Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ հայաստանցուն, Ղարաբաղը՝ Ռուսաստանին

Ապրիլ 20,2005 00:00

Մարքսիստները
թուրքերին ոչինչ չեն տա «Եթե գործը հասել է նրան, որ պաշտպանության նախարարն
է նախագահի տեղը ազատագրված տարածքների ու արցախյան հիմնահարցի մասին խոսում, ուրեմն
նախագահն իրեն ինքնամեկուսացրել է եւ երկրի քաղաքական իրադրության վրա չի տնօրինում:
Սա իշխանափոխության ամենապրյամոյ ցուցումներից մեկն է,- «Առավոտի» հետ զրույցում
կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:-
Եվ եթե պաշտպանության նախարարն էլ էդ մակարդակին ա, որ ճրագով բանասեր դարձած մարդը
մի ճմռթված թղթի կտոր ա գրպանից հանում ու պատմական Տիգրանակերտն ասում ա Աղդամն
ա՝ էդ մերը չի եղել, ոնց մեզ ուզենք… Իսկ մենք ասում ենք, որ թուրքերին ոչինչ տալու
չունենք: Շահարկման առարկա կարող են լինել Նախիջեւանը, պատմական Ուտիքը, վեց վիլայեթները
եւ մեկ միլիոն ազգաբնակչությունը, որ բռնի դեպորտացվել է: Այդ տարածքներն այդ մեկ
միլիոն բնակչության տարածքներն են»: Հիշեցնենք, որ հարցի հանգուցալուծման
մարքսիստների առաջարկած տարբերակը հետեւյալն է՝ եթե արտաքին դիվանագիտական ճնշումն
այն աստիճան է, որ մենք անկախություն հռչակել չենք կարող, ուրեմն Ղարաբաղը հանրաքվեով
դառնում է Ռուսաստանի սուբյեկտ: «Մենք՝ մարքսիստներս, երբեք 18 հազար քառակուսի կիլոմետր
պատմական Արցախը, ըստ Գյուլիստանի պայմանագրի, Սովետական Ղարաբաղի 4 հազարի հետ չենք
փոխի: Ով կհամարձակվի փոխել՝ հաջորդ օրը պետք է գնա իմփիչմենթի»,- ասում է Դավիթ
Հակոբյանը: Ընդհանրապես, մեր զրուցակցի համոզմամբ, ղարաբաղյան հարցի խորհրդարանական
քննարկումների ժամանակ՝ «իշխանությունները վերջնականապես ապացուցեցին, որ բթամիտ
են, քաղաքական մտքի մոդուլյատորի դեր ստանձնել չեն կարող, ազատագրված տարածքների՝
պատմա-առօրեա-իրավագիտական հիմնավորվածությունը չկարողացան միջազգային հանրությանը
տալ: Դիվանագիտությունը կրախ է մտել»: Այս ամենից ելնելով՝ Դ. Հակոբյանը հայտարարում
է, որ Հայաստանում իշխանափոխությունը պատմական անհրաժեշտություն է, որի սկիզբը պետք
է լինի ընդդիմության կոնսոլիդացիան: Ինչը, սակայն, մարքսիստը չի տեսնում, քանզի՝
«ամեն երկրորդն իրեն Արշակ Երկրորդ է երեւակայում»: Հանուն «ազգային գենոֆոնդի
կենսաբանական անվտանգության, երկրի արտադրողական ուժերի զարգացման», մեր զրուցակիցը
պահանջում է «նոր գաղափարական սերնդափոխություն»: Նա նաեւ համոզված է, որ սպասվելիք
իշխանափոխությունը Հայաստանում կլինի ներքեւից եւ՝ «Գահի համար պայքարում գաղթականության
կադրային ռեզերվը չի օգտագործվի: Երրորդ նախագահն անպայման մայր Հայաստանի կադրն
է լինելու: Ռուսական եւ ամերիկյան սփյուռքներից ջատագովները թող իրենց կրքերն իրենց
պահեն»: Դ. Հակոբյանը կասկած չունի, որ այս անգամ իշխանափոխությունը կբերի
«սկզբունքորեն նոր պետական մեքենայի ձեւավորում՝ հասարակության հանդեպ նոր ֆունկցիոնալ
պարտականություններով»: Իսկ ի հեճուկս իշխանությունների՝ «ուժի մասին խոսակցությունների»,
պարոն Հակոբյանը համոզված է, որ Հայաստանում արտահերթ իշխանափոխություն է լինելու:
Դրա վկայությունը, ըստ նրա, նաեւ սահմանադրական բարեփոխումների եւ ԸՕ-ի փակուղի մտած
քննարկումներն են, ծայրահեղ սոցիալական բեւեռացումը, արտադրողական ուժերի զարգացման
բացակայությունը, երկրի տնտեսական եւ քաղաքական անկախության բացակայությունը: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել