Պնդում
է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող
Շավարշ Քոչարյանը: Քանի որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան
Թորոսյանը եւ պատվիրակության անդամ Գուրգեն Արսենյանը պնդում են, թե ԵԽԽՎ նստաշրջանում
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ընթացքն արտահերթ քննարկելու նախաձեռնությունը
Շավարշ Քոչարյանինն է՝ հետաքրքրվեցինք, թե իրոք նա՞ է կազմակերպել այդ ստորագրահավաքը:
«Նախաձեռնությունը պատկանում է այն 24 պատգամավորներին, որոնք ստորագրել են: Ես չեմ
ստորագրել,- պարզաբանեց պրն Քոչարյանը:- Բայց բնական է, որ սահմանադրական բարեփոխումների
մասին խոսել եմ բազմաթիվ պատգամավորների հետ, որոնք իրոք շահագրգռված են, որ այդ
գործընթացն ընթանա բնականոն հունով»: Գուրգեն Արսենյանը էթիկայի խախտում էր համարել,
որ ստորագրահավաքի մասին իմացել է շատ անակնկալ, մինչդեռ Շավարշ Քոչարյանի հետ նույն՝
լիբերալ-դեմոկրատների խմբի անդամ է: Վերջինս նշեց. «Գուրգեն Արսենյանը երեւի չգիտի
Վեհաժողովի կանոնակարգը. խո՛ւմբը չէ նախաձեռնության հեղինակը: Հարցի արտահերթ քննարկումը
նախաձեռնել են պատգամավորներ, որոնք տարբեր խմբերի ներկայացուցիչներ են: Ի դեպ, ստորագրողների
ընդամենը 1/4-ն է լիբերալ-դեմոկրատների խմբի անդամ: Մնացածը ներկայացնում են այլ
խմբեր»: Իսկ Տիգրան Թորոսյանը նշել էր, թե Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ այդ պատգամավորներին
թյուրիմացության մեջ է գցել եւ «հրահրել» ստորագրել այդ առաջարկի ներքո: «Անկեղծ
ասած՝ չգիտեմ, թե ինչի է նա այդպես վրդովվել,- տարակուսեց պրն Քոչարյանը:- Ի՞նչ է
նշանակում թյուրիմացության մեջ գցել, երբ բոլորի համար ակնհայտ է մի քանի հանգամանք:
Նախ՝ ըստ Հայաստանի ստանձնած պարտավորությունների, սահմանադրական հանրաքվեն պետք
է տեղի ունենար հունիսին: Ակնհայտ է, որ այդ ժամկետը տապալված է, եթե հաշվի առնենք,
որ հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը պետք է հրապարակվի քվեարկության օրվանից
առնվազն 45 օր առաջ: Երկրորդը՝ այն նախագիծը, որ ներկայացրել է կոալիցիան, արժանացել
է Վենետիկի հանձնաժողովի շատ լուրջ քննադատական գնահատականին: Այսինքն՝ որակի առումով
այն չի բավարարում այն չափանիշներին, որոնց պետք է համապատասխաներ: Եվ վերջապես՝
ակնհայտ է, որ ժողովրդի 1/3-ն այդ նախագծին կողմ չի քվեարկի՝ հաշվի առնելով վերաբերմունքն
իշխանությունների հանդեպ: Իսկ եթե Տիգրան Թորոսյանը համարում է, թե ամեն ինչ լավ
է ընթանում՝ ուրեմն, նրանց նպատակն այդ գործընթացը տապալելն է»: ԵԽԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության ղեկավարը քննադատել էր ներկայացված «Սահմանադրական փոփոխությունների
ընթացքը Հայաստանում» բանաձեւի նախագիծը՝ նշելով, թե ձեւակերպումները ծիծաղելի են
եւ անհեթեթ: Նման գնահատականի էր արժանացել առաջարկը՝ կոչ անել իշխանություններին
եւ ընդդիմությանը երկխոսության մեջ մտնել սահմանադրական փոփոխությունների առնչությամբ,
այն փաստարկմամբ, որ նման կոչ արվել է բազմիցս: Իսկ բանաձեւի 2-րդ կետով Վենետիկի
հանձնաժողովին կոչ է արվում շարունակել մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների
գործընթացին, մինչդեռ պատվիրակության ղեկավարը պնդում է, թե մշտապես եղել է այդ մասնակցությունը:
«Տիգրան Թորոսյանը երեւի մոռացել է, որ բանաձեւն ընդունում է Վեհաժողովը: Դեռ նիստ
չի եղել եւ որեւէ փաստաթուղթ չի ընդունվել,- ասաց Շավարշ Քոչարյանը:- Ուղղակի ԵԽԽՎ
այն պատգամավորները, որոնք նախաձեռնել են այս արտահերթ քննարկումը՝ տվել են որոշակի
ձեւակերպումներ, որոնցով իրենց մտահոգությունն են հայտնել, թե ինչու են հրատապ հարց
մտցնում օրակարգ: Եվ այդտեղ, այո՛, նաեւ նշել են երկխոսության անհրաժեշտությունը:
Այն շատ տրամաբանական է, քանի որ բոլորը տեղյակ են, թե դեռեւս հունվարի 19-ին «Արդարությունը»
եւ «Ազգային միաբանությունը» հրապարակավ հայտարարեցին, որ եթե կոալիցիան ընդունի
3 հիմնարար սկզբունք՝ իշխանությունների տարանջատման, անկախ դատարանների եւ տեղական
ինքնակառավարման առնչությամբ՝ ընդդիմադիրները պատրաստ են մասնակցություն ցուցաբերել
սահմանադրական գործընթացին: Բայց ստացանք, ըստ էության, մերժում: Այսինքն՝ կոալիցիան
հակված չէ, որ լուծվեն այդ 3 հիմնարար հարցերը»: Մինչդեռ Գուրգեն Արսենյանը
գնահատել էր, թե այս քննարկմամբ ընդդիմադիրները «հուսահատ ճիգեր են անում, որ նորից
կարողանան հայտնվել Սահմանադրության փոփոխությունների գործընթացում»: ԵԽԽՎ-ում «Արդարություն»
խմբակցության ներկայացուցիչը չհամաձայնեց, թե ընդդիմությունը դուրս է մնացել այդ
գործընթացից. «Ամենեւի՛ն: Նախագիծը, որ ներկայացրել ենք դեռ նախորդ խորհրդարանին,
հրապարակված է: Եվ եթե Գուրգեն Արսենյանի նախագիծն ինչ-որ առումով ավելի լավն է,
քան կոալիցիայինը՝ նաեւ լուրջ դեր է կատարել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ն օգտվել է հրապարակված
նախագծի գաղափարներից եւ նույնիսկ մեջբերել ուղղակի ձեւակերպումներ: Եվ եթե ինքը
հետեւողական լինի այդ հարցում՝ կունենա ավելի լավ նախագիծ»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ