Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՆՕՐԵՆ ԴՊՐՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Ապրիլ 19,2005 00:00

Մեկ ամիս է՝ Նոր Նորք համայնքի Ս. Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցն առանց տնօրենի է

Նախկին՝ բազմամյա տնօրեն Մուկուչ Աֆրիկյանը կենսաթոշակային տարիքի պատճառաբանությամբ ազատված է աշխատանքից: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ փոխտնօրենը՝ Ջուլիետա Ավագյանը: Մեր տեղեկություններով, կազմակերպչական հարցերով նորանշանակ փոխտնօրեն Գոհար Մարտիրոսյանն է հավակնում տնօրենի պաշտոնին, ինչը կոլեկտիվի սրտով չէ: Ի դեպ, տիկին Մարտիրոսյանը խոստացել է «Առավոտի» հարցերին պատասխանել հարմար առիթով: Տեւական ժամանակ է՝ կրթօջախում անառողջ մթնոլորտ է տիրում, ինչի պատճառով հետաձգվել են դպրոցի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումները: Կոլեկտիվը հասցրել է դիմել հնարավոր բոլոր ատյաններին՝ թաղապետարան, մշակույթի նախարարություն, նախագահի աշխատակազմ, ԱԺ նախագահին եւ այլուր: Անգամ պատրաստ են դասադուլ անել, եթե հարցը լուծում չստանա՝ հօգուտ կոլեկտիվի:

Կոմպոզիտոր, կոմպոզիցիայի բաժնի դասատու Ստեփան Բաբաթորոսյանը ներկայացրեց պրոբլեմի նախապատմությունը, ասաց, որ դեռ 2 տարի առաջ կոլեկտիվը «բունտ է արել» ու թաղապետարանից պահանջել հին տնօրենին հետ բերել: «Անընդհատ էս հարցը բարձրանում է, սա (Գ. Մարտիրոսյանը) ուզում է տնօրեն դառնալ, անընդհատ լարված վիճակ է ստեղծում: Դրա համար թաղապետարանում էլ նոր հաստիք հորինեցին նրա համար ու ընդամենը 245 սան ունեցող դպրոցում Գոհարին նշանակեցին երկրորդ փոխտնօրեն, իրեն տվեցին նաեւ լարային ու փողային բաժինները: Մենք ունեինք փողային հրաշալի օրկեստր, որը նաեւ համայնքի պարծանքն էր, օրկեստրն էլ քանդվել է նրա գալուց հետո»:

Ըստ Բաբաթորոսյանի, նախկին տնօրենը Գ. Մարտիրոսյանին ընդամենը վստահել էր իլյուստրացիայի (նվագակցության) ժամեր, հետո «լսելով, որ վատ է նվագում, այդ ժամերը հանվել են, իրեն պահող միակ բանը իր ամբիցիաներն են եւ իր պապայի փողերը»: Մ. Աֆրիկյանից հետո մեկ այլ տնօրեն է նշանակվել, որ 5 օր հետո դիմումի համաձայն, իբր առողջական պատճառներով, ազատվել է աշխատանքից: Դասատուների հավաստմամբ՝ «Էդ Միրզոյանը արժանապատվություն ունեցող մարդ էր՝ չցանկացավ խաղալիք դառնալ»:

Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ առաջիկայում դպրոցն անպայման կունենա նոր տնօրեն, քննարկվում են հնարավոր թեկնածուները: Նա հավաստիացրեց, որ կոլեկտիվի մեծամասնության համար ոչ ցանկալի Գոհար Մարտիրոսյանն այդ ցանկում չկա: «Կոլեկտիվից որեւէ մեկը տնօրեն չի նշանակվելու, որովհետեւ այնտեղ տարաձայնություններ կան եւ ցանկացած նշանակման դեպքում որեւէ խմբի շահերը կոտնահարվեն»,- ասաց թաղապետը: Հիշեցրինք, որ տարիներ առաջ թիվ 17 երաժշտական դպրոցի տնօրենը ընտրվել է կոլեկտիվի փակ գաղտնի քվեարկության արդյունքում, ինչո՞ւ այս դպրոցում էլ այդկերպ չվարվել: «Քանի որ կոլեկտիվը 2 մասի է բաժանվել եւ ես հաստատ չեմ կարող ասել, թե 60 հոգուց քանիսը ո՞ւմ շահերն է պաշտպանում, հետեւաբար գտնում եմ, որ հակամարտությունը կարգավորելու համար պետք է թաղապետարանը տնօրեն նշանակի»: Հետաքրքրվեցինք՝ ավանդույթներ ունեցող երաժշտական դպրոցի նոր տնօրենը լինելու է ճանաչվա՞ծ արվեստագետ: «Նա լինելու է նեյտրալ մարդ, որպեսզի կարողանա օբjեկտիվ վերաբերմունք արտահայտել բոլորի նկատմամբ: Նշանակվելիք տնօրենը չի լինի ճանաչված արվեստագետ, բայց կլինի կրթական ոլորտի մասնագետ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել