Իշխանությունն, ինչպես միշտ, ուզում է վերարտադրվել
Մայիսի 8-ին Ալավերդի քաղաքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ ավելի ստույգ՝ քաղաքապետի ընտրություններ: Այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրված են 9 թեկնածուներ, այդ թվում՝ գործող քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը եւ ՀՀԿ-ն ներկայացնող «բազեական» Էդիկ Սերիմազանովը:
Երեկ Ալավերդիում մեր աղբյուրը շատ պատկերավոր նկարագրեց Ալավերդիի ընտրական 15 տեղամասային հանձնաժողովներում ստեղծված իրավիճակը: Նրա ասելով՝ «Վանաձորից եկած 45 մարդ գրավել են Ալավերդու ընտրական տեղամասերը: Այդ մարդիկ, ովքեր աշխատում են Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի ենթակայությամբ եւ մարզպետարանում զբաղեցնում են վարչություններ, բաժինների պետերի պաշտոններ, նշանակվեցին տեղամասային հանձնաժողովների անդամներ եւ ներկայացնելու են հանձնաժողովներում 9 անդամներից 3-ը, որոնք նշանակվում են ՀՀ նախագահի կողմից»: Մարզպետը, ըստ մեր աղբյուրի, աշխատելու է քաղաքապետի թեկնածու, Ալավերդիի էլցանցի պետ Արթուր Նալբանդյանի օգտինն, որին, ի դեպ, պաշտպանում է նաեւ Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունը:
Արդեն նշանակված են Ալավերդիի ընտրատարածքի բոլոր 15 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները:
Դրանցից 13-ում նախագահներ են նշանակվել Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի կողմից Վանաձորից Ալավերդի գործուղված պաշտոնյաները: 15 տեղամասերից 2-ում մարզպետի ներկայացուցիչները նշանակվել են հանձնաժողովների նախագահների տեղակալներ, իսկ 2-ում՝ քարտուղարներ:
Ի դեպ, Ալավերդիում դժգոհում են, թե ինչու են հանձնաժողովներում ներգրավվում Վանաձորից գործուղված եւ ոչ թե Ալավերդիում ապրող մարդիկ: Ալավերդցիները հակված են կարծելու, որ այստեղ որոշակի միտում կա, եւ դա պարարտ հող է առաջիկա ընտրակեղծիքների համար:
Ինչպես եւ սպասվում էր, տեղական իշխանությունների այս ընտրություններում եւս իշխանական կոալիցիայի ջրերը մի առվով չեն գնում, եւ, ըստ մեր աղբյուրների, Ալավերդիում լարված պայքարը դեռ առջեւում է:
Այսպես՝ ՀՀԿ-ն, ի դեմս վարչապետի, պաշտպանելու է բնականաբար իր կուսակցին, ՕԵԿ-ը՝ թեկնածու Ռուբիկ Պապոյանին, որը համարվում է Ալավերդու «Էյ-Թի-Փի» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի թեկնածուն: Դա, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է նրանով, որ պարոն Մեջլումյանն ու ՕԵԿ-ը ներկայացնող նախարար Սերգո Երիցյանը ուսանողական ընկերներ են: Այս ընտրություններում առայժմ հայտնի չէ ՀՅԴ-ի դիրքորոշումը: «Արդարություն» դաշինքը, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նրա ներկայացուցիչները, ըստ այդ կուսակցության ներկայացուցիչների, որեւէ թեկնածուի չեն պաշտպանելու եւ աշխատելու են օրինական ընտրություններ անցկացնելու համար:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա կուսակցությունն արդեն իր հանձնաժողովականներին նշանակել է գրեթե բոլոր տեղամասերում՝ բացառությամբ մեկի: Թե ում է այդ կուսակցությունն աջակցելու այս անգամ՝ դեռ անհայտ է:
Սեփ. լր.