Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդներից

Ապրիլ 19,2005 00:00

Միջնորդներից նեղացածները Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն «սադրիչներ» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ «Մեդիամաքսի», մեկնաբանելով ՄԽ համանախագահների՝ նախորդ շաբաթ տարածած հայտարարությունը, որում միջնորդները կողմերին կոչ են արել ամրապնդել զինադադարը, ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից եւ իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել փոխզիջումային համաձայնությանը, Գուլուզադեն խիստ բացասական է արտահայտվել «փոխզիջման» գաղափարի մասին: «Ինչպե՞ս կարելի է ադրբեջանական ժողովրդին նախապատրաստել փոխզիջումների: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անխախտելի է: Իսկ այդ սադրիչ համանախագահներն առաջարկում են, որ Ադրբեջանի ղեկավարը դուրս գա ժողովրդի մեջ եւ ասի, որ երկիրը պետք է զոհաբերի իր ինքնիշխանությունը: Բնակչությանը հնարավոր չէ նախապատրաստել դրան»,- հայտարարել է Գուլուզադեն: «Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ապա այս դեպքում Ադրբեջանը կարող է գնալ փոխզիջման եւ չիրականացնել էթնիկական զտում, ինչպես ժամանակին վարվեցին հայերը՝ այդ տարածաշրջանից վտարելով ադրբեջանական բնակչությանը: Մենք համաձայն ենք այնտեղ թողնել հայկական բնակչությանը, ապահովել նրա իրավունքները եւ տրամադրել մշակութային ինքնավարություն»,- մեծահոգաբար թույլատրել է նախկին խորհրդականը: Միջնորդների հայտարարությունն առանձնակի խանդավառությամբ չի ընդունվել նաեւ Հայաստանում: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, մասնավորաբար, նշել է, թե թերահավատորեն է վերաբերվում այն բանին, որ համանախագահների հայտարարությունը ցանկալի արդյունք կտա: «Քանի որ մինչ այժմ ադրբեջանցիներն են սուր ճոճում ու ռազմատենչ կոչեր հնչեցնում, ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ուղղված է հենց նրանց»,- ասել է Հ. Գասպարյանը: Այնուամենայնիվ, ԱԳՆ խոսնակը չի կարծում, թե համանախագահների հայտարարության մեջ նկատվող զգուշավորությունը՝ հրապարակային չանվանել եւ չդատապարտել խախտումների իրական հեղինակներին, կնպաստի հրադադարի պահպանմանը: Նրա խոսքերով, Երեւանը համանախագահ երկրների ԱԳ նախարարներին եւ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված նամակում բացատրել է, որ այս խախտումների հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը համոզված է իր անպատժելիության մեջ: «Բոլորն էլ տեսնում են, թե ով է այսօր ոտնձգություններ անում, եւ բոլորին էլ պարզ է, որ ադրբեջանցիներն են բացահայտորեն խախտում հրադադարը: Այնուամենայնիվ, ոչ մեկը չի քննադատում կամ չի դատապարտում նրանց գործողություններն անվանապես»,- ասել է Հ. Գասպարյանը՝ ավելացնելով, որ դրա արդյունքում ադրբեջանցիները կրկին ու կրկին խախտում են հրադադարը: Նա նաեւ նշել է, որ եթե անցյալում կրակոցներ լինում էին եւ ոչ միշտ էր հայտնի, թե ով է առաջին կրակողը, այսօր ակնհայտ է, որ ադրբեջանցիներն են առաջ մղել իրենց դիրքերը եւ տեսանելիորեն փոփոխության են ենթարկում ստատուս քվոն: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել