Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ

Ապրիլ 20,2005 00:00

Մինի ֆուտբոլի Հայաստանի ժուռնալիստների
հավաքականը Օդեսայում անցկացված ԱՊՀ երկրների հերոս քաղաքների ժուռնալիստների թիմերի
միջեւ երկրորդ միջազգային մրցաշարից տուն վերադարձավ բրոնզե մեդալներով: Մրցաշարը
նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյակին:
Մեր թիմի մրցուղերթին աջակցել էր ՀՀ նախագահը: Հովանավորչական դեր էին կատարել նաեւ
«Դոնբասաերո» ավիաընկերությունը, որը թիմին տոմսեր հատկացրել էր 20 տոկոս զեղչով,
ինչպես նաեւ Երեւանի կոնյակի գործարանը: Մրցաշարին մասնակցում էին նաեւ Օդեսայի
երկու, Վոլգոգրադի, Նիկոլաեւի ու Մինսկի լրագրողական թիմերը, որոնք հաղթողին որոշեցին
շրջանաձեւ մրցակարգով: Առաջին հանդիպումը Օդեսայի երկրորդ թիմի հետ ավարտվեց երեւանցիների
հաղթանակով՝ 4:2: Սակայն հյուրընկալողների առաջին թիմն անչափ համառ ու դժվարին պայքարում
5:4 հաշվով «վրեժխնդիր» եղավ: Ընդ որում, մեր լրագրող ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում
առջեւում էին 4:1 հաշվով: Եվ դա այն դեպքում, երբ մրցակից թիմի կազմում հանդես էին
գալիս 4-5 պրոֆեսիոնալներ: Երրորդ խաղում հայաստանցի լրագրողները հինգ անպատասխան
գնդակ անցկացրին Նիկոլաեւի իրենց գործընկերների դարպասը, որից հետո 5:2 հաշվով համոզիչ
հաղթանակ տարան բելառուսցիների նկատմամբ: Մրցաշարն ընթանում էր լրիվ նորմալ
մինչեւ Վոլգոգրադի թիմի հետ մեր հավաքականի հանդիպումը, որում, ըստ էության, որոշվում
էր արծաթե մեդալի հարցը: Սակայն մրցակիցը ֆուտբոլ խաղալու փոխարեն որոշել էր «ստալինգրադյան
ճակատամարտ» տալ մեր տղաներին: Խաղադաշտում իսկական կոպտություն էր տիրում, մրցակիցը
մրցավարների բացահայտ թողտվությամբ անընդհատ սահանկումների ու մինի ֆուտբոլում արգելված
այլ հնարքների էր դիմում՝ ցուցադրելով, թե ինչպես չի կարելի ֆուտբոլ խաղալ: Ավելին,
նրանք, փոխանակ կանխեին վոլգոգրադցիներին, հերթական կոպտությունը չնկատելու տված
մրցավարի հետ բանավեճի բռնված հայ ֆուտբոլիստին կարմիր քարտ ցույց տրվեց: Ինչեւէ,
3:0 հաշվով հաղթեց Վոլգոգրադի թիմը: Մրցաշարի հաղթող դարձավ Օդեսայի առաջին
հավաքականը: Վոլգոգրադը ճանաչվեց երկրորդ մրցանակակիր, իսկ Երեւանը գրավեց երրորդ
տեղը: Հայաստանի թիմին Օդեսայում միացել էին տեղացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ,
մեր հայրենակիցներ Ալեքսանդր Յագանցյանը եւ Վաղարշակ Մուրադյանը: Իսկ ընդհանրապես,
մեր թիմին տեղում ծագած բազմաթիվ խնդիրները լուծելու հարցում անգնահատելի աջակցություն
ցույց տվեց Օդեսայի հայկական համայնքի ներկայացուցիչ, գործարար Տիգրան Չատինյանը:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«Տիգրանպրեսի» գլխավոր խմբագիր, Հայաստանի
թիմի ավագ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել