Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ իրենց ներդրումն են ցանկանում ունենալ նաեւ երիտասարդական ակումբների դաշնության անդամները:
Նրանք այս բնագավառում արդեն որոշակի փորձ են ձեռք բերել՝ մասնակցելով վերջին մեկ տարվա ընթացքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ Չարենցավանում, Արմավիրում, Եղվարդում, Իջեւանում: Նրանք այս ընտրություններին մասնակցել են դիտորդական առաքելությամբ:
Ըստ դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի, այս նախաձեռնությամբ փորձել են երիտասարդներին մասնակից դարձնել ընտրությունների ընթացքին. «Կարեւոր էր, որ նրանք իրենց զգային ակտիվ քաղաքացի եւ հասկանային դրա կարեւորությունը: Ի վերջո, մասնակցությունից հետո այս երիտասարդներն իրենց շրջապատում կարողանում էին հանդես գալ որպես քաղաքացիական հստակ դիրքորոշում արտահայտող մարդիկ»: Այս ծրագրից հետո որոշ երիտասարդներ իրենց սեփական նախաձեռնություններով են փորձում հանդես գալ: Օրինակ, Եղվարդում գործող երիտասարդական ակումբի անդամները որոշել են տեղական հանրաքվե անցկացնել, ինչը Հայաստանում երբեք չի կիրառվել, թեեւ նման օրենք ամրագրված է մեր օրենսգրքում: Իսկ Իջեւանի ընտրություններին մասնակցած դիտորդները որոշել են ակումբ հիմնել եւ զբաղվել տեղական խնդիրներով: Նշենք, որ մինչ դիտորդական առաքելությունը՝ երիտասարդները որոշակի ուսուցողական դասընթացներ են անցնում:
Ա. Մխիթարյանը համոզված է, որ քաղաքական դաշտում ինչ-որ քայլ անելու համար պետք է առողջ սերնդափոխության խնդիր դրվի: Նա համոզված է, որ եթե այս ընտրություններն էլ կազմակերպեն մարդիկ, ովքեր մինչ օրս անցկացված ընտրություններում հանձնաժողովների մեջ են եղել, լավ ակնկալիքներ չենք կարող ունենալ: «Աշնանը կայանալիք ընտրությունների համար մենք նոր ծրագրով դիմել ենք Եվրախորհուրդ: Խնդրել ենք որպեսզի մեր հարեւան երկրներից՝ Վրաստանից եւ Ռուսաստանից, երիտասարդ դիտորդներ կանչեն: Սա կնպաստի ե՛ւ փորձի փոխանակմանը, ե՛ւ կծառայի երիտասարդների մասնակցությանը հասարակական գործընթացների»: Ըստ Ա. Մխիթարյանի, օտարերկրյա երիտասարդ դիտորդներն ավելի շատ կզգաստացնեն ընտրությունների մասնակիցներին. «Ես դիտորդ եմ եղել Ռուսաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ. ԵԱՀԿ-ի կողմից Օմսկ էի մեկնել: Հավատացնում եմ, որ ազդեցությունը շատ մեծ էր: Երբ տարբերանշանը թեւիս մտնում էի տեղամաս, հանձնաժողովի մասնակիցները անմիջապես կերպարանափոխվում էին»: Նա ավելացրեց նաեւ, որ ռուսաստանյան ընտրություններին որպես դիտորդ ներկայացված շատ անձինք մասնակցել էին նաեւ հայաստանյան նախագահական ընտրություններին: Վերջիններս Ա. Մխիթարյանին ասել էին, որ ռուսաստանյան ու հայաստանյան ընտրությունները անհամեմատելի են. «Ռուսաստանում խախտումները կապված են եղել մեծ մասամբ օրենքի չիմացության հետ: Մտածված խախտումներ չենք արձանագրել, իսկ Հայաստանի մասին իմ օտարերկրյա կոլեգաները հակառակ կարծիքն ունեին»:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ