Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՈՒՆԸ ԱՅՆՔԱ՜Ն ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՌԵԼ

Ապրիլ 19,2005 00:00

Հարցազրույց
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հետ Հարկատուների հաշվին ապրող
եւ աշխատող պատգամավորները անցած շաբաթ տապալեցին խորհրդարանական քառօրյան եւ, ըստ
էության, երկրի օրենսդիր մարմնի համար ստեղծեցին ճգնաժամային վիճակ: Սակայն ՀՅԴ խորհրդարանական
խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն այն կարծիքին է, որ իրավիճակն ամենեւին էլ
ճգնաժամային չէ. «Անցյալ քառօրյայի երկու օրերին նիստ եղավ եւ մյուս երկու օրը նիստ
տեղի չունեցավ, այսինքն՝ կիսովի չեղավ: Եվ այս իրավիճակում տեխնիկական պատճառն ավելի
շատ էր: Միշտ խնդիր ունենք նիստ հավաքելու: Իսկ սա նշանակում է, որ պետք է ավելի
լավ աշխատենք, որ օրինագծերը սկսենք քննարկել հանձնաժողովներում, որպեսզի պատգամավորները
շահագրգռություն ունենան այդ օրինագծերը պաշտպանել լիագումար նիստերում: Վստահ եմ,
որ այս տեխնիկական խնդիրները կհարթվեն: Այնպես որ, ճիշտ չէ սա համարել ճգնաժամ: Իսկ
ինչ վերաբերում է խորհրդարանի լուծարմանը, չեմ կարծում՝ դա ճիշտ քայլ կլինի: Դաշնակցությունը
միշտ ասել է՝ մենք պետք է փորձենք հասնել նրան, որ արտահերթ գործողությունները մեր
երկրում հնարավորինս քիչ լինեն: Երկրի պետականության հաստատման համար արտահերթ ընտրությունները
պետք է քիչ լինեն, եթե չկան երկրին, պետականությանը, զարգացմանը խանգարող գործոններ»:
Նկատեցինք, որ այս օրերին գրեթե բոլորի համար միանշանակ պարզ է, որ Հայաստանում
ինչ-ինչ գործընթացներ են զարգանում, սակայն այդ ինչ-ինչի անունն առայժմ ոչ ոք կոնկրետ
չգիտի: Այս տրամադրությունների մասին Լեւոն Մկրտչյանն ունի իր կարծիքը. ըստ այդմ,
եթե բոլորս խոսում ենք այն մասին, որ Հայաստանում ինչ-որ բան է կատարվում, սակայն
որեւէ մեկը մինչ այսօր չի կարողացել նկարագրել, թե ինչ է կատարվում, ուրեմն ոչինչ
չի կատարվում, պարզապես մենք ուզում ենք, որ ինչ-որ բան կատարվի. «Եթե ինչ-որ բան
կատարվեր, բոլորս դա կտեսնեինք եւ կգնահատեինք, այսինքն՝ այժմ ավելի շատ անհամբերություն
կա, կա արտաքին օրինակները Հայաստանում տեսնելու վախ եւ ցանկություն, եւ սա բերում
է ժամանակից շուտ քայլերի: Քաղաքական գործչի, կուսակցությունների համար շատ կարեւոր
պայման է նաեւ համբերել կարողանալն ու սեփական դեմքը չկորցնելը: Սրանք քաղաքական
գործչի լավագույն հատկություններից են: Նա չպիտի ուշանա եւ միաժամանակ՝ չպիտի շտապի:
Որքան ուշանալն է հղի անկանխատեսելի հետեւանքներով, այնքան էլ՝ ժամանակից շուտ ասպարեզ
գալը, ժամանակից շուտ քայլեր կատարելը կարող է անկանխատեսելի լինել»: Սակայն ե՛ւ
իշխանության որոշ ներկայացուցիչներ, ե՛ւ ընդդիմության հիմնական մասը կարծես ինքն
իրեն դրել է նախընտրական իրավիճակում եւ սկսել է սեփական քարոզարշավը: Սա հասկանում
եւ նկատում են նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ: Լեւոն Մկրտչյանը այս ամենը
չի նկատում. ըստ նրա, նախընտրական քարոզարշավի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ.
«Չկա ոչ ծրագիր, ոչ էլ այլ բան, կա որոշակի ակտիվացում եւ աշխուժացում, եւ որոշ քաղաքական
գործիչներ փորձում են ներկայանալ իրենց ծրագրային ելույթներով: Թե սա որքանով կարելի
է անվանել նախընտրական վիճակ՝ մի քիչ կասկածելի է, բայց որ ակտիվացում կա՝ ակնհայտ
է: Չմոռանանք, որ գարուն է, որ տարածաշրջանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում,
ԱՊՀ տարածքը քաղաքակրթությունների եւ հերթական բախման փուլ է ապրում: Սրանք եթե հաշվի
առնենք, իրավիճակը բացատրելի կլինի»: Կոալիցիայի խորհրդի վերջին նիստից արդեն
բավական ժամանակ է անցել եւ կարծես թե քաղաքական գործընկերները առայժմ չեն պատրաստվում
կրկին նիստ գումարել, իսկ այն, որ նիստերը մինչ այժմ հրավիրվում են նախագահականում,
կարծես թե ՕԵԿ-ին եւ ՀՀԿ-ին շատ չի հուզում, իսկ Դաշնակցությունը, ճիշտ է, երբեմն
դժգոհություններ է հայտնում այս կապակցությամբ, սակայն հաջորդ անգամ կրկին նիստի
է գնում նախագահական: Լեւոն Մկրտչյանը մեզ հետ այս մասով համաձայն է. «Այո, կոալիցիայի
խորհրդի նիստերը մեծ մասամբ գումարվում են նախագահի մոտ: Միանշանակ համաձայն եմ ձեզ
հետ, եւ Դաշնակցությունն էլ հարց է բարձրացրել՝ նիստերի հավաքվել կոնկրետ օրակարգով:
Կարծում եմ, առաջիկայում սա կլինի»: Լեւոն Մկրտչյանն այն կարծիքին է, որ գարնանային
սրացումներն իրենց անմիջական ազդեցությունը թողել են ոչ միայն իշխանության, այլեւ
ընդդիմության վրա. «Գարուն է, եւ տարին ոչ միայն եղանակի իմաստով է բացվում, այլեւ՝
քաղաքական: Եվ յուրաքանչյուր քաղաքական ուժ, նաեւ ընդդիմության ուժերը փորձելու են
իրենց հետագա քայլերի ճշգրտումները կատարել: Վերջին մի քանի հավաքները ցույց տվեցին,
որ այդ ճշտումները կատարվում են: Բայց բարդ է ասել, թե ինչ հնարավոր զարգացումներ
կլինեն: Կարծում եմ, իրենք էլ դեռ որոնման ճանապարհին են: Բայց հստակ է, որ նաեւ
ընդդիմադիր դաշտում են տեղի ունենում քաղաքական կողմնորոշման, վերադասավորման, վերախմբավորման
աշխատանքներ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել