Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային

Ապրիլ 19,2005 00:00

«Ազգային պատկերասրահը»՝ պատկերասրահի օգտին է Շարունակվում է ապրիլի 6-ից մեկնարկած, հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ անցկացվող «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը: Այն, որ Հայաստանի ազգային պատկերասրահը տասնամյակներ շարունակ (1921 թվականից) սերունդների դաստիարակության, համաշխարհային արվեստի գլուխգործոցներին հաղորդակցման անգնահատելի դերակատարություն է ունեցել՝ նորություն չէ: Նորությունը պատկերասրահի նոր առաքելության սկիզբն է՝ Որմնանկարների դահլիճում կայացած երաժշտական փառատոնը գույնի, պատկերի եւ հնչյունի ներդաշնակության յուրօրինակ մթնոլորտ ձեւավորեց, հանդիսատեսին պարգեւելով երաժշտության եւ կերպարվեստի նորովի ընկալման րոպեներ: Կարճատեւ հարցազրույցի ընթացքում փառատոնի կազմակերպիչներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը «Առավոտին» տեղեկացրին, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Դրեզդենում անցկացվող նմանօրինակ փառատոների ընդօրինակումն է՝ մասնակի նորամուծություններով: Մեր հետաքրքրությանը՝ վերջիններիս կապակցությամբ, նրանք հայտնեցին, որ ջանացել են կենդանի շունչ տալ յուրաքանչյուր երեկոյի: «Առաջին համերգին, ուր հնչեց միայն Մոցարտ, ունկնդրին դիմավորում էին մոցարտյան դարաշրջանի պերսոնաժները՝ ուղեկցելով դահլիճ: Երկրորդ համերգին, որ նվիրված էր Եղեռնի 90-ամյակին, Կոմիտասի անվան լարային քառյակը հանդես եկավ հանդիսատեսների մոմերի լույսի ներքո: Սպիվակովի անվան եւ «Նոր անուններ» հիմնադրամի սաների համերգից առաջ շնորհակալ պատանի երաժիշտները մեկական ծաղիկ էին նվիրում հանդիսատեսներին»,- տեղեկացրեց Մ. Շահինյանը: Դիտարկմանը՝ բնականաբար, առանց հովանավորների չէիք կարող եւ չէիք կարող ակնկալել եկամուտ՝ ընդամենը 250 տեղանոց դահլիճից, Գ. Նազարյանն ասաց. «Նախքան որեւէ կազմակերպության դիմելը, ընտրել էինք նրանց, ովքեր հայտնի են մշակույթին աջակցելու իրենց բարերարությամբ: Եվ չէինք սխալվել: Ճիշտ նկատեցիք, փառատոնից եկամուտ ակնկալել չենք կարող: Իսկ ֆինանսը առաջին հերթին հետաքրքրում է այնքանով, որ մեր բարձրակարգ երաժիշտների՝ Սվետլանա Նավասարդյան, Բարսեղ Թումանյան եւ այլոց հոնորարը համահունչ լիներ իրենց արվեստին»: Միջամտելով գործընկերոջ խոսքին, տիկին Շահինյանն այս առիթով հույս հայտնեց, որ մեր մեծահարուստները կամ մյուս կազմակերպությունները, տեսնելով առաջին անգամ անցկացվող այս փառատոնը, հավանաբար, բացի շոուներից, ապագայում կցանկանան հովանավորել նաեւ բարձրակարգ արվեստ: Կազմակերպիչները տեղեկացրին, որ փառատոնը դեռ չավարտված, արդեն առաջարկներ են ստացել Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգի նմանօրինակ հաստատություններից՝ փառատոնային ծրագրով փոխայցելություններ կազմակերպելու համար. «Գերխնդիրը, որ Ազգային պատկերասրահն ու Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը դրել էին իրենց առջեւ, այն է՝ երաժշտության ընդգրկուն եւ համակողմանի մատուցմամբ ներկայացնել ոչ միայն մասնակից արվեստագետներին, այլեւ աշխարհում ճանաչելի դարձնել մշակութային կենտրոնները, քաղաքները, իրական է դառնում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել