Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ՞ Է, ԹԵ՞ ԻՆՔՆԱԹԻՌ

Ապրիլ 20,2005 00:00

Այս
բողոքն «Առավոտին» հղած 35 ուղեւորների մի մասն արդեն Հայաստանից վերադարձել է իր
բնակության վայրը՝ հետը տանելով «Արմավիայից» ստացած զայրույթն ու վիրավորանքը: «Մարտի
31-ին նախատեսված թիվ 102 Փարիզ-Երեւան ուղիղ չվերթն առանց միջանկյալ վայրէջքի չկայացավ:
Նույն օրը, Շառլ դե Գոլ օդանավակայանում, թռիչքից անմիջապես առաջ մեզ տեղեկացրին,
ընդ որում՝ առանց ներողության ու պատճառաբանության, որ ինքնաթիռը վայրէջք պիտի կատարի
Ամստերդամի օդանավակայանում՝ ուղեւոր վերցնելու նպատակով: Երկու ժամ ինքնաթիռում
սպասեցնելուց հետո, ուղեւորների խիստ պահանջով օդանավի անձնակազմը բարեհաճեց տեղեկացնել,
որ ինքնաթիռն անսարք է, պետք է նախ մեկնի Ֆրանկֆուրտ՝ մեքենան վերանորոգելու: Իսկ
թռիչքն սկսելուց հետո պիտի իջնենք Ամստերդամ՝ արտոնյալ ուղեւորներին վերցնելու: Այդպես
էլ եղավ: Թե ինչ ապրեցինք այդ 28 ժամվա ընթացքում յուրաքանչյուրս՝ կարող է հասկանալ
միայն նման իրավիճակում հայտնվածը: Ինքնաթիռում գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներից
առաջին անգամ հայրենիքում հյուրընկալվող տարեցներ եւ երեխաներ: Հիասթափությունն ու
տանջալի հուզմունքը չէ, որ պիտի դիմավորեր նրանց՝ հայրենիքը տեսնելու եկածներին»,-
իրենց գլխին եկածը հակիրճ շարադրել են ուղեւորները: Նրանցից մեկը՝ ութսունամյա
Գեւորգ Շահինյանը, երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի ավիաընկերություններում, տարիուկես
առաջ բնակություն է հաստատել Երեւանում, իսկ «Արմավիայի» ծառայությունից օգտվում
է առաջին անգամ: «Աշխատածս տարիներին նման դեպքերի հանդիպած եմ, բայց շատ հազվագյուտ:
Սակայն այնտեղ ռեակցիան շատ արագ կըլլա եւ ոչ մեկն ալ չի հասցնի դժգոհել: Իսկ այստեղ
նույնիսկ ներողություն չեղավ, 31-ին մեզ ասացին՝ օդանավն անսարք է եւ պիտի թռչենք
հաջորդ առտու կանուխ: Մեզ տարան հյուրանոց: Սակայն ամսի մեկի առավոտ թռիչք չեղավ
եւ էլի սպասեցինք: Երեկոյան ժամը 17-ին թռիչքն եղավ: Պետք է թռչեինք 4,5 ժամ, թռչեցինք
7 ժամ: Մտքիս դրած եմ, որ այլեւս «Արմավիայով» չճամփորդիմ»,- հեռախոսազրույցն ավարտեց
Գ. Շահինյանը: Բողոքի հեղինակները ոլորտը կարգավորողներից պահանջում են ուշադրություն
դարձնել «Արմավիայի» աշխատաոճին, սպասարկման ձեւին, որը «հարիր չէ միջազգային չվերթներում
աշխատող ընկերությանը»: «Արմավիայի» հասարակության հետ կապերի գծով մենեջեր
Գարիկ Սիրոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել
Փարիզ վայրէջք կատարելիս, այդ պատճառով էլ Շառլ դե Գոլ օդանավակայանի տնօրինությունը
թույլ չի տվել այդ վիճակով թռչել (այսինքն, եթե թույլ տար՝ կթռչեին): «Սակայն այդ
օդանավակայանում համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալու հնարավորություն
չկար, ուստի նրանք թույլ տվեցին առանց ուղեւորների մեկնել Ֆրանկֆուրտ, նորոգել ինքնաթիռն
ու վերադառնալ: Այդ մասին թռիչքից առաջ տեղյակ է պահվել ուղեւորներին, հոգացել ենք
նաեւ նրանց հյուրանոցի հարցը»,- ասաց մենեջերը: Իսկ ինչո՞ւ են երկու ժամ անորոշության
մեջ նրանց պահելուց հետո տեղեկացրել: Այս հարցին «Արմավիայի» ներկայացուցիչը պատասխան
չուներ: Պետք է ենթադրել, որ օդանավի անձնակազմը ֆրանսիացիների հետ բանակցությունների
մասին չի շտապել բարձրաձայնել, որպեսզի ինքնաթիռի անսարքության մասին լուրը «պանիկայի»
մեջ չգցի ուղեւորներին, եւ, ով գիտե՝ թռիչքից հրաժարվողներ չլինեն: Ինչ վերաբերում
է Ամստերդամում չնախատեսված վայրէջքին, ապա, պարոն Սիրոյանի կարծիքով, եթե ինքնաթիռից
այլ ինքնաթիռ ուղեւորների տեղափոխություն չի լինում, կնշանակի՝ ուղիղ չվերթ են կատարել
ու խախտում չկա: Ուրեմն ոչինչ, որ վայրէջքի ժամանակ վատացող ուղեւորներին տհաճ անակնկալ
են մատուցում, մնացածին էլ՝ անհանգստություն: «Ուղեւորների հաշվառումն արել է «Էլ
Ֆրանսը», մենք իրենց տեղյակ ենք պահել, թող իրենք զգուշացնեին»,- մեղքն իրենցից հեռացրեց
«Արմավիայի» ներկայացուցիչը: Իսկ հարկադիր վայրէջք են կատարել, որովհետեւ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնօրինությունն է խնդրել ֆուտբոլիստներին
«վերցնել», քանի որ առանձին՝ չարտերային չվերթը հավաքականի գրպանին թանկ կնստեր:
Իսկ ի՞նչ կստացվի, եթե յուրաքանչյուր օդանավակայանում նման՝ չնախատեսված ուղեւոր
սպասի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել