Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՀՐՄՇՏՈՑԻՆ

Ապրիլ 20,2005 00:00

ԿՄԱՍՆԱԿՑԻ՞
ՀՐՄՇՏՈՑԻՆ ՄԱԱ-ում լրագրողների հետ պաշտպանության նախարարի
հանդիպման ժամանակ ամենաշատ արծարծված հարցերից մեկը Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցությունն
էր ապագա նախագահական ընտրություններին: Եվ այս տեսանկյունից էին դիտարկվում Ղարաբաղի
խնդրի լուծման համար փոխզիջումների անհրաժեշտության վերաբերյալ նրա հայտարարությունները:
Ինչին ի պատասխան նախարարը հայտարարեց, թե ամենամեծ պաշտոնի համար անգամ չի գնա «ԼՂ
խնդրի ավելի լուծումների, քան պահանջում է իրավիճակը եւ քան ես համոզված եմ: Ես այդ
հրմշտոցին չե՛մ մասնակցում: Հանրապետությունում մեծ հրմշտոց կա՝ յուրաքանչյուրը
փորձում է իրեն ներկայացնել որպես արեւմտամետ եւ առաջադեմ գաղափարների ջատագով: Չե՛մ
մասնակցել եւ երբե՛ք էլ չեմ մասնակցելու այդ հրմշտոցին, շատ պարզ պատճառով՝ մարդու
մասին դատում են ոչ թե նրա խոսքերից, այլ գործերից: Եվ որեւէ տեղ չկան նստած միամիտ
մարդիկ, որ 10-15 տարի դու դավանես մի գաղափար, հետո ինչ-ինչ բաներից ելնելով 2 նախադասություն
ասես ու քեզ ընդունեն որպես արեւմտամետի»: Նշենք սակայն, որ այս ամենից հետո պրն
Սարգսյանը սկսեց խոսել այն մասին, թե ապրիլի վերջին պատրաստ կլինի ՆԱՏՕ-ի հետ անհատական
համագործակցության ծրագիրը եւ այլն: Իր թեկնածության առաջադրման մասին ավելի
վաղ տրված հարցերին Սերժ Սարգսյանը միշտ պատասխանել էր, թե դեռ վերջնականապես չի
որոշել իր համար այդ հարցը, շուտ է եւ այլն: Երեկ էլ տվեց նույն պատասխանը, թե տեղին
չէ այդ թեման արծարծելը՝ դեռ 3 տարի կա: Նաեւ նշեց, թե ովքեր ցանկանում են՝ կարող
են մասնակցել այդ ընտրություններին, «առանց ջղաձգվելու, առանց սեփականացնելու նախագահի
ինստիտուտը եւ ասելու, որ թողնելու եմ կամ չեմ թողնելու»: Վերջին ակնարկի հասցեատերն
ակնհայտորեն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն
էր, որը համագումարում հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանը հեռանալու է եւ նրան չի
հաջողվելու իր թափուր թողած աթոռին նստեցնել ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ որեւէ ուրիշին»:
Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել