Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Ապրիլ 19,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՏԱՊԱԼՎԱԾ Է՝ ԺԱՄԿԵՏԻ ԱՌՈՒՄՈՎ Պնդում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Շավարշ Քոչարյանը: Քանի որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը եւ պատվիրակության անդամ Գուրգեն Արսենյանը պնդում են, թե ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ընթացքն արտահերթ քննարկելու նախաձեռնությունը Շավարշ Քոչարյանինն է՝ հետաքրքրվեցինք, թե իրոք նա՞ է կազմակերպել այդ ստորագրահավաքը: «Նախաձեռնությունը պատկանում է այն 24 պատգամավորներին, որոնք ստորագրել են: Ես չեմ ստորագրել,- պարզաբանեց պրն Քոչարյանը:- Բայց բնական է, որ սահմանադրական բարեփոխումների մասին խոսել եմ բազմաթիվ պատգամավորների հետ, որոնք իրոք շահագրգռված են, որ այդ գործընթացն ընթանա բնականոն հունով»: Գուրգեն Արսենյանը էթիկայի խախտում էր համարել, որ ստորագրահավաքի մասին իմացել է շատ անակնկալ, մինչդեռ Շավարշ Քոչարյանի հետ նույն՝ լիբերալ-դեմոկրատների խմբի անդամ է: Վերջինս նշեց. «Գուրգեն Արսենյանը երեւի չգիտի Վեհաժողովի կանոնակարգը. խո՛ւմբը չէ նախաձեռնության հեղինակը: Հարցի արտահերթ քննարկումը նախաձեռնել են պատգամավորներ, որոնք տարբեր խմբերի ներկայացուցիչներ են: Ի դեպ, ստորագրողների ընդամենը 1/4-ն է լիբերալ-դեմոկրատների խմբի անդամ: Մնացածը ներկայացնում են այլ խմբեր»: Իսկ Տիգրան Թորոսյանը նշել էր, թե Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ այդ պատգամավորներին թյուրիմացության մեջ է գցել եւ «հրահրել» ստորագրել այդ առաջարկի ներքո: «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչի է նա այդպես վրդովվել,- տարակուսեց պրն Քոչարյանը:- Ի՞նչ է նշանակում թյուրիմացության մեջ գցել, երբ բոլորի համար ակնհայտ է մի քանի հանգամանք: Նախ՝ ըստ Հայաստանի ստանձնած պարտավորությունների, սահմանադրական հանրաքվեն պետք է տեղի ունենար հունիսին: Ակնհայտ է, որ այդ ժամկետը տապալված է, եթե հաշվի առնենք, որ հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը պետք է հրապարակվի քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ: Երկրորդը՝ այն նախագիծը, որ ներկայացրել է կոալիցիան, արժանացել է Վենետիկի հանձնաժողովի շատ լուրջ քննադատական գնահատականին: Այսինքն՝ որակի առումով այն չի բավարարում այն չափանիշներին, որոնց պետք է համապատասխաներ: Եվ վերջապես՝ ակնհայտ է, որ ժողովրդի 1/3-ն այդ նախագծին կողմ չի քվեարկի՝ հաշվի առնելով վերաբերմունքն իշխանությունների հանդեպ: Իսկ եթե Տիգրան Թորոսյանը համարում է, թե ամեն ինչ լավ է ընթանում՝ ուրեմն, նրանց նպատակն այդ գործընթացը տապալելն է»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը քննադատել էր ներկայացված «Սահմանադրական փոփոխությունների ընթացքը Հայաստանում» բանաձեւի նախագիծը՝ նշելով, թե ձեւակերպումները ծիծաղելի են եւ անհեթեթ: Նման գնահատականի էր արժանացել առաջարկը՝ կոչ անել իշխանություններին եւ ընդդիմությանը երկխոսության մեջ մտնել սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, այն փաստարկմամբ, որ նման կոչ արվել է բազմիցս: Իսկ բանաձեւի 2-րդ կետով Վենետիկի հանձնաժողովին կոչ է արվում շարունակել մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացին, մինչդեռ պատվիրակության ղեկավարը պնդում է, թե մշտապես եղել է այդ մասնակցությունը: «Տիգրան Թորոսյանը երեւի մոռացել է, որ բանաձեւն ընդունում է Վեհաժողովը: Դեռ նիստ չի եղել եւ որեւէ փաստաթուղթ չի ընդունվել,- ասաց Շավարշ Քոչարյանը:- Ուղղակի ԵԽԽՎ այն պատգամավորները, որոնք նախաձեռնել են այս արտահերթ քննարկումը՝ տվել են որոշակի ձեւակերպումներ, որոնցով իրենց մտահոգությունն են հայտնել, թե ինչու են հրատապ հարց մտցնում օրակարգ: Եվ այդտեղ, այո՛, նաեւ նշել են երկխոսության անհրաժեշտությունը: Այն շատ տրամաբանական է, քանի որ բոլորը տեղյակ են, թե դեռեւս հունվարի 19-ին «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունը» հրապարակավ հայտարարեցին, որ եթե կոալիցիան ընդունի 3 հիմնարար սկզբունք՝ իշխանությունների տարանջատման, անկախ դատարանների եւ տեղական ինքնակառավարման առնչությամբ՝ ընդդիմադիրները պատրաստ են մասնակցություն ցուցաբերել սահմանադրական գործընթացին: Բայց ստացանք, ըստ էության, մերժում: Այսինքն՝ կոալիցիան հակված չէ, որ լուծվեն այդ 3 հիմնարար հարցերը»: Մինչդեռ Գուրգեն Արսենյանը գնահատել էր, թե այս քննարկմամբ ընդդիմադիրները «հուսահատ ճիգեր են անում, որ նորից կարողանան հայտնվել Սահմանադրության փոփոխությունների գործընթացում»: ԵԽԽՎ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչը չհամաձայնեց, թե ընդդիմությունը դուրս է մնացել այդ գործընթացից. «Ամենեւի՛ն: Նախագիծը, որ ներկայացրել ենք դեռ նախորդ խորհրդարանին, հրապարակված է: Եվ եթե Գուրգեն Արսենյանի նախագիծն ինչ-որ առումով ավելի լավն է, քան կոալիցիայինը՝ նաեւ լուրջ դեր է կատարել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ն օգտվել է հրապարակված նախագծի գաղափարներից եւ նույնիսկ մեջբերել ուղղակի ձեւակերպումներ: Եվ եթե ինքը հետեւողական լինի այդ հարցում՝ կունենա ավելի լավ նախագիծ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել