Լրահոս
Օրվա լրահոսը

Մի

Ապրիլ 19,2005 00:00

Մի օրական մաքրություն Ապրիլի 16-ին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակը կազմակերպված էր խորհրդային ժամանակների «լավագույն» ավանդույթներով: Դպրոցականներին ստիպելով էին բերել, իսկ բուհերի յուրաքանչյուր ֆակուլտետից 20-30 ուսանողի պարտադիր ներկայություն էին պահանջել՝ վերջում «ներկա-բացակա» անելու պայմանով: Շաբաթօրյակին մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներն էլ անպայման ծառ տնկեցին՝ ավլելու կամ աղբ հավաքելու փոխարեն: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը «մաքրասերների» աշխատանքին խթանում էր իր ներկայությամբ: Հանդիպումը նրանց հետ տեւում էր 3- 4 րոպե կամ սահմանափակվում էր մեքենայից՝ գործ անող մարդկանց օդային բարեւներ ուղարկելով: Ուշագրավն այն էր, որ հիմնականում մաքրվում էին այն փողոցները, որտեղով պետք է անցներ քաղաքապետը: Թեպետ այդ տարածքներում, ի տարբերություն բակերի, աղբահանություն արվում է ամեն օր: Ծրագրով նախատեսված էր այցելել չորս համայնք: Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի հետ քաղաքապետը հանդիպեց Սայաթ-Նովայի փողոցում: Սակայն մինչ Ե. Զախարյանը կմոտենար թաղապետին, վերջինս հասցրեց լրագրողներին հաղորդել իր դժգոհությունը Օպերայի շրջակայքը զբաղեցնող մեծահարուստներից. «ունեւորների փոխարեն մայթերն ու գազոնները թաղապետարանն է մաքրում»: Ե. Զախարյանի այցի պահին Կենտրոնի աշխատողները փողկապներով եռանդուն փորում էին հողը՝ մինչ քաղաքապետի հեռանալը: Քաղաքապետի ուշադրությունը գրավեց Կենտրոնի նոր ձեռքբերումը՝ աղբամանները: Նա բացուխուփ արեց աղբամանի կափարիչը, ստուգեց որակն ու ոչ բարձր ասաց, որ այլ համայնքներում եւս պետք է դրանցից տեղադրվեն: Սակայն Կենտրոնի թաղապետը նրան նույնպես ցածրաձայն ասաց, որ մեկ աղբամանն արժե 60 դոլար: Ինչից հետո խոսակցությունը ծավալվեց աղբամանի որակական հատկանիշների շուրջ: «Դրանք չեն այրվում, բայց մարդիկ արդեն հասցրել են երկու հատը վառել»,- տեղեկացրեց Գագիկ Բեգլարյանը: «Առավոտի» հարցին՝ «արդյո՞ք աղբամանի թանկ լինելը չի խանգարի, որ բոլոր համայնքներում դրանք տեղադրվեն», քաղաքապետը պատասխանեց. «Թանկ է, բայց՝ հնարավոր: Եթե մեծաքանակ գնենք՝ էժան կլինի: Նաեւ՝ համայնքների բյուջեները բավականին մեծացել են եւ կարող են իրենց թույլ տալ այդ գնումն անելու»: Հաջորդ համայնքը Արաբկիրն էր, որտեղ բարեկարգվում էր միայն թաղապետարանի դիմացի այգին: Քանի որ եւ ապրիլի 16- ին, եւ հաջորդ օրը՝ 17-ին նկատեցինք, որ համայնքի կենտրոնական փողոցների աղբամանները լիքն էին աղբով: Հետաքրքիր էր, որ քաղաքապետի ու ջրցան մեքենայի մուտքը համընկավ՝ կարծես նախապես վարորդին հրահանգած լինեին: Շաբաթօրյակային տրամադրություն էր նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այստեղ քաղաքապետին դիմավորեցին փողային նվագախմբով: Չանտեսեցին նաեւ Հռոմի հանգուցյալ պապին՝ Հովհաննես Պողոս Երկրորդի հիշատակին քաղաքապետը եւ համայնքի ղեկավար Աղվան Գրիգորյանը տնկեցին 9 մետրանոց եղեւնի: Սահմանափակվելով չորս համայնքներում շրջելով՝ Ե. Զախարյանի «շաբաթօրյակն» ավարտվեց Հաղթանակի զբոսայգում, որտեղ կառավարության անդամներն ու ուսանողները ծառատունկ էին անում: «Առավոտի» հարցին, թե ուսանողներին ստիպողաբար չե՞ն բերել ծառատունկի, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը պատասխանեց. «Ոչ մի ստիպողաբար բան չկա: Եկել ենք այս անմխիթար վիճակը ինչ-որ չափով կարգավորելու: Ծառերը վերանորոգման կարիք ունեն, թփուտները պետք է մաքրվեն»: Իսկ ուսանողների մեծ մասը տունդարձին դժգոհ էր. «Համ կանչում են, համ էլ ասում են լապատկա չկա»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել