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Բանաձեւում Ղարաբաղի մասով ամրագրված է նաեւ հետեւյալը. «Կարծիք է հայտնվում, որ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ներառնի համաձայնություն ԼՂ ապագա կարգավիճակի մասին եւ անվտանգության հստակ ու հիմնավոր երաշխիքներ ԼՂ ողջ ժողովրդի եւ հարակից շրջանների բնակիչների՝ ներառյալ փախստականների համար, եւ քաջալերում է ԼՂ ժողովրդի մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին: Ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը, որը վերաբերում է ԼՂ-ին հարող տարածքներում վերաբնակեցմանը, եւ գոհունակություն է հայտնում Հայաստանի եւ ԼՂ իշխանություններին՝ առաքելությունը դյուրին դարձնելու համար»: Այս ձեւակերպումը հատկապես էր դուր եկել պատվիրակության ղեկավարին: Նրա կարծիքով, սա նշանակում է, որ հանձնաժողովը այսպիսով ընդունում է Ղարաբաղի իշխանություններին: Մեր կարծիքով, բանաձեւում կա մեկ ուրիշ հետաքրքիր կետ եւս, այն է. «ԼՂ չորոշված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա միջազգային հանրության համար՝ հարգելու ԼՂ-ում ապրող ժողովրդի՝ մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»: Բանաձեւի կետերից մեկը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մասնավորապես նշված է, որ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունները պետք է շարունակեն հաշտեցման գործընթացը՝ հաղթահարելու համար անցյալի ողբերգական հետեւանքները: Քանի որ բանաձեւը ստորագրել են նաեւ հայաստանցի պատգամավորները, այդ թվում նաեւ ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը իրավացի էր, երբ հարցրեց, թե որպես Դաշնակցության ներկայացուցիչ, ինքն ինչպե՞ս է ստորագրել այս տողերի տակ: Արմեն Ռուստամյանը նկատեց, որ փաստաթուղթը ոչ թե Դաշնակցության հայտարարությունն է, այլ՝ ԵՄ-Հայաստան հանձնաժողովի բանաձեւն է. «Իսկ Դաշնակցությունը բազմիցս իր տեսակետն արտահայտել է, որ կա պաշտոնական մոտեցում, որը մենք չենք դիտում մերից տրամագծորեն տարբերվող տեսակետ: Տարբերությունը մենք մարտավարական ենք համարում: Այո, մենք ասում ենք նախապայման, բայց համարում ենք, որ երկիրը գնում է հարաբերությունների՝ ունենալով այդ խնդիրներն օրակարգում. դա ամենեւին չի փակում այն բոլոր հարցերի ճանապարհը, որոնք մենք կարեւորում ենք թե Ցեղասպանության ճանաչման, թե ԼՂ հարցում չեզոքություն պահպանելու առումով»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել