Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՏԵՔՍՏԻՑ

Ապրիլ 19,2005 00:00

ՀԱՄԱՏԵՔՍՏԻՑ ԿՏՐՎԱԾ Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա վերլուծական ծրագրի մի սյուժեից կարող էր տպավորություն առաջանալ, թե «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը պիտակավորել է «Հանրապետության» իր գործընկերների նախաձեռնությունը ժողովրդավարական հեղափոխության վերաբերյալ: Թյուրիմացությունը պարզաբանում է պրն Գեղամյանը. «Իմ արտահայտությունները Հ1-ի ծրագրում «ավանդույթի» համաձայն՝ աղավաղվել են, կտրվել համատեքստից: Իրականում ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Կինոյի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո թղթակիցներն ինձ հարց ուղղեցին, թե ո՞վ է լինելու առաջիկա հայկական հեղափոխության Յուլիա Տիմոշենկոն: Ի պատասխան՝ ասացի, թե մենք ունենալու ենք միանգամից 2 Տիմոշենկոներ, եւ տվեցի իշխանամետ 2 լրագրողուհիների անուններ: Դրանից հետո մեկ այլ հարց հնչեց, թե արդյոք կանանց դերակատարումը շոշափելի՞ է լինելու սպասվող հեղափոխության ժամանակ, եւ ես պատասխանեցի, որ անշո՛ւշտ, շոշափելի է լինելու, եւ դա զուտ հայկական երեւույթ չէ. քանի որ 1789-ին ֆրանսիական առաջին հեղափոխությունից հետո այն ժամանակվա հեղափոխության առաջնորդ Ռոբեսպիերը, ի թիվս այլ գործոնների, հիշատակել էր նաեւ «շեղշե լյա ֆամ» արտահայտությունը, այսինքն՝ այս ամենում «կին փնտրեք»: Խոսքը վերաբերում էր ոչ թե կին հեղափոխականներին, այլ Լյուդովիկոս 16-րդի կնոջը՝ Մարիա Անտուանետին, որի զեխությունները ոչ պակաս գրգռվածություն էին առաջացնում փարիզեցիների մոտ, որքան թագավորական գանձագող իշխանությունը: Ուշագրավն այն է, որ այս հանդիպմանը որեւէ անդրադարձ չեղավ ապրիլի 7-ի «Հայլուրի» եւ ոչ մի թողարկման ժամանակ, այն չլուսաբանվեց նաեւ այդ շաբաթվա վերլուծական ծրագրով: Մինչդեռ 20 օր անց՝ նյութերն աղճատելով եւ «հմուտ» մոնտաժի հետեւանքով փորձեցին այս ձեւով պիտակավորել ընդդիմադիր դաշտի տարբեր թեւերում իշխանափոխության շրջանակներում ծավալված գործընթացները»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել