Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ

Ապրիլ 19,2005 00:00

Հայ
մարզասերը վաղուց միջազգային բարձրակարգ մրցաշարերում մեր հանրապետության ըմբիշների
մրցելույթներից այսքան մեծ բավարարվածության զգացում չէր ունեցել: Հունա-հռոմեական
ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված Եվրոպայի
առաջնությունից տուն է վերադառնում մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ նվաճած: 69
կգ քաշային կարգում Եվրոպայի 2000 եւ 2001 թվականների բրոնզե մեդալակիր Մովսես Կարապետյանը
Վառնայում հանդես գալով 74կգ-ում՝ մեկնարկային գոտեմարտում համոզիչ հաղթանակ տարավ
ադրբեջանցի Իլհար Աբդուլովի նկատմամբ, այնուհետեւ պայքարից դուրս մղեց Յակով Մանաշերովին
(Իսրայել), Թոմի Լունդելին (Շվեդիա), Ադամ Յուրչենկոյին (Գերմանիա) ու մտավ եզրափակիչ,
որտեղ նրան դժվարին մենամարտ էր սպասվում տանտերերից Վելին Մարինովի հետ: Երբ հաղորդավարը
ներկայացնում էր եզրափակիչ գոտեմարտի մասնակիցներին, Մովսեսի անունը հայտարարելիս
տրիբունաները սուլեցին: Այդ մթնոլորտում որոշիչ դեր էր կատարելու հայ ըմբիշի հոգեբանական
պատրաստվածությունը: Բուլղարացին իր հազարավոր երկրպագուների ամենաջերմ աջակցությամբ
նետվեց գրոհի: Սակայն Մովսեսը գրագետ էր պաշտպանվում՝ սպասելով հակագրոհելու հարմար
պահի: Ու այդ առիթը նրան ներկայացավ գոտեմարտի վերջնամասում: Առաջինը միավոր վաստակելու
ձգտումով հերթական անգամ գրոհի նետված Մարինովը ինքն ընկավ հայ ըմբիշի երեք միավորանոց
հակահնարքի տակ: Ու որքան էլ ջանաց կորցրածը ետ բերել, դա նրան չհաջողվեց Մովսեսի
խելամիտ գործողությունների ու ժամանակը չբավարարելու պատճառով: Մովսես Կարապետյանը
հասավ իր մարզական կարիերայի ամենաբարձր նվաճմանը՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Իսկ
նախորդ օրը բոլորիս ուրախացրել էր 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Նա էլ իր հերթին
վերելքով անցկացնելով նախնական գոտեմարտերը՝ առավելության հասավ պորտուգալացի Պաուլո
Գոնսալվեսի, ռումինացի Ֆլորին Գավրիլայի, թուրք Բայրամ Օեզդեմիրի, ընդ որում՝ բացահայտ
առավելությամբ, բելառուս Ալեքսեյ Շեպակի նկատմամբ ու «ոսկու» համար ռուսաստանցի Վիկտոր
Կորաբլյովի հետ պայքարելու իրավունք նվաճեց: Եզրափակիչ գոտեմարտում մրցակիցը հաշվի
մեջ առջեւում էր: Ռոմանն ամեն բան անում էր կշեռքի նժարն իր կողմը թեքելու համար:
Նա մի քանի անգամ մրցակցին գետնին տապալեց, սակայն մրցավարները նրա հաշվին միավոր
չէին գրանցում: Ավելին, նրանք չէին էլ նկատում ռուսաստանցու պասիվությունը: Ինչեւէ,
Ռոմանը, որ նույնպես Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեր հույսերից
է՝ ոչ միայն մասնակցության, այլեւ մեդալ նվաճելու առումով, պարտվեց ու արժանացավ
արծաթե մեդալի: Շնորհիվ այս երկու մեդալների, Հայաստանի հավաքականը թիմային
պայքարում գրավեց 4-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Բուլղարիային եւ Թուրքիային:
Հիմա մնում է, որ այս երկու ըմբիշները չբավարարվեն ձեռք բերածով, վերջին տարիների
համեմատական սակավ մեդալների ֆոնի վրա չմեծամտանան, այլ շարունակեն ավելի լուրջ մարզվել
ու բազմապատկեն իրենց նվաճումները: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել