Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզյան սկզբունքների» շո՞ւրջ են

Ապրիլ 20,2005 00:00

«Փարիզյան
սկզբունքների» շո՞ւրջ են «Բաքուն պատրաստ է վերաինտեգրել Ղարաբաղի
հայերին ադրբեջանական հասարակությանը»,- այսպիսի վերտառությամբ հրապարակմամբ ադրբեջանական
«Զերկալոն» երեկ անդրադարձել է ապրիլի 15-ին Լոնդոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
նախաձեռնությամբ տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ բանակցություններին:
Դրանց մասնակցած ադրբեջանական պատվիրակության անդամ Հուսեյն Հուսեյնովը «Թուրան»
գործակալությանն ասել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման այդ բանակցությունները
«եղել են «փարիզյան գործընթացի» շարունակությունը»: Պատասխանելով այն հարցին, թե
ինչու համանախագահները նախարարների հետ առանձին-առանձին են հանդիպել, Հ. Հուսեյնովը
հայտարարել է. «Անհասկանալի պատճառներով Վարդան Օսկանյանը չի ուզում հանդիպել Էլմար
Մամեդյարովին»: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ
համանախագահների կոչին՝ իրենց ժողովուրդներին նախապատրաստել փոխզիջումների, ապա Հուսեյնովը
ասուլիսում հասկացնել է տվել, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի
հայերին որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացիների: «ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն
է, ուստի՝ ադրբեջանական հասարակությունը պետք է այդ տարածաշրջանի հայ ազգաբնակչությանն
ընդունի որպես իր քաղաքացիների»,- ասել է Հ. Հուսեյնովը: Ընդ որում, Հուսեյնովը շեշտել
է, թե Ղարաբաղի հայ համայնքին ադրբեջանական հասարակությանն ինտեգրելու համար անհրաժեշտ
է նրա հետ աշխատանքներ տանել, ապահովել նրա անվտանգությունը, հասնել այդ տարածաշրջանի
տնտեսական առաջընթացին: Միաժամանակ, ըստ աղբյուրի, Հուսեյնովը ընդգծել է, որ Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը չի կարող բանավեճի եւ փոխզիջումների առարկա լինել,
ուստի փոխզիջումների մասին խոսելիս պետք է հասկանալ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից
հետո ադրբեջանական հասարակությունը պետք է պատրաստ լինի հայ ազգաբնակչության հետ
համակեցությանը: Հ. Հուսեյնովը տեղեկացրել է նաեւ, որ ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում
տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը, դարձյալ՝ «փարիզյան գործընթացի» շրջանակներում:
Ի դեպ, որ Լոնդոնում տեղի ունեցած բանակցությունների հիմքը «փարիզյան սկզբունքներն»
են, հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ «BBC»-ին տված հարցազրույցում:
Նա անդրադառնալով գործընթացը շարունակելու համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ եւ բավարար
համարվող պայմաններին` հայտարարել է. «Դա առաջին հերթին յոթ շրջանների վերադարձն
է, այդ տարածքներից տեղահանվածների վերադարձը, հաղորդակցական կապերի վերականգնումը,
մարդկանց նորմալ կյանքի վերականգնումը, տարածաշրջանում դեմոգրաֆիական իրավիճակի վերականգնումը:
Այդպիսով, համապատասխան երաշխիքների դեպքում կմոտենա վաղուց սպասված խաղաղությունը,
որի մասին այսքան տարիներ երազում են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ, համոզված եմ,
Հայաստանում, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, մնա անցյալում»: Ն.
Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել