Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ

Ապրիլ 19,2005 00:00

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ Մարտի 27-ից սկսած, Նորք-Մարաշում հոսանքի մատակարարման խափանումներ շատ հաճախ են լինում: Էլեկտրաէներգիայի հոսանքի անջատումները տեւում են մեկ ժամից մինչեւ մեկուկես օր: Շենգավիթ համայնքի բնակիչների վկայությամբ, վերջին երկու ամիսներին մոտավորապես նույն վիճակն է նաեւ այնտեղ: Երբեմն-երբեմն ավելի քիչ ժամանակահատվածներով հոսանքազրկումներ են լինում նաեւ Հարավ-արեւմտյան թաղամասում: Շաբաթ օրը երեկոյան ժ. 21-22-ի սահմաններում, ականատեսների վկայությամբ, մթության մեջ է հայտնվել մայրաքաղաքի մի հսկայական հատված՝ մոտավորապես օպերայի տարածքից մինչեւ Ներքին Չարբախ: Այս պայմաններում անելիքը պլանավորել անհնար է դառնում, չհաշված, որ հոսանքազրկվող տարածքներում գտնվում են առեւտրի ու սպասարկման օբյեկտներ, որոնք ֆինանսական տույժեր են կրում: Օրինակ, Նորք-Մարաշի բնակիչներին բացատրում են, որ խափանումները տեղի են ունենում վթարների պատճառով: Իսկ վթարները պատճառաբանում են եղանակով. անձրեւ է՝ վթար է լինում, քամի է՝ վթար է լինում, անգամ արեւին են վթարներ լինում: Այնպես որ, բնակիչները նույնիսկ չեն կողմնորոշվում՝ որ եղանակից զգուշանան: Հոսանքազրկվող տարածքների բնակիչների համեմատաբար տեղեկացված մասը անգամ կասկածներ ունի, որ էլցանցերի աշխատակիցները ոչ միշտ են արագ արձագանքում վթարներին: Դեռեւս անցյալ տարի, երբ նմանատիպ խափանումները հաճախ էին, «Հայէլցանցերից» հավաստիացրին, որ դրանք պայմանավորված են մալուխների նորացման աշխատանքներով, ինչն արվում է խափանումները վերացնելու նպատակով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը ոլորտի կարգավորողն ու ներդրումային ծրագրերի կատարումը վերահսկողն է, մեր հրապարակմանն ի պատասխան եւս՝ փոխանցեց բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ այս պատասխանը: Սակայն այդ դեպքում ինչո՞վ բացատրել ներկայիս հոսանքազրկումները: Եթե հիշենք՝ բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման անհրաժեշտությունը պայմանավորված էր հենց ներդրումների ներգրավմամբ, որովհետեւ ցանցն արդեն բավականին քայքայված էր եւ չէր կարողանում անխափան էլեկտրամատակարարում ապահովել: Սակայն եթե էլեկտրամատակարարումը, միեւնույն է, անխափան չի լինելու մասնավորեցումից նույնիսկ մի քանի տարի անց, ապա կարելի է ասել, որ բաշխիչ էլեկտրացանցերի բիզնեսը այսպես կառավարում էր նաեւ պետությունը. իմաստը ո՞րն էր մասնավորեցման: Փոխարենը «Հայէլցանցերը» փութաջանորեն պաշտպանում է իր իրավունքները՝ գյուղերում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բնակիչների պատճառով հոսանքազրկելով նաեւ վճարողներին, այդպիսով բարեխիղճ սպառողների իրավունքները չոտնահարելու համար մի մեխանիզմ չմշակելով: Պատրաստ ենք հոսանքի խափանումների վերաբերյալ տպագրել «Հայէլցանցերի» պատճառաբանությունները: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆՀ. Գ. Էլեկտրաէներգիայի մատակարարումը միակ հանրային ծառայությունը չէ, որից բնակիչները դժգոհելու պատճառներ ունեն: Ջրամատակարարումը եւս գովասանքների տեղ քիչ է թողնում. ջրազրկման ամենաթարմ օրինակը Խորենացու 43 եւ 45 շենքերինն է, որոնք 3 օր է՝ ջուր չունեն, բնակիչները տեղյակ էլ չեն, թե ինչ պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել