Լրահոս
Օրվա լրահոսը

Անհեթեթ՝ ինչպես ոչ մի անգամ

Ապրիլ 20,2005 00:00

Երգչուհի Սիրուշոյի չարչարանքի երեկոն Հ1-ի «Երեկոյան կոկտեյլ» հեռուստաշոուի ժամին

Դիտեցի ու փոշմանեցի: Հայկական հեռուստաալիքները չդիտելու անձնական հիմնավոր պատճառով նաեւ (պատճառը, Հորացիո, թող ես իմանամ): Չարժի, չարժի, չարժի՝ թեկուզ կոկտեյլով: Այլապես լոկ զայրույթը չէր մնա եւ զուգորդումը 1910-ին Հովհ. Թումանյանի գրած հայտնի հոդվածի: «Համլետի» չարչարանքի շաբաթը Թիֆլիսում» ներկայացման թատերախոսականի՝ խղճալի թագավորի, տիկնիկ թագուհու, մուժիկ Պոլոնիուսի, անկենդան Օֆելյայի, փետի կտոր Լաերտի եւ այլնի մասին: Լավ է, որ սա ընդամենը մի երեկո էր…

Փորձեցի լավատեսորեն մտածել: Դրամի կուրսի օր օրի սաստկացող բանդագուշանքում մխիթարիչ են զանազան-զարմանազան շոուները, «կոկտեյլները»: Ուրեմն այսպես. «Երեկոյան կոկտեյլի» հերթական հյուրը սիրունիկ երգչուհի Սիրուշոն էր: Վարողները՝ պանծալի Գրիշան ու Արմենը: Հերթականը անձանձիր դարձնելու հարմար ձեւ էին մտածել. հյուրին «բերման էին ենթարկել» Երեւանի պետկրկես: «Ենթարկել» էին ու կրակն ընկել: Եվ հենց զվարճատեղի արենայից էլ սկսվեց չարչարանաց երեկոն: Մեղեսիկային ձգձգվող ձանձրույթով: Միալար շոուավնգոց՝ իսկը սղոցարանի թախիծ: Հյուրին հարցախույզելու դերը ստանձնել էր կրկեսի տնօրենը: Եվ չգիտես ինչու առաջարկում էր փխրուն օրիորդին՝ օդամարզուհու համար կատարել: Համառորեն օղակը դեմ էր արել աղջկան ու ստիպում էր օդ բարձրանալ: Վերջինս, վախեցած բարձրությունից, արտառոց դերից, հապաղում էր: Բնահոգեկան բնականոն վիճակ: Կարճաժամկետ ռեպետիտորը գոնե բացատրեր հնարքի այբուբենը, որ շունչ պիտի քաշել ու շունչը պահել՝ կենտրոնացման համար: Եվ հուշեր վախն հաղթահարելու սեւեռման որեւէ կետ: Այս փորձանքից գեղեցկուհին մի կերպ պլստաց: Այնուհետեւ ասպարեզը տեղափոխվեց տնօրենի անշուք առանձնասենյակ: Չարչարանքն իր ապոթեոզին հասավ այստեղ: Անհեթեթ հայերենով հնչում էին խառնափնթոր ու արհեստական հարցեր: Զարմացած-շփոթված երգչուհին պատասխանում էր գրեթե մեխանիկորեն՝ կաբինետ ներս ու դուրս անող էկզոտիկ կենդանիների եւ սրանց վարժեցնողների «կեր ենք ուզում, կեր» համարյա ահաբեկչական պահանջի արանքում: Երբ վերջին «անդաստիարակ» աշխատակցին տնօրենը դուրս վռնդեց, հեռուստադիտողի իմ համբերությունն արդեն ճաք տվեց: Եվ ես նետվեցի հեռուստացույցն ու ձեռքիս հայտնված դանակով կտրեցի հաստ մալուխը: Այլապես բնուստ իմ մեջ բնակված Գեղեցիկն իր կատեգորյալ դրսեւորույթներով հօդս էր ցնդում: Ես մեղավորի պես մեղանչեցի՝ բարձրաձայնելով.

– Ներիր, Սիրուշո ջան, որ մի չարչարյալ լքեց՝ քեզ թողնելով անել, անօգնական:

Արդեն լրջմիտ: Աներկբա՝ վիթխարի է հեռուստատեսության լսարանը, նրա ներգործող ուժը: Նաեւ անտարակուսելի է, որ տարատեսակ հեռուստաալիքները ակամա ճաշակ են «կրթում», լեզու «սովորեցնում», «մտածելու-խորհելու-կռահելու» կասանդրական կանխադրույթ տալիս: Հետեւապես, իր միակ ազգային հարստությանը՝ հայոց լեզվին հայը անփույթ չպիտի վերաբերվի: Էկրանից հայերենը «շաղել»՝ ինչպես պատահի: Վերահսկող մարմինը՝ Լեզվի պետական տեսչությունը, դեռեւս ապահովագրություն չէ: Ամեն ոք պետք է իր վերաբերականով հոգածու լինի, ոսկեղենիկը վայրենանում է: Թոք-շոու կոչեցյալը զվարճանքի փոխարեն վերածվել է մասխարայի՝ լեզվական ու ճաշակի սարսռելի մեղանչումներով:

Մի խոսքով: Հարգելի հեռուստատեսայիններ, ամեն շարժում՝ մտքի, երեւակայության եւ առհասարակ, ունի իր իմաստը եւ նպատակը: Գեղարվեստական ընկալման օրենքից դուրս՝ ամեն ինչ գռեհիկ ու անճաշակ է:

ՀԱԿՈԲ ՄԱՐՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել